22/11/2024

Նախկին նախագահների ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը. Աջապահյանը խոսել է շարժման անհաջողության մասին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գոհ չէ Հանրայինի ուղիղ եթերում Բագրատ Սրբազանի ուղերձից:

«Որ ասեմ գոհ եմ՝ սուտ ասած կլինեմ, այնտեղ իր ելույթի մեջ զգացվում էր հուզականություն և մի քիչ սթափության պակաս, ցավոք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է նա:

Հարցին՝ կես ճանապարհից հետ կանգնել հնարավոր չէ՞, եթե տեսնում են, որ չի հաջողվում, Միքայել սրբազանը պատասխանել է. «Ես կարծում եմ, այո, պետք է ինչ-որ բան փոխել, բայց պետք է Բագրատ սրբազանը դրան անդրադառնա: Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար»:

Նա շեշտել է, որ և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից. «Սթափ բանականությունն ու հաշվարկը դա է պահանջում: Եթե իրենք դա չգիտեն, նշանակում է՝ ոչ մի բան էլ չեն հասկանում: Ե՛վ երկրորդ նախագահը, և՛ իր որդին պետք է հայտարարեն և փաստացի հեռանան: Նույնը վերաբերում է երրորդ նախագահին, նա պետք է բաց թողնի այդ ՀՀԿ-ին: Ինչպես պատահական մտավ, այդպես պատահական էլ պետք է դուրս գա: Այլապես ոչինչ հնարավոր չէ»:

Ըստ Շիրակի թեմի առաջնորդի՝ վերջիններիս սխալների պատճառով ժողովրդի ճնշող մեծամասնությունը նրանց անունը լսել չի ուզում:

«Պետք է դա հասկանան, իսկ իրենք անում են հակառակը, փորձում են Բագրատ սրբազանի մոտ ստեղծել այն տպավորությունը, որ «առանց մեզ ոչինչ էլ չես կարող անել, ռեսուրսներին մենք ենք տիրապետում»»:

Միքայել սրբազանը համոզմունք է հայտնել, որ եթե նախկին նախագահները քաղաքական ասպարեզից հեռանան, պայքարը անպայման կհաջողվի. «Զարմանալի է, որ մեր սիրելի Բագրատ սրբազանը դրա ընկալումը չունի»: