22/11/2024

«Արթկոսմեդ»-ում ինչպես ու ինչու է մահացել պլաստիկ վիրահատվող պացիենտը

Հոկտեմբերի 8-ին, հերթական մահվան դեպքը գրանցվեց «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում։

56 տարեկան մի կին, նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանագրվել է սրտի կանգ: Նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, բայց կյանքը փրկել չի հաջողվել։

Պարզվում է, 56-ամյա կինը կենտրոնում մի շարք պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել, վիրահատության ժամանակ պացիենտի մոտ սրտի կանգ է առաջացել, և վերքերը նորմալ չփակած՝ կնոջը տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Սրտի վնասման օջախն այնքան մեծ է եղել, որ հնարավոր չի եղել անգամ այդ պահին սրտի ստենտավորում իրականացնել, և «Աստղիկի» բժիշկները փորձել են նախ կայունացնել վիճակը, սակայն չի հաջողվել, քանի որ բանը բանից արդեն անցած է եղել։

Այդ տեսակ պլաստիկ վիրահատությունների ժամանակ, որոնց ենթարկվել է կինը, պացինետը մեծ քանակությամբ արյուն է կորցնում, և բժշկական կենտրոնը պետք է պատշաճ վերակենդանացման բաժանմունք ունենա, որ հավանական խնդիրների դեպքում անմիջապես կարողանա կայունացնել պացիենտի վիճակը։ «Արթկոսմեդը», ըստ էության, չի ունեցել այդպիսի բաժանմունք և պացիենտին ծայրահեղ ծանր վիճակում մի կերպ հասցրել է «Աստղիկ», բայց արդեն ուշացած։

Սրանից մեկ տարի առաջ էլ այս նույն կենտրոնում նույն կարգի վիրահատության ժամանակ 31 տարեկան մի կին էր մահացել, որից հետո որևէ մեկը՝ ոչ վիրահատող բժիշկը, ոչ տվյալ բուժհաստատության տնօրեն Արթուր Սարգսյանը, ոչ կենտրոնը՝ ինքնին, որևէ պատասխանատվության չեն ենթարկվել, հատկապես, որ նոր ընդունված Քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև կազմակերպությունների համար, սակայն մինչ օրս այս կլինիկայի գործունեությունը չի կասեցվել։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն մինչ օրս սպասում են փորձագիտական կենտրոնի եզրակացությանը, որ հասկանան՝ տվյալ մահվան դեպքը իսկապե՞ս տեղի է ունեցել բժշկական սխալի հետևանքով, թե՞ ոչ։ Եզրակացությունը ստանալուց հետո նոր կորոշեն՝ կասեցնե՞ն տվյալ կլինիկայի գործունեությունը և որևէ մեկին կանչե՞ն պատասխանատվության, թե՞ ոչ։

Իսկ մինչ իրավապահ մարմինները մեկ տարի է՝ ամիսներով սպասում են ինչ-որ եզրակացության, «Արթկոսմեդ» կլինիկայի տնօրենը ակտիվորեն գովազդում է իր կլինիկան տարբեր սերիալներում, հաղորդումներով, գովազդային պաստառների վրա և մարդկանց կանչում իրենց մոտ՝ պլաստիկ վիրահատության, որը հղի է կյանքին սպառնացող լուրջ վտանգներով։

Ավելին, այս օրերին, ինչ համացանցում հայտնվել է 56-ամյա կնոջ մահվան լուրը, տարբեր օգտատերեր կիսվում են իրենց ունեցած ինֆորմացիայով՝ մեկնաբանություններ թողնելով այս կլինիկայի գործունեության հետ կապված, և հիմնական մասը բացասական մեկնաբանություններ են, թե որքան ոչ պրոֆեսիոնալ է աշխատում այս կլինիկան։

«Արթկոսմեդի» ղեկավարությունը, մասնավորապես՝ կլինիկայի ղեկավար Արթուր Սարգսյանի եղբայրն ամեն ինչ անում է, որ վատ մեկնաբանություններն ու բացասական ինֆորմացիան անհետանան համացանցից, բողոքներ է ուղարկում Ֆեյսբուքին, որ փակեն իրենց կլինիկայի վերաբերյալ բացասական բնույթի հրապարակումները։

Օգտատերերից մեկը երեկ այդ մասին նշել էր, որ ինքը կիսվել էր «Արթկոսմեդում» պացիենտի մահվան լուրով իր էջում, սակայն որոշ ժամանակ անց հայտնաբերել է, որ իր հրապարակումը հեռացվել է Ֆեյսբուքից։

«Արթկոսմեդի» թիմն է այս ամենի դեմ աշխատում, որ բացասական տեղեկատվությունը անհետանա համացանցից, և մարդիկ շարունակեն հավատալ, որ իրենք շատ պրոֆեսիոնալ են աշխատում՝ ինչպես գովազդում են։