Լրագրողներն Ազգային ժողովում փոխարտգործնախարար Կոստանյանին հարցրել են հայ-ադրբեջանական պայմանագրում «փախստականների վերադարձին» վերաբերող «հոդվածի առկայության» մասին: Կոստանյանը հակիրճ պատասխանել է, որ պայմանագրի նախագծում նման դրույթ ներառնված չէ:
Թվում է՝ արտառոց ոչինչ չկա, լրագրողներն ընդդիմադիր պատգամավորներից տեղեկացել են, որ «պայմանագրում նման հոդված կա» և, կատարելով մասնագիտական պարտքը, դիմել են գործադիր իշխանության ներկայացուցչին, նա էլ տեղեկատվությունը հերքել է:
Իրականում ընդդիմությունը և մամուլը փոխարտգործնախարար Կոստանյանին սադրել է, ենթարկել փորձության, որ նա, մեղմ ասած, այնքան էլ հաջող չի հաղթահարել: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստան-Ադրբեջան «բանավեճն» այնքան արմատական, խորը և բազմաշերտ ու բազմանկյուն է, որ մի պայմանագրով բոլոր կնճռոտ հարցերն անհնար է հասցեագրել:
Պայմանագրի նախագծում «փախստականներին վերաբերող դրույթ ներառնված չէ»՝ չի նշանակում, թե այդ հարցը քննության առարկա չէ կամ վաղը չի լինելու, կամ չի կարող լինել, ուստի այդ թեմայով ցանկացած արտահայտություն ի սկզբանե պետք է լինի կոնցեպտուալ:
Անհասկանալի է, թե կառավարությունն ինչո՞ւ է հետևողականորեն խուսափում Բաքվի նարատիվներին դիվանագիտական հստակ հակադարձումներից: Այս դեպքում, մասնավորապես, փոխարտգործնախարար Կոստանյանի խոսքից կարելի է ենթադրել, որ «փախստականների վերադարձի» թեմա, այնուամենայնիվ, հայ-ադրբեջանական բանակցություններում ներառնված է:
Կառավարությունը, ինչ խոսք, Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում «սայրի վրա քայլի» ռեժիմում՝ մշտապես ենթարկվելով նաև ռուսական կողմից հանիրավի վերագրումների և, ըստ ամենայնի, բախվելով արևմտյան գործընկերների ոչ այնքան տանելի ընկալունակությանը:
Բայց դրանից չի հետևում, թե չափազանց սկզբունքային հարցում կարելի է համադրելիության և փոխադարձության սկզբունքի կիրառումը թողնել հետկոնֆլիկտային քննարկումների փուլին: Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, եթե գործընթացը մեկնարկի, տևելու է տասնամյակներ:
Իլհամ Ալիևը մի ինչ-որ ժամանակ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին խոսել է վերջերս հրապարակային քաղաքական ասպարեզ մտած և իշխանության իրավահաջորդ հանդիսացող որդու՝ կրտսեր Հեյդար Ալիևի ներկայությամբ: Դա քաղաքական պատգամ է: Ադրբեջանում, վստահաբար կարելի է ասել, մինչև 2060-ական թվականներն իշխելու է դինաստիան:
Հայաստանում իշխանափոխությունն օրինաչափություն է, բայց պետք է հաշվի առնել, որ ինչ ուժ էլ խորհրդարանական ընտրություններում հաղթի, գործ է ունենալու Ալիևի, ալիևյան Ադրբեջանի հետ, ուստի «մեծ վերադարձի» նրա նարատիվն արդեն այսօր պետք է հականարատիվ ունենա, հրապարակային-պետական կոնցեպցիա:
Պարտադիր չէ, որ այն հնչեցվի պատեհ-անպատեհ առիթով կամ հնչի որպես պոետական ակրոստիքոս: Էականը հայեցակարգի հաջորդայնության ապահովումն է: Այս իմաստով ընդդիմության սադրած հարցին փոխարտգործնախարար Կոստանյանի պատասխանը հետագա հստակեցման տեղ, այնուամենայնիվ, թողնում է:
Հայաստանի առողջ քաղաքական ուժերը, վերլուծաբանա-քաղաքագիտական միտքը, ՀԿ-ները, սոցիալական մեդիան պետք է իրենց իրավասության սահմաններում յուրովի «բռնեն կառավարության վախը»: Պատերազմի ֆրուստրացիան հաղթահարելու համար կառավարությունն իր հերթին պարտավոր է ապահովել ավելի լայն, տարողունակ և բովանդակային դիսկուրս: Միայն այդ ձևով է հնարավոր հակազդել ալիևյան մանտրային:
Բաց մի թողեք
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար
Բայդենի բռունցքի վերջին ուժը Ռուսաստանի վրա՝ Թրամփին իշխանությունը փոխանցելուց առաջ
Թբիլիսիում ի՞նչ է ծրագրվում, հեղաշրջում կլինի՞