Շիրակի թեմի առաջնորդի աղմկահարույց հարցազրույցից արդեն մեկ շաբաթ է անցել, սակայն ՀՀԿ-ում դեռևս չեն մարսել հոգևորականի շուրթերով արտաբերված «դառը ճշմարտությունը» մասնավորապես այն մասին, որ Սերժ Սարգսյանը պետք է ոչ միայն հեռանա քաղաքական ասպարեզից, այլև բաց թողնի իր ղեկավարած ՀՀԿ-ն՝ ազատագրի այն իր նախագահությունից։
Ճիշտ այնպես, ինչպես պատահական մտել էր, այնպես էլ պետք է պատահական դուրս գա։ Ի դեպ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի սույն կոնստրուկտիվ առաջարկին իր համախոհությունն էր հայտնել նաև ՀՀԿ-ում (առանց անունը նշելու) թերևս ամենաատելի ու հաճախ անարգանքի սյունին գամվող քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը, որը Աջապահյանի հարցազրույցից հետո հոլովակ էր հրապարակել իր և Աջապահյանի հայտարարությունների կադրերից կազմված, որում գրեթե նույն բառապաշարով ու շեշտադրումներով Մարուքյանը նկատառումներ է հայտնում նախկին նախագահների վերաբերյալ։ Եվ ահա, ՀՀԿ-ի ագիտպրոպի «ծանր հրետանին» մեկ շաբաթ է՝ ոչ միայն փորձում է պատասխան «հրետակոծությամբ» փրկել Սերժ Սարգսյանի քաղաքական պատիվն ու արժանապատվությունը (եթե, իհարկե, դրանցից ինչ-որ փշրանքներ մնացել են), այլև իր հերթին է հորդորում ՀՀԿ-ի «բաղը քար նետողներին», մոտավորապես այս ոճով՝ «հանգի՛ստ նստեք տեղներդ, դուք էդ ո՞վ եղաք, որ մեր վրա մատ թափ տաք, խելք սովորեցնեք։ Հայ-հա՜յ, էն ժամանակ որ Մուրադը… ըըըը Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն Մախաչկալան, Վլադիկավկազը ոտքի տակ էին տալի, Սերոբը, ներողություն՝ դուք որտե՞ղ էիք, հը՞…»։
Եվ ուրեմն, ՀՀԿ-ի «պուլիմյոտներից» Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է արել, որում մասնավորապես հորդորել է «ոտքի տակ չընկնել» ու «հեռու խաղալ Սերժ Սարգսյանից»։ Ապա, ակնարկելով ՀՀ քաղաքական դաշտի որոշ դերակատարների, շեշտել է. «Դրանց, ինչպես Փաշինյանին ու Ալիևին, քուն ու դադար չի տալիս Սերժ Սարգսյան պետական-ազգային գործչի ամուր ոտքերի վրա կանգուն մնալու ու պայքարելու վճռականությունը։ …Մեկ Բաքուն է խոսում Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական դերակատարման դեմ, մեկ՝ սրանք։ …Իրենք իրենց «կուսակցությունում» հրապարակային 2,5 հոգի են մնացել, բայց 15 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ին խորհուրդ են տալիս, թե ո՞ւմ ընտրեն կուսակցության առաջնորդ»:
Նկատենք, որ պարոն Շարմազանովի տրաֆարետային մտքերը՝ մասնավորապես իր կուսղեկ Սարգսյանի «ակտիվ» դերակատարման, «Ալիևի և Փաշինյանի կողմից հալածվելու» մասին, չէին արժանանա մեր ուշադրությանը, եթե դրանց համատեքստում ակնհայտ, եթե կուզեք՝ աղաղակող կեղծիք տեղ գտած չլիներ։ Խոսքը մասնավորապես ՀՀԿ-ի 15 հազար անդամ ունենալու վերաբերյալ պնդմանն է վերաբերում։ Փաստորեն, Շարմազանովը, լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, զբաղված է կուսակցականների թիվը օրը ցերեկով կեղծելով, այլապես կհայտարարեր, որ դրանց թիվը ոչ թե 15 հազար է, այլ՝ գրեթե դրա կեսի չափ։ Ի գիտություն Շարմազանովի՝ ՀՀԿ-ն, ըստ կուսակցության 2023 թ. ֆինանսական հաշվետվության, ունի ոչ թե 15 հազար, այլ 8411 անդամ։ Իսկ 2022 թ. հաշվետվության տվյալներով էլ՝ երբեմնի կառավարող քաղաքական կազմակերպությունն ուներ 8696 անդամ։ Այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով ՀՀԿ-ում ոչ թե «բնական հավելաճ», այլ՝ կուսակցականների կորուստ է գրանցվել։ Հենց ՀՀԿ-ին վերաբերող թիվ հրապարակելու առիթ է ստեղծվում, պարոն Շարմազանովի մոտ, փաստորեն, «խասյաթի» համաձայն, միանգամից միանում է կեղծիքի, հավելագրումների «կոճակը»։ Ժամանակին ընտրությունների արդյունքներն էին այս նույն «խասյաթի» համաձայն կեղծում, այժմ էլ՝ սեփական կուսակցականների թիվը։ Հիշեցնենք, որ կար ժամանակ, երբ ՀՀԿ-ն «տարին փակում» էր 150 և ավելի հազար անդամով։ Մասնավորապես 2016 թվականը Սերժ Սարգսյանի կուսակցությունը, Արմեն Աշոտյանի հավաստմամբ, «փակել» է 158 հազար անդամով։ 2017 թվականի փետրվարի 1-ի դրությամբէլ կուսակցության անդամների քանակը կազմել է 159.301 հոգի, իսկ քննարկման փուլում գտնվող դիմումների քանակը՝ 6000:
Մի քանի տարի էր պետք, փաստորեն, որ երբեմնի հզորագույն կուսակցությունը հալումաշ լինի ու տարին փակի 10 հազարից էլ քիչ անդամներով։
Ի դեպ, Շարմազանովն իր վերոհիշյալ գրառման մեջ մի դիտարկում էլ է արել՝ «մինչև 2018-ի հեղաշրջումը կփափագեիք Սերժ Սարգսյանին բարևել, իսկ բարևելու դեպքում էլ շատ հավանական է առաջիկա մեկ ամիսը ձեռքներդ չէիք էլ լվալու»։ Թե ովքեր էին նախկին նախագահի «աջը» սեղմելու համար հերթ կանգնածները եղել՝ կարող ենք միայն ենթադրել։
Քանի որ Սերժ Սարգսյանին երբևէ չենք բարևել, ուստի, օգտվելով այն հանգամանքից, որ մեր ձեռքերը մաքուր են, ուզում ենք մաքուր ձեռքերով գրված սույն հրապարակումն ավարտել Շիրակի թեմի առաջնորդի հարցազրույցից ևս մեկ (ուսուցողական) հատված մեջբերելով. «Թող Հանրապետական կուսակցությունը բաժանվի 40 կտորի, դրանից վնաս չկա հայ ժողովրդին, արդեն նրա գոյությունն էր, որ բերեց մեզ այս վնասը, աղետը։ Իրենց ամբարտավանությունն էր, որ՝ ամեն ինչ անցնելու է Մելիք-Ադամյանով, հենց էդ ամբարտավանությունն էր, որ հասցրեց էս վիճակին։ Իսկ հիմա ասում են՝ բա որ Սերժ Սարգսյանը հեռանա, ՀՀԿ-ն կքայքայվի, է, թող քայքայվի…»։
Հիշեցնենք, որ Աջապահյանի ասած ամբարտավաններից մեկն էլ հենց ինքը՝ Շարմազանովն էր, որը 2014-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անակնկալ հրաժարականից շաբաթներ անց հայտարարեց՝ «եթե որևէ մեկը հավակնում է դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»: Երևանի Մելիք-Ադամյան 2 հասցեում է գտնվում ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը: ՀՀԿ խոսնակը նույն միտքը վերահաստատեց արդեն մեկ տարի անց՝ 2015-ին. «Հիշո՞ւմ եք, որ ասում էի՝ առաջիկա 10 տարիներին ամենաազդեցիկ քաղաքական ուժը պետք է լինի Հանրապետական կուսակցությունը, որովհետև ամենակուռ կառույցը, ամենագաղափարական կառույցը, ամենակարգապահ կառույցը, ամենամեծ մարդկային ռեսուրս և կարգապահական թիմ ունեցող կուսակցությունը Հանրապետական կուսակցությունն է: Եվ անկախ նրանից՝ ով ինչ պաշտոն է ուզում զբաղեցնի, առանց Մելիք-Ադամյան 2-ով անցնելու, այսինքն՝ առանց Հանրապետական կուսակցության կարծիքը հարցնելու՝ ծանրակշիռ կարծիքը, չի կարող հաջողություն ունենալ»։
Կյանքը ցույց տվեց, որ այս հայտարարությունից մի քանի տարի անց Մելիք-Ադամյան փողոցը այլևս խորհրդանշում էր ՀՀԿ-ի իշխանության վախճանը՝ դրանից բխող հետևանքներով։
Հ.Գ. Արդ, մեր առակն ինչ կցուցանե. կցուցանե այն, որ 8 հազար անդամ, տարածքային մի քանի տասնյակ կառույցներ ունեցող, ասել է թե՝ «համասփյուռ» կուսակցությունը այսօր ի վիճակի չէ անգամ իր մոտ 9 հազար անդամների գոնե կեսին փողոց դուրս բերել ու մարդկային ռեսուրսով աջակցել «սրբազան» կոչվող շարժմանը։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
ՔՊ-ական պատգամավորը շփոթել է կաթոլիկ և ուղղափառ հոգևորականներին, լուսանկարվել սխալ մարդու հետ. Լուսանկար
«Ադրբեջանական բանակը կարող է թուրքական թեյ խմել Երեւանում»․ ադրբեջանցի «իրավապաշտպան»
Կրեմլը իրավունքի ուժին հակադրում է ուժի իրավունքը