Ճանաչված արվեստագետների անձնական, ինչպես նաեւ ստեղծագործական ուղուն վերաբերող իրական, սակայն առաջին հայացքից հաճախ լեգենդ կամ անհավանական թվացող պատմությունների մասին սովորաբար միայն տասնամյակներ անց են բարձրաձայնում:
Առնո Բաբաջանյանի հոբելյանական երեկոյին հրավիրված էր ճանաչված երգչուհի Զառա Տոնիկյանը: Շուրջ քառորդ դար Բելգիայում ապրող ու ստեղծագործող երգչուհու արվեստին անդրադառնալիս այսօր էլ միանշանակ նշվում է նրա բարձրարվեստ կատարումների մասին: Հանդիսատեսը հիշում է երգչուհու մեկնաբանությամբ Մելիք Մավիսակալյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի երգերի անգերազանցելի կատարումները:
Հիշում են նաեւ ժամանակին Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվող հեղինակավոր հաղորդումներում ընդգրկված արվեստագետի ելույթները, օրինակ, տպավորիչ էր ամանորյա «Գոլուբոյ օգոնյոկի» ժամանակ Զառա Տոնիկյանի հնչեցրած Ամիրխանյանի «Բալենին», սովետա-շվեդական՝ «Յակոբի աստիճանները հյուր են «Առավոտյան փոստին» ծրագրում՝ «Դարձյալ քեզ» երգի կատարումը, ընդ որում՝ ԽՍՀՄ-ից մասնակցում էին միայն Ալլա Պուգաչովան եւ Ադրբեջանից ջազ խումբ:
Միաժամանակ առիթի դեպքում այսօր էլ ասում են, իբր երգչուհին տաղանդին զուգահեռ ունի անսովոր բնավորություն ու վարքագիծ: Ասվածը բացատրում են հետեւյալ կերպ. հայաստանյան գործունեության ընթացքում նա չի անդրադարձել կոլեգաների կողմից կատարված ոչ մի երգի, հաճախ նկարահանվել է, ապա խնդրել է չցուցադրել այն կամ՝ վերջին տարիներին էլ ինչ-ինչ պատճառներով մերժել է հայաստանյան հրավերները:
Լեգենդար հաղորդավարուհի Նառա Շլեպչյանը հիշեց 1970-ականների կեսերը, երբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իր ձեւակերպմամբ՝ «Զառայի Ջենիս Ջոփլինի «Time» երգի կատարումից հետո (այս ստեղծագործությունը տարիներ շարունակ երգչուհու կատարմամբ ընդգրկված էր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային- ջազային նվագախմբի երկացանկում) հանդիսատեսի հիացմունքն արտահայտվում էր նաեւ ոտքերով դոփելով: Ունկնդիրների շարքերում կային այնպիսիները, որոնք այնքան էին տարվում երգչուհու կատարումով, որ թվում էր, թե կնետվեն յարուսից…»:
Տիկին Շլեպչյանը հիշեց այն տարիների համար երգչուհու համարձակ հագուկապը՝ անսովոր բարձր «պլատֆորմով» կոշիկներ, կարճ շրջազգեստ, ցանցավոր գուլպաներ… Ասում են, որ այս ելույթից հետո, որ նկարահանվում էր հեռուստատեսությամբ, Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանը արվեստագետին որակելով «կաբարեի երգչուհի», փակել է հեռուստատեսության դռները երգչուհու առջեւ: Ընդամենը մեկ-երկու տարի անց, երբ Կոնստանտին Օրբելյանի ներկայացմամբ Զառա Տոնիկյանը Չեխոսլովակիայում մասնակցելով միջազգային մրցույթի, արժանացել է դափնեկրի կոչման, նույն Ստեփան Պողոսյանը իր աշխատասենյակ է հրավիրել երգչուհուն ու նրա պատվին շամպայն «տրաքացրել» …
Զառա Տոնիկյանը երգչուհու կարիերան սկսել է 16 տարեկանում՝ «Կռունկ» (ղեկավար՝ Ռ. Ամիրխանյան), ապա՝ «Արեգակ» (ղեկավար՝ Ա. Դիվանյան) անսամբլներում, 1973 թվականից ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ, ապա Հայաստանի պետական էստրադային-ջազային նվագախմբերի մեներգչուհին էր: Անդրադառնալով Բաբաջանյանի երեկոյին, նշենք, որ կոմպոզիտորը միայն իր «Պայծառացում» երգի կատարման համար Զառային հրավիրում էր ոչ միայն Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ կամ Ռուսաստանի այլ քաղաքներ, այլեւ արտասահման, այն դեպքում, երբ այս երգը հիանալի մեկնաբանում էին նաեւ ռուս երգիչներ: Կայացած համերգին հրավիրված էին նաեւ բաբաջանյանական երգերի կատարողներ Ռուսաստանից: Ողջ երեկոյին բեմահարթակում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ սիրված երգչուհին ասել է. «Ժամանակին ոմանք իսկապես ստեղծեցին պայմաններ, որ ես հեռանամ հայրենիքից: Ինչ որ է, չեմ ուզում հետ նայել եւ մանրամասնել կատարվածը… Ցավոք, արտագաղթը անդրադարձել է նաեւ լավագույն երաժիշտների վրա, սակայն մի քանի օր Երեւանում անցկացնելով, հանդիպեցի երաժիշտների, այդ թվում ջազմենների, որոնք, բարեբախտաբար, ստեղծագործում են Հայաստանում»: Երգչուհին հավելեց, որ կցանկանար այդ մարդկանց հետ բեմ դուրս գալ, մանավանդ անչափ կարոտել է իր սիրելի ունկնդրին:
Հետաքրքրությանը, ե՞րբ իրեն կրկին կտեսնենք հայաստանյան բեմում, Զառա Տոնիկյանը պատասխանեց. «Հավանաբար՝ 2014 թվականի սկզբներին»: «Առավոտի» հաջորդ հարցին՝ բարձրագույն մասնագիտական դպրոց անցած երգչունին չի՞ ցանկանում հարուստ փորձը փոխանցել երիտասարդներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հրավերի դեպքում՝ մեծ սիրով»։
Բաց մի թողեք
«Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական լիամետրաժ ֆիլմը կբացի Լոկառնոյի կինոփառատոնը․ Լուսանկար
22-րդ «Ոսկե ծիրան»-ը անակնկալներ է խոստանում. Լուսանկարներ
Ինչ տեսք կունենա օպերայի և բալետի թատրոնի շենքը գիշերը՝ նոր գեղարվեստական լուսավորությամբ․ Լուսանկարներ