Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա պետք է դատապարտի ադրբեջանցիների դեմ իրականացրած վայրագությունները և պատժի մեղավորներին:
Այս խոսքերի հեղինակը ադրբեջանցի որևէ այսպես կոչված իրավապաշտպան կամ քաղաքագետ չէ, այլ Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը ելույթ է ունեցել անհայտ կորածների թեմայով ֆորումի ժամանակ:
Ալիևը հայտարարել է, թե իրենք հիմա Բաքվում պատասխանատվության են ենթարկում «որոշ մեղավորների»՝ նկատի ունենալով Արցախի պատանդառված ղեկավարներին, բայց Հայաստանում էլ կան «մեղավորներ»՝ ըստ Ալիևի, որոնց նա պահանջում է ոչ թե «հերոսացնել», այլ՝ պատժել:
Այդպիսով, Ադրբեջանի նախագահի շուրթերից, ըստ էության, հնչում է Հայաստանին հասցեագրված նոր պահանջ՝ պատժել մարդկանց, որոնք դեր են ունեցել Արցախի առաջին պատերազմի հաղթական արդյունքի հարցում:
Հնարավոր է ասել, որ սա այսպես ասած ներքին սպառման հայտարարություն է, բայց դա կլինի հերթական ինքնախաբեությունը հայ հանրության համար: Դա ներքին սպառման հայտարարություն չէ, դա Հայաստանի այսպես ասած զինաթափման այն քաղաքականության բաղադրիչ է, որի մասին ՄԱԿ-ում հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Իսկ Ալիևն ըստ էության հայտարարում է, որ Հայաստանը պետք է անի դա՝ եթե ուզում է խաղաղություն:
Բանն այն է, որ երկրի պաշտպանական համակարգը լոկ զինվորներն ու սպառազինությունը, ինժեներական կառույցներն ու տարբեր ստորաբաժանումները չեն, այլ նաև բանակի գաղափարական ապահովումը: Ըստ էության՝ Ադրբեջանը դնում է պահանջ՝ գաղափարազրկել Հայաստանի զինված ուժերը, բարոյալքել զինված ուժերը՝ «պատժելով» մարդկանց, որոնք, ըստ էության, այդ զինված ուժերում ունեն հերոսական ընկալում և համարում: Իհարկե, նրանց մի զգալի մասը մեղմ ասած վերածվեց քաղաքացիական-քաղաքական կյանքի «հակահերոսի», բայց դա արդեն Հայաստանի ներհասարակական խնդիրն ու հարցն է, որի հետ Ադրբեջանը չի կարող ունենալ որևէ կապ:
Եվ, ի վերջո, այդ մարդիկ՝ Հայաստանի զինուժի, Հայաստանի նորագույն պատմության նշանակալի դերակատարները, որոնք մեծ ավանդ են ունեցել ղարաբաղյան առաջին պարտերազմի հաղթանակի գործում, չեն կատարել ռազմական հանցագործություն, չեն իրականացրել էթնիկ հանգամանքով պայմանավորված որևէ գործողություն, այլ ընդամենը զինվորագրվել են իրենց հայրենիքին պարտադրված պատերազմից պաշտպանվելու գործին, իրենց տները, ծննդավայրը, հարազատներին պաշտպանելու գործին՝ իրականացնելով ինքնապաշտպանության թե մարդկային, թե միջազգային պարզ իրավունքը:
Ի տարբերություն Ադրբեջանի, որը թե արցախյան առաջին պատերազմում, թե ապրիլյան քառօրյայի, թե 44-օրյա պատերազմի և թե 2023 թվականի սեպտեմբերի երկօրյա պատերազմի ընթացքում իրականացրել է ակնհայտ ռազմական հանցագործություններ խաղաղ բնակչության դեմ, գերիների դեմ, պայմանավորված գերազանցապես էթնիկ հանգամանքով:
Պաշտոնական Երևանը, սակայն, «խաղաղության օրակարգի» ներքո լռում է այդ մասին, ինչից Ալիևը ոչ միայն չի «զսպվում», այլ ըստ էության «բացվում» է զսպանակի նման՝ Հայաստանի ներկայացնելով մեկը մյուսից հանդուգն, ցինիկ, հանիրավի մեղադրանքներ ու պահանջներ:
Բաց մի թողեք
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Կառավարող թիմի «ճաքերից» ոգևորված ընդդիմադիր ճամբարում ի՞նչ իրավիճակ է՝ ճաքա՞ծ, թե՞ ճաքճքած, փլվա՞ծ…