«Սրբազան շարժման» հաջորդ հավաքը, ինչպես հայտնի է, նշանակվել է հոկտեմբերի 2-ին։ Հանրահավաքային այդ օրը, նկատենք, տեղի է ունենալու ՀՀ ԶՈՒ նախկին հրամանատարի և սրբազան պայքարի առաջնորդ Վազգեն Գալստանյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու գործով դատական հերթական նիստը։
Սրբազանի «տոնը», փաստորեն, դատարանը որոշել է այս անգամ էլ խանգարել՝ նիստ նշանակելով, կամ էլ սրբազանն է որոշել հանրահավաքի օր նշանակել այն օրը, երբ ծանուցված է որպես դատավարության կողմ ներկայանալ նիստին։
Նկատենք՝ դատավարության կողմերին, մասնավորապես Գալստանյանին, դատարանը ծանուցելէ սեպտեմբերի 3-ին։ Նիստն էլ նշանակվել է ժամը 12-ին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրահավաքը երեկոյան է տեղի ունենալու, Գալստանյանը պետք է որ ժամանակ գտնի ու մասնակցի սպասվելիք նիստին։
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը 2023-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արտյոմ Գևորգի Սմբատյանի (երրորդ անձինք՝ Կադաստրի կոմիտե, պաշտպանության նախարարություն, Վազգեն Գալստանյան, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ)՝ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։
Բանն այն է, որ պաշտպանության նախարարության և Արտյոմ Սմբատյանի միջև 2014-ի հուլիսին կնքվել է առուվաճառքի պայմանագիր, և վերջինիս անվամբ տեղի է ունեցել սեփականության իրավունքի պետական գրանցում։ Արտյոմ Սմբատյանն էլ գույքը հետագայում վաճառել է Վազգեն Գալստանյանին, առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 2017-ի հուլիսին։ Դատախազությունն այժմ, փաստորեն, վիճարկում է այդ գործարքի օրինականությունը, որի արդյունքում Գալստանյանը դարձել է ՊՆ աշխատակցին նախկինում պատկանող գույքի սեփականատերը։
Civic.am-ը հարցում էր ուղարկել ՊՆ՝ մասնավորապես ճշտելու, թե արդյոք Արտյոմ Սմբատյանը առուվաճառքի պայմանագրի կնքման ժամանակ հանդիսացե՞լ է ՀՀ զինված ուժերի ծառայող, արդյոք նա այժմ ծառայո՞ւմ է ՀՀ զինված ուժերում։ Ի պատասխան՝ մեզ հայտնել են, որ 2014-ին, երբ տեղի է ունեցել առուվաճառքի պայմանագրի կնքումը, Արտյոմ Սմբատյանը եղել է զորամասի հրամանատար, իսկ 2017-ին արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր։ 2020-ի հոկտեմբերի 7-ին (44-օրյա պատերազմի օրերին) Սմբատյանը զորակոչվել է զորահավաքային զինվորական ծառայության և 2021 թվականի հունվարի 11-ին արձակվել է պահեստազոր։
Ի դեպ, Արտյոմ Սմբատյանը մտերիմ հարաբերություններ ունի Գալստանյանի հետ, 2016-ին էլ Տավուշի եկեղեցիներից մեկում եղել է Ջրօրհնյաց Սուրբ արարողության Խաչի քավոր։ Սմբատյանը տավուշցի է, 2013-ին էլ Սերժ Սարգսյանի հրամանագրով, որպես թիվ 63853 զորամասի հրամանատար, գնդապետ, պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Պայմանագրի շրջանակներում խնդիրների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար ՊՆ-ն առաջարկել էր դիմել հայցադիմումը ներկայացրած մարմին՝ ՀՀ գլխավոր դատախազություն։
ՀՀ գլխավոր դատախազությունից էլ մեզ հայտնել են, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) իրավունքով ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքում գտնվող անշարժ գույքը առուվաճառքի պայմանագրով օտարվել է ՀՀ քաղաքացի Արտյոմ Սմբատյանին։ Պարզվել է, որ տվյալ գույքը Արտյոմ Սմբատյանին օտարելու վերաբերյալ պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ հողային օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին, ուստի առուվաճառքի պայմանագիրը պետք է անվավեր ճանաչվի։
Հատկանշական է, որ ՊՆ-ի և Սմբատյանի միջև գույքի առուվաճառքի՝ օրենքի խախտմամբ գործարքը կայացել է այն շրջանում, երբ պաշտպանության նախարարը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էր։
Այս՝ վեճի առարկա դարձած գործարքը, ենթադրում ենք, այն պատճառների թվում է, եթե ոչ՝ գլխավոր պատճառը, որը ստիպել է բարձրաստիճան եկեղեցականին դուրս գալ գործող իշխանության դեմ։
Հ. Մ.
Բաց մի թողեք
Համակենտրոնացման ճամբար Կուրսկո՞ւմ․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, բայց փաստեր չի ներկայացնում
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործերից հրաժարվելու հարց ՀՀ օրակարգում առկա չէ․ Նաիրա Զոհրաբյանը սխալ տեղեկություն է տարածել
Ադրբեջանը թեպետ մեղադրում է Հայաստանին զինվելու համար, բայց գերակա է համարում իր երկրի ռազմական ծախսերի աճը