«Գազի և բենզինի վաճառքի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր ենք տեսնում: Կան ընկերություններ, որոնք հաստատակամորեն իրենց վարքագիծը չեն փոխում, և ընդհանուր առմամբ ոլորտը խիստ մտահոգող է ինձ համար, բազմաթիվ հսկողական միջոցառումներ են արվում»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի՝ վերջերս հրապարակած բացահայտմանը, ըստ որի՝ 6,6 մլրդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել մի շարք գազալցակայաններում:
«Ամեն ամիս հրապարակում ենք նաև հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպքերը, տեսնում, որ գրեթե բոլոր խոշոր ներմուծողները, ընկերությունները, որոնք ոլորտում են աշխատում, խնդիր ունեն ստվերի հետ: Բազմիցս դեպքեր են եղել, և զգուշացրել ենք՝ հետևողական ենք լինելու, ավելի լավ է՝ կամավոր դուրս գան հարկային կարգապահության դաշտ: Ցավոք սրտի, չի ստացվում, և, ցավոք սրտի, շարունակում են նույն վարքագիծը դրսևորել»,- ասաց նա:
Բադասյանը նաև թվարկեց բացահայտված խախտումները՝ նշելով, որ դրանք վերաբերում են ԱԱՀ-ի մասով խարդախություններին, խոշոր ներմուծողից առանց փաստաթղթերի ապրանք ձեռք բերելուն կամ անապրանք հաշիվներ գրելուն, թերի հայտարարագրումներին:
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ արվում են այնպիսի ծրագրեր, որոնք խրախուսում են հարկ վճարել. «Օրինակ՝ պարզեցնում ենք մաքսային օրենսդրությունը, ընթացակարգերը, օրինապահ հարկ վճարողների համար առաջացնում ենք ավելի արտահերթ սպասարկման հնարավորություններ, էլեկտրոնային հարթակների թիվն ենք ավելացնում, մաքսային մարմնին-հարկ վճարող կապն ենք կրճատում։ Արձանագրենք, որ պետական բյուջեի եկամուտները կրկնապատկվել են, և ես չեմ հիշում որևէ հարկային բեռ, որն ավելացրել ենք»։
Վերջինս նաև անդրադարձավ նախագծին, որով հարկ չվճարելը քրեականացվելու է․ «Շատ կարևոր է, որ հարկերից խուսափելը քրեականացված է։ Մենք խոսում ենք խրախուսական նորմերի սահմանափակման մասին և բիզնեսի հետ հանդիպման արդյունքներով համատեղ խումբ ենք ձևավորել։ Ես բիզնեսի ներկայացուցիչներին ասել եմ, որ քանի դեռ ՊԵԿ հասարակական խորհրդի ներկա անդամների մեծամասնությունը կողմ չլինի, մենք այդ նախագիծն առաջ չենք տանելու։ Հիմա մենք լրամշակում ենք նախագիծը, որը ևս մեկ անգամ կներկայացվի ՊԵԿ հասարակական խորհրդի քննարկմանը»։
Բաց մի թողեք
Նոյեմբերի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին ռեկորդային էժանացել է
Հայաստանը ՌԴ-ին տնտեսական պատերազմ է հայտարարում՝ խոզի միսը սահմանին
Բժշկության ոլորտում ՀՀ ձեռքբերումները պետք է արտահանվեն բժշկական զբոսաշրջության տեսքով․ Անահիտ Ավանեսյան