Նորընտիր Միլլի մեջլիսի առաջին նիստին ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ենթադրել է, որ «Հայաստանը խաղաղություն հաստատելու մտադրություն չունի և փորձում է ժամանակ շահել»:
Ալիևը միաժամանակ ասել է, որ արևմտյան որոշ երկրներ Հայաստանի «տարածքը վերածում են հարևան երկրների համար սպառնալիքի»: Ադրբեջանի նախագահն ամփոփել է, որ «Հայաստանից ցանկացած պահի կարելի է սադրանք սպասել»:
Ալիև խոսույթի կոշտ, միաժամանակ խարդախամիտ ձևակերպումներից հետևում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում էական առաջընթաց չի ակնկալվում: Բացառված չէ, որ Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրության վավերացումը ձախողի կամ առնվազն ձգձգի:
Այս ֆոնին «Հայաքվե»-ն, որը նախաձեռնած ստորագրահավաքը տապալելուց ի վեր իր մասին հիշելու առիթ չէր տվել, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրության վավերացումը համարում է հակասահմանադրական, քանի որ այն հակասում է ոչ միայն սահմանադրությանը, այլև՝ Անկախության Հռչակագրին և հայ ժողովրդի ազգային-պետական շահերին:
Հայ-ադրբեջանական սահմանազատման Կանոնադրությունը չհաստատելու հիմնավորումը գնահատվում է նաև «Արցախի հարցի որևէ կերպ հաղթահարված չլինելը»: Եթե այս ձևակերպումների «գաղտնիքը բացենք» — իսկ դա խիստ անհրաժեշտություն է — ապա «Հայաքվեն» փաստացի ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում չի կարող լինել, քանի որ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի տարածք:
Հայտարարությամբ Սահմանադրական դատարանից պահանջվում է հավատարիմ մնալ Հայաստանի սահմանադրության ոգուն և տառին ու «մերժել նշված կանոնակարգի հաստատումը»: «Հայաքվե»-ն գտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում պետք է իրականացվի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և Լեռնային Ղարաբաղի խնդրի հասցեագրումից հետո:
Սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրության վերաբերյալ ԱԺ ինստիտուցիոնալ ընդդիմությունը դեռևս քաղաքական հրապարակային տեսակետ չի հայտնել: Կարելի է ենթադրել, որ «Հայաքվեի» ռեինկառնացիան «առաջին ծաղիկն է, պտուղները կտեսնենք հետո»: Մանավանդ որ «սրբազան շարժումն» էլ իր հերթին խոստացել է եկող ամսվա սկզբին զանգվածային միջոցառումներ սկսել:
«Հայաքվե»-ն փաստացի հնչեցնում է այն, ինչ Ադրբեջանը վերագրում է Հայաստանին, ինչից ելնելով էլ Իլհամ Ալիևը ենթադրում է, որ Երևանը «ցանկացած պահի կարող է սադրանքի դիմել»: Հանրային ի՞նչ աջակցություն կունենա «Հայաքվեի» հայտարարությունը, ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմությունը կպաշտպանի՞ Սահմանադրական դատարանին ներկա իրականացվող պահանջը:
Հայաստանը նման իրավիճակ ունեցել է, երբ հայ-թուրքական արձանագրությունները ներկայացված էին Սահմանադրական դատարան: «Նախագահ, մի զիջիր» կարգախոսը տարածված էր նաև Սփյուռքում:
Բաքուն սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրությունը վավերեցնելու նպատակ չունի: Այլապես Իլհամ Ալիևի գոնե ակնարկ կլիներ, որ նորընտիր խորհրդարանին է վիճակվել այդ հարցի լուծումը: Բայց ինչո՞ւ հենց Երևանից պիտի հնչի Կանոնադրությունը չհաստատելու պահանջը:
Բաքվի համար որևէ նշանակություն չունի, թե ով և ինչ նպատակով է նման խնդիր ձևակերպում: Կարևոր է, որ այն «հաստատում է Իլհամ Ալիևի ենթադրությունը»: Կասկածել պետք չէ, առաջիկայում ադրբեջանական քարոզչությունը «Հայաքվե»-ն փոխակերպելու է «հայկական ռևանշիզմի ուղտի»:
Բաց մի թողեք
Ալիևի ռազմական գերատեսչությունը վերսկսելու է «հայկական կողմից հրադադարի խախտման» կեղծ քարոզչությունը
Human Rights Watch- ն ահազանգում է. Բաքվում COP 29-ի մասնակիցների անվտանգությունը երաշխավորված չէ
Վրաստանում տեղի ունեցող ընտրությունը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ դա կազդի Եվրոպայի հետ Երևանի հարաբերությունների վրա