05/10/2024

Նոր մանրամասներ են հայտնի Երևանում գործող գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքից

Սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա փողոցի 37/3 հասցեում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը և ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտ հաշվարկ:

Պարզվել է, որ գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ ներսից լսվել է պայթյուն, ինչի հետևանքով օդի ալիքը կոտրել է պատուհանները, իսկ աշխատակիցներ Նվեր Մկրտչյանը, Ավետիք Գալստյանն ու Անդրանիկ Թորոսյանը, որոնց ծննդյան թվերն ու բնակության հասցեները պարզվում են, ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն է հրավիրվել նշված բենզագազալցակայանի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Թորոսյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Գալստյանն ու Ն. Մկրտչյանը «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»:

Պարզվել է նաև, որ գազալցակայանի շինության տեխնիկական սենյակում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, կոտրվել է սենյակի պատուհանի ապակին և վնասվել տանիքի թիթեղը:

Տեղում աշխատել է նաև փրկարար ծառայության հոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբանը:

Լրացուցիչ ժամանել են Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ: