Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից հեռացնելն իշխող ուժի վրա կարող է ծանր նստել։ Նոր նախարարի թեկնածուի փնտրտուքը խաղաղ, հանգիստ մթնոլորտում չի անցնում, ասում են՝ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել:
Հրապարակ թերթը գրել է․ Որքան էլ իշխանականները վստահեցնեն, որ այդպես չէ, սակայն մեր աղբյուրները տեղեկացնում են, որ արդեն իսկ բարիկադների են բաժանվել, մի կողմում Ալեն Սիմոնյան-Հրաչյա Հակոբյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմն է` իր թեկնածու Սիսակ Գաբրիելյանով եւ աջակիցներով, մյուս կողմում՝ Անդրանիկ Քոչարյան-Արփի Դավոյան զույգը եւ ՔՊ-ի` իրենց գաղափարական թեւ հռչակածները, որոնք անհանդուրժողականությամբ են լցված հեղափոխությունից հետո մինի օլիգարխներ դարձած խմբի նկատմամբ` ԱԺ նախագահի գլխավորությամբ։
Բանն այն է, որ վարչությունը, ըստ ամենայնի, ընտրություն է կատարելու երեք թեկնածուի միջեւ, սակայն հիմնական մրցակցությունն այս երկուսի միջեւ է։ Մենք գրել էինք, որ նախարարի հրաժարականի հաջորդ օրը ՔՊ-ն նիստ է արել եւ նախարարի թեկնածություններ քննարկել: Վլադիմիր Վարդանյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը բացարկ են հայտնել, Արուսյակ Ջուլհակյանը չեմուչում է արել, բայց փորձում են նրան համոզել։ Այդ օրը, սակայն, Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը չի առաջադրվել, պայմանավորվել են, որ հաջորդ նիստին կշարունակեն հարցի քննարկումը եւ քվեարկությունը, քանի որ հնարավոր է այդ ընթացքում նոր թեկնածություններ էլ ի հայտ գան։ Եվ… «եկել են»․ Հրաչյա Հակոբյանն է լոբբինգ անում Սիսակ Գաբրիելյանի համար։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ վարչության նախորդ նիստում անձամբ էր առաջադրել Արփի Դավոյանի թեկնածությունը` հավանաբար, փորձելով զավեշտի վերածել այդ գործընթացը, նախօրեին Դավոյանին հարկ է համարել տեղեկացնել, որ ինքը վարչության առաջիկա նիստին առաջադրելու եւ պաշտպանելու է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը, քանի որ Սիսակն իր ընկերն է։ Մինչ Սիսակի հայտնությունը Դավոյանը, որքան էլ զարմանալի է, վարչության մեծամասնության աջակցությունն ուներ, մինչդեռ այժմ ասում են՝ իրավիճակ է փոխվում։
Նախնական հաշվարկով՝ ՔՊ 15 հոգանոց վարչության անդամների մեծամասնությունը՝ առնվազն 7 անդամ, Սիսակ Գաբրիելյանի օգտին է քվեարկելու` Ալեն Սիմոնյան, Արմեն Փամբուխչյան, որը Սիսակ Գաբրիելյանի բաջանաղն է, Վաղարշակ Հակոբյան, որը ջերմ հարաբերություններ ունի Խաչատուր Սուքիասյանի հետ, Ռոմանոս Պետրոսյան, որը Սասուն Միքայելյանի ախոյանն է եւ առաջնորդվելու է «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով․ գաղտնիք չէ, որ Միքայելյանի ու Սուքիասյանի միջեւ դեռեւս 2021 թվականին է սեւ կատու անցել։
Տիգրան Ավինյանն էլ Հրաչյա Հակոբյանի մտերիմն է։ Ամենայն հավանականությամբ, այս թիմում կլինեն նաեւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը։ Եվ եթե անգամ մեկը մյուսին բարեկամ էլ չլինի, բոլորը հասկանում են Արփի Դավոյանի թեկնածության անհեթեթությունը: Մանավանդ այն հանգամանքը, որ Գրիգոր Մինասյանին հեռացնելու նախաձեռնողը նա էր, կստացվի հանեց, որ ինքը տեղը գրավի:
Մեր աղբյուրներն ասում են, որ ամեն ինչ կանեն, որ Արուսյակ Ջուլհակյանն էլ չհրաժարվի, քանի որ եթե նրա թեկնածությունն առաջադրեն, ապա Արփի Դավոյանի շանսերն էլ ավելի են նվազելու. նա Դավոյանից է ձայներ փախցնելու։ Ի դեպ, Արուսյակի թեկնածությունը նախորդ նիստում Վահագն Ալեքսանյանն է առաջադրել։ Եվ եթե Ջուլհակյանը 1 ձայն էլ փախցնի, դա կարող է վճռորոշ դեր խաղալ։
Ուստի ՔՊ վարչության հաջորդ նիստն աննախադեպ թեժ է լինելու: Պատմում են, որ այս օրերին Արփի Դավոյանը «փաստահավաք» աշխատանք է իրականացնում եւ ոչ հաճելի կոմպրոմատներ է հավաքել Սիսակ Գաբրիելյանի դեմ ու պատրաստվում է վարչության նիստում բարձրաձայնել, թե ինչպես է նա զբաղվել որոշ օլիգարխիկ շրջանակների շահերի պաշտպանությամբ եւ փորձել տարատեսակ օրենսդրական նախաձեռնություններ սղղացնել, բայց կուսակցությունում կանխել են։
Արփի Դավոյանն ու նրա աջակիցները կարծում են, որ Դավոյանը Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ մի շարք առավելություններ ունի` թիմի հնաբնակներից է, վարչության միակ կին ներկայացուցիչն է, ինչպես նաեւ՝ անմնացորդ ծառայում է Փաշինյանին։ Ի դեպ, թե՛ Դավոյանը, թե՛ Սիսակ Գաբրիելյանը իրավաբանի դիպլոմ ստացել են իշխանափոխությունից հետո. Սիսակը՝ 2021-ին, իսկ Արփին մոտ օրերս կստանա։
Բաց մի թողեք
Զզվում են, թե՝ վախենում
Գյումրեցիները գուցե նախընտրեցին ինձ տեսնել ԱԺ պատգամավորի կարգավիճակում․ Ինքնամխիթարանք
ՔՊ-ից ոչ մեկը չանցավ, թող գնան դա վերլուծեն