15/10/2024

Գրիգոր Մինասյանը գնաց՝ խախտելով ՔՊ-ի անդորրը

Գրիգոր Մինասյանի հրաժարականի դիմումը երեկ հակասական տրամադրություններ էր առաջացրել ԱԺ ՔՊ խմբակցությունում։ Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք նախաձեռնողներն ու դրան միացողները՝ ընդհանուր թվով՝ 27 պատգամավոր, ուղղակի ցնծության մեջ էին։

Հրապարակ թերթը գրել է․ Տարբեր տեղերից, բախտի բերմամբ, փողոցից Նիկոլ Փաշինյանի կողքին հայտնված եւ միայն 18-ի իշխանափոխության շնորհիվ պատգամավորի կարգավիճակին հասած մարդիկ կարողանում են նախարար փոխել` իհարկե, ցնծալու պատճառ է:

Անդրանիկ Քոչարյանը, նիստերի դահլիճում կարդալով նախարարի ֆեյսբուքյան գրառումը` հրաժարականի մասին, չդիմացավ, տեղից ելավ, մոտեցավ գործընկերներին եւ շնորհավորեց, ենթադրվում է՝ տարած հաղթանակի համար։ Իսկ մյուսները, կարելի է ասել, շոկի մեջ էին` չէին սպասում, որ իրադարձություններն այդ հունով կզարգանան։ Բանն այն է, որ նախանցած շաբաթ՝ ՔՊ-ի կուսակցական հավաքի ժամանակ, երբ Արփի Դավոյան-Արմեն Խաչատրյան զույգը գրոհել էր Գրիգոր Մինասյանի վրա, Նիկոլ Փաշինյանը հանդարտեցրել էր կուսակիցներին, ասել, որ ստորագրահավաք նախաձեռնեն, միեւնույն ժամանակ ակնարկել, որ օդում նախարար չեն կարող հեռացնել, պետք է հիմնավոր փաստարկներ ներկայացնել։ Փաշինյանի պահվածքը ՔՊ-ական մեծամասնության մոտ կասկածներ էր առաջացրել, որ չի հանի իր նշանակած նախարարին, մանավանդ, որ երկուսուկես տարի է՝ պաշտոնավարում է, եւ նախկինների հետ կապի մասին այսօր խոսելն առնվազն աբսուրդ է։

ՔՊ-ում երեկ ողջ օրը դնում-վերցնում, բուռն քննարկում էին Մինասյանի հրաժարականի հարցը։ Թերեւս` սա ավելի լուրջ քննարկման էր արժանացել, քան Տավուշից տարածքների հանձնումը, Անկախության հռչակագրից հրաժարվելը կամ Ալիեւի պահանջով Սահմանադրությունը փոխելը: Ստորագրահավաքը նախաձեռնող թիմից մեզ ասացին, որ Փաշինյանը, իսկապես, սկզբում լուրջ չի ընդունել կուսակիցների պահանջը, դրա համար էլ ստորագրահավաքի ընթացքում խմբակցության պատգամավորներից շատերը չեն ցանկացել վատամարդ դուրս գալ նախարարի հարցում, հատկապես, որ շատերը նրան ինչ-ինչ հարցերով դիմել են ու գոհ մնացել, ուստի այդ ընթացքում ընդհատակ են անցել, անհետացել ռադարներից, որ ստորագրահավաք նախաձեռնողները չկարողանան կապ հաստատել իրենց հետ, եւ իրենք ստիպված չլինեն բարդ ընտրություն կատարել։ Ամեն ինչ լրջացել է, երբ 27 ստորագրությունների ձեւաթղթի հետ վարչապետի սեղանին է դրվել նաեւ Գրիգոր Մինասյանի դեմ կոմպրոմատների հաստ տրցակ՝ նրա գործունեության ոլորտում իրականացրած հովանավորչության, ինչ-ինչ կապերի, Բեռլինում տուն ձեռք բերելու եւ այլնի վերաբերյալ։ Ի դեպ, փաստերի հավաքագրմամբ անձամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ, Փաշինյանի «լյուբիմչիկ» Անդրանիկ Սիմոնյանն է զբաղվել, որն ԱԱԾ տնօրեն դառնալու հավակնություններ ունի եւ փորձում է ծառայություններ մատուցել, աչքի ընկնել, ցույց տալ, որն ինքն ավելի սրտացավ է հեղափոխական արժեքները պահպանելու հարցում, քան Արմեն Աբազյանը։
Ի դեպ, ասում են, որ այդ կապոցը նաեւ նախարարին են տրամադրել, որը մինչեւ վերջ դիմադրել է` հրաժարվել է ինքնակամ հրաժարականի դիմում գրել: Այն, որ նա հեռանալու մտադրություն չուներ, վկայում է նաեւ նրա տեղակալ Սիրվարդ Գրիգորյանի հրաժարականի առիթով Մինասյանի` ընդամենը օրեր առաջ արած գրառումը, որտեղ նա ՔՊ-ականների պահվածքը որակել էր որպես «խարդավանքներ», «մանրախնդիր հարձակումներ» ու հորդորել էր, որ այդ ամենի համար իր տեղակալը հրաժարական չտա։

Գրիգոր Մինասյանի դեմ չստորագրածների համար առնվազն տարօրինակ էր, որ ընդամենը 27 պատգամավորի ստորագրությամբ նախարար է փոխվում, պոստֆակտում՝ նրանք կարծում են, որ ստորագրահավաքն ընդամենը ֆորմալ առիթ էր՝ Մինասյանից ազատվելու համար, որը նախաձեռնվել է անձամբ Փաշինյանի կողմից, որպեսզի ցույց տա, թե ինչ ներքին ժողովրդավարություն կա իշխանական թիմում, եւ որ ուսապարկերն իրականում այնքան էլ ուսապարկ չեն ու կարող են անգամ վիճարկել իր որոշումները։

Ի դեպ, հրաժարականի լուրը լսելուն պես նախաձեռնողները՝ Լուլուն եւ Արփի Դավոյանը, նիստերի դահլիճից դուրս նետվեցին եւ լրագրողներին ոգեւորված հարցազրույցներ էին տալիս, թե ինչու պիտի Գրիգոր Մինասյանը հեռանա։ Լուլուն պարզել է, որ երկրում արդարադատությունը կաղում է, իսկ Արփի Դավոյանն էլ կողմ է, որ բարձր պաշտոնների նշանակվեն միայն «յուրայինները»` ՔՊ թիմից։

ՀԳ․ Ի դեպ, չստորագրողների թվում էր նաեւ ՔՊ-ի խորհրդարանական վերնախավը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, որը երեկ մեր հարցին ի պատասխան խոստովանեց, որ չի ստորագրել, սակայն չպատճառաբանեց, թե ինչու։