21/12/2024

Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա, պետք է ներպետական ընթացակարգերն ավարտել. փոխվարչապետ

Ռուսաստանի հետ հարաբերություններում կան խնդիրներ, պետք է ջանքեր գործադրել դրանք լուծելու համար։ Այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է հավասարակշռենք և փորձենք վերացնել բոլոր խութերը: Բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնց բացատրությունները մինչև վերջ տրված չեն: Կարծում եմ՝ մենք պետք է փորձենք հասկանալ բացատրությունները և ճիշտ որոշումներ կայացնել»,- նկատեց նա:

Փոխվարչապետի խոսքով՝ աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում՝ առավել ևս. «Կարծում եմ՝ պետք է փորձել բացատրությունները հասկանալ ու ճիշտ որոշումներ կայացնել»:

Տավուշում սահմանազատման հարցը բավական քննարկված է, այդ թվում՝ հանրայնորեն, գործընթացն ամբողջությամբ հրապարակային է՝ թե՛ իրավական մասը, թե՛ փաստացի կատարումը. «Եթե դուք ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը և ստորագրված կանոնակարգը, կզգաք, որ որևէ հակասություն չկա գործընթացում: Սահմանազատման գործընթացի իրականացման շուրջ պայմանավորվածությունների հիմնական նպատակն այն է, որ բոլոր նմանատիպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան: Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա: Դեռ պետք է ներպետական ընթացակարգերը ավարտենք կանոնակարգի հետ կապված»:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին քննել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը և հեռացել խորհրդակցական սենյակ։

Սեպտեմբերի 26-ին ՍԴ-ն հրապարակել է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետու­թյան և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժո­ղովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հա­մատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավո­րությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը: