ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ:
Պարզվել է, որը ՍՊ ընկերության հայաստանյան առանձնացված մասնաճյուղը ստեղծվել է 2017թ․ ապրիլին՝ ԵՏՄ անդամ երկրների հետ արտաքին տնտեսական գործունեություն (ներմուծում և արտահանում) կազմակերպելու նպատակով, սակայն կազմակերպությունը ՀՀ տարածքում հիմնականում զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ընկերության տնօրենի և հաշվապահական հաշվառումն իրականացրած անձանց բնակության հասցեներում խուզարկություններ են կատարվել, որոնց արդյունքում առգրավվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և էլեկտրոնային սարքավորումներ, որոնք ենթարկվել են թվային խուզարկության և զննության։
Նշանակվել է համալիր հարկային ստուգում, որի ընթացքում տնտեսվարողի կողմից տրամադրվել են ելակետային տվյալներ՝ ընկերության կատարած ծախսերի, ունեցած շրջանառության և ստացված եկամուտների վերաբերյալ, որոնք ՀՀ ՊԵԿ ստուգումն իրականացնող անձանց կողմից համադրվել են նույնաբնույթ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների հետ:
Արդյունքում կազմվել է ստուգման ակտ, համաձայն որի՝ ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի լրացուցիչ հարկային պարտավորությունը կազմել է 174 979 917 ՀՀ դրամ՝ ներառյալ շահութահարկը և տույժ-տուգանքները։
Բացի այդ, 2024 թվականի հունվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բացի վերոհիշյալ ՍՊ ընկերությունից, որը զբաղվել է արտադրված կաթնամթերքն իրացնելով, գործում է նաև այլ անվամբ, սակայն նույն իրավաբանական անձին պատկանող մեկ այլ ընկերություն, որը զբաղվում է վերոհիշյալ ընկերության կողմից արտադրվող կաթնամթերքի արտահանմամբ:
Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ երկու ՍՊ ընկերությունների հիմնադիր և սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձը ստեղծել է վերոհիշյալ ընկերությունները՝ նպատակ ունենալով խուսափել պետությանը հարկ վճարելուց: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին։ Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել ընկերության հասցեներում, որոնց ընթացքում առգրավվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և էլեկտրոնային սարքավորումներ, որոնք ենթարկվել են թվային խուզարկության և զննության։
Իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ 2023թ․ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար ընկերության ԱԱՀ-ի հարկման բազան, վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը, իսկ իրացնող ընկերության կողմից ներկայացված 2023թ․ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներում առանց հիմքերի հաշվանցվել են ԱԱՀ-ի գումարներ: Կատարված հաշվարկներով պարզվել է, որ այս մասով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 183.024.329,6 ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 215 000 000ՀՀ դրամը։ Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտե






Բաց մի թողեք
Գործ ունենք բացահայտ ստի ու փաստերի կեղծման հետ
Ինչու ինքնաթիռները չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Հայ գործարարների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին․ Ով դու, առաջնորդներից մեծագույնը, առաջնորդների առաջնորդը, խաղաղության խաչասերում ․․․