22/11/2024

Կինս ասաց՝ ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես. բելգիացի գործարարը նշանակվել է Ֆլանդրիալում ՀՀ հյուպատոս

Բելգիայի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների փոխադարձ համաձայնությամբ բելգիացի գործարար Բերթրանդ Վերկաերենը նշանակվել է Ֆլանդրիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Հավաստագրերը Երեւանում Վերկաերենին է հանձնել Հայաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բերթրանդ Վերկաերենը նշել է, որ այս նշանակումը մեծ հպարտություն եւ, միեւնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն է։

«Բելգիայի հայ համայնքի հետ ծանոթ եմ արդեն 12 տարի։ Բիզնեսում իմ գործընկերը՝ Տիգրան Կասաբյանը, հայ է․ միասին ընկերություն ենք ղեկավարում։ Հայերի հանդեպ իմ ընկերական վերաբերմունքն ու մեծ հարգանքը միշտ առկա են եղել, բայց երբեք չեմ մտածել դրանից անդին անցնելու մասին։ Երբ Հայաստան-Բելգիա առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն առաջին անգամ հարցրեց, թե արդյոք հետաքրքրված կլինե՞մ նման պաշտոն ստանձնել, մի պահ կանգ առա ու մտածեցի։ Ոչինչ չգիտեմ այդ պաշտոնի մասին, կինս էլ ասաց «ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես»։ Մի քիչ ուսումնասիրեցի ու հասկացա, որ խոսքը գնում է դեսպանին տնտեսական ու մշակութային հարցերում աջակցելու մասին։ Բայց դա բավարար չէր, քանի որ, երբ ես ինչ-որ բան նախաձեռնում եմ, դա անում եմ հավուր պատշաճի։ Պետք է հասկանայի, թե երկիրը, որը պետք է ներկայացնեմ, դեսպանը ու նրա թիմը, որի հետ պետք է աշխատեմ, որքանով են համապատասխանում իմ էությանն ու արժեհամակարգին։ Առաջին անգամ Հայաստան այցելեցի անցյալ տարի, հայկական հյուրընկալություն ու հրաշալի երկիր տեսա։ Հետո հանդիպեցի դեսպանին ու իր թիմին։ Տիգրան Բալայանի հետ փոխադարձ համակրանքը միանգամից ձևավորվեց, ու հենց առաջին հանդիպման ժամանակ սկսեցինք հազար ու մի նախագիծ քննարկել»,- ասել է նորանշանակ պատվավոր հյուպատոսը։