21/12/2024

Կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա. նրան տեղափոխել են հիվանդանոց

Հոկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարզվել է, որ «ԻՋ ԳՐԱՆՏ ՏԵՔՍՏԻԼՕՊՏ» ՍՊԸ կարի ֆաբրիկայի բեռնատար վերելակը պոկվել է ճոպանից և ընկել, ինչից աշխատակից, ՌԴ քաղաքացի 42-ամյա Գրանտ Աֆանասևի ոտքը մնացել է վերելակի և պատի արանքում:Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ տուժածի ոտքը տեղի ուժերով դուրս է բերվել:

Հրշեջ-փրկարարների և Իջևանի բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից անշարժացվել է տուժածի ոտքը, որից հետո նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տեղափոխել «Իջևան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա ստացել է ոտքի բաց վնասվածք։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար: Տուժածը նշված ֆաբրիկայի տնօրենն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերելակը ինքնաշեն է։