Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին կոչ է արել Վրաստանում խորհրդարանի ընտրության օրը՝ հոկտեմբերի 26-ին, խուսափել մարդաշատ վայրերից, քանի որ կարող են լինել ինքնաբուխ ակցիաներ:
Եվրամիությունը հայտարարել է, որ դադարեցնում է Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ շփումները: Վրաստանում խորհրդարանի ընտրությանն ընդառաջ սրվում է պայքարը ոչ միայն ներքաղաքական, այլ նաև աշխարհաքաղաքական համատեքստում:
Հոկտեմբերի 26-ին կայանալիք այդ ընտրության աշխարհաքաղաքական ասպեկտի մասին խոսվել և խոսվում է շատ: Բավականին քիչ է խոսվում Հայաստանի համար էական նշանակության մեկ այլ հանգամանքի մասին, որի ռիսկը, համենայն դեպս կարող է աճել Վրաստանում պայքարի լարվածության աճին զուգահեռ:
Վրաստանում հնարավոր անկայունությունը Հայաստանի համար կարող է առաջացնել մատակարարումների խնդիր: Վրաստանը Հայաստան արտաքին ներկրումների և արտահանումների հիմնական ճանապարհն է, հետևաբար այդ երկրում որևէ ապակայունացում Հայաստանի համար կարող է ստեղծել էական ռիսկեր:
Ընդ որում՝ առանցքային հարց է այն, որ Հայաստանը մեծ հաշվով չունի Վրաստանի կայունության ապահովման հարցում որևէ էական լծակ, եթե այնտեղ աշխարհաքաղաքական դիմակայությունը ծավալվի ընդհուպ այդ տրամաբանությամբ: Հետևաբար, Հայաստանը պետք է պարզապես իր համար ապահովի այսպես ասած այլընտրանքային տարբերակներ: Եվ այստեղ թերևս գործնականում այդպիսի «անայլընտրանք» տարբերակն Իրանն է:
Այդ առնչությամբ, հիշարժան է Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարը, անցնող շաբաթ այցելելով Հայաստան, հայտարարել էր, որ Հայաստանն արդեն մուտք է ստացել իրանական Չաբահար նավահանգիստ: Իրանը Հնդկաստանի հետ պայմանագիր է կնքել նավահանգստի արդիականացման և շահագործման վերաբերյալ:
Հայաստանի համար, թերևս, շատ կարևւոր է առաջիկա ամսի ընթացքում մշակել անհրաժեշտ լոգիստիկան, Վրաստանում հնարավոր անկայունության պարագայում Հայաստանի մատակարարումների հարցում կայունությունն ապահովելու համար:
Ինչ խոսք, ավելորդ է ասել, որ Վրաստանի կայունությունը Հայաստանի համար չափազանց կարևոր հանգամանք է և թերևս Հայաստանը հենց Վրաստանից հետո երկրորդ երկիրն է, որ կենսականորեն շահագրգռված է հարևան և ռազմավարական գործընկեր երկրում իրավիճակի կայունությամբ:
Սակայն, Հայաստանը նաև պետք է պատրաստ լինի անցանկալի սցենարներին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետական և հանրային կենսագործունեության բնականոնությունն ապահովելուն:
Բաց մի թողեք
Ռուսաստանը պարտվում է, այժմ տարածաշրջանի տերն ու տիրականը Թուրքիան է. The Telegraph
Մակրոնի խորհրդավոր զանգը Իվանիշվիլիին
Թեհրանը բացահայտ հասկացնում է Իսրայելին, որ «վառոդամանը չի դատարկվել»