22/11/2024

Թե ինչն է եղել հոգևոր բարձր դասի ներկայացուցչին «խոսացնելու» և եթեր չտալու պատճառը՝ հայտնի չէ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը այն սակավաթիվ հոգևորականներից է, որի լեզվի տակ, ինչպես ասում են, ոսկոր չկա, այսինքն՝ մտքին եկածն ասում է՝ ընդհուպ անողոք քննադատելով գործող իշխանությանը, մեկումեջ էլ «շշելով» նախկիններին։

Վերջին և աղմկահարույց դեպքը շաբաթներ առաջ էր՝ news.am-ի տաղավարում։ Իր խոսքի ազատության «կարմիր գծերը» նախկինների օրոք երբեք չհատած, քննադատելիս «աչքաչափով» առաջնորդված հոգևորականը ճակատագրի հեգնանքով նույն այդ նախկինների ագիտպրոպի կողմից այսօր թիրախավորվել ու դարձել է վերջիններիս «սուբյեկտիվ սենտիմենտալիզմի» զոհը։

Այն բանի համար, որ «օբյեկտիվ պրագմատիզմի» ժանրում մի շարք արձանագրումներ է արել։ Մասնավորապես նշել է, որ երկրորդ և երրորդ նախագահները եթե ուզում են իշխանափոխություն տեղի ունենա, ապա պետք է չքվեն քաղաքական ասպարեզից, քանի որ նրանց ստվերը խանգարում է «սրբազան շարժման» հաղթանակին։ Արդ, ինչու է սրբազանի պրագմատիզմը հիմա բռնել, երբ նախկին նախագահներից մնացել է միայն նրանց ստվերը։

Չենք հիշում դեպք, երբ, ասենք, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ոչ ստվեր եղած ժամանակ՝ նրանց պաշտոնավարման բուռն շրջանում սրբազանի բացախոսությունը հասած լիներ այն մակարդակի, որ ամենակոշտ բառապաշարով ու ջղաձիգ տոնով պահանջեր վերջիններիս հրաժարականը, ընդհուպ՝ մասնակցեր իշխանափոխության օրակարգով միտինգների ու քայլերթերի։

Իսկ դրանք շատ անգամներ են կազմակերպվել և տեղի ունեցել՝ սկսած առնվազն 2003-ից։ Կամ էլ, ասենք, հերթական համապետական ընտրությունների հաջորդ օրը ֆեյսբուքում գրառում աներ ու սրտի կսկիծով արձանագրեր՝ «ընտրակեղծարարությունը հաղթեց ՀՀ ժողովրդի կամքին, 5-հազարանոց թղթադրամը՝ քվեին, ուզուրպացիան՝ դեմոկրատիային, Սերժահայաստանը կամ Ռոբահայաստանը՝ Հայաստանին և Արցախի հարցի հայանպաստ լուծմանը…»։

Ինչո՞ւ սրբազան հայրը չէր պահանջում այն մարդկանց հրաժարականը, որոնց ստվերը, փաստորեն, այսօր խանգարում է, որպեսզի իր սանի առաջնորդությամբ տեղի ունեցող շարժումը հասնի իր նպատակին։ Եթե պահանջեր, համոզված ենք, չէր հայտնվի նույն վիճակում, որում այսօր հայտնվել է իր սան Վազգեն Գալստանյանը՝ որպես ձախողված շարժման հեղինակազրկված առաջնորդ։

Համոզված ենք՝ ժողովուրդը հաշված ժամերի ընթացքում կկանգներ սրբազանի կողքին և գուցե 2018-ից շատ ավելի վաղ լուծած լիներ կեղեքող իշխանության հարցերը։ Արդ, Շիրակի թեմի առաջնորդի «էնտուզիազմը»՝ պայքարել նախկին նախագահների ստվերի դեմ, այլևս ժամանակավրեպ է։ Ինչպես ասում են՝ «մեռելների» մասին, այդ թվում՝ քաղաքական, «կամ լավը, կամ՝ոչինչ»։

Պարզվում է՝ սրբազան հայրը էլի ասելիք ու պարզաբանելիք ունի «ստվերների» թեմայով և դա ասել է երկրորդ նախագահի «քաղաքական թիմի»՝ ՀՅԴ-ի մամուլի օրգան «Երկիր Մեդիա»-ում։ «Շատ ավելի ծավալուն հարցազրույց տվել եմ «Երկիր մեդիային», բայց «Երկիր մեդիա»-ի տնօրինությունը և Դաշնակցությունը համարձակություն չունեցան էդ ելույթս հեռարձակելու։

Կամ՝ բարոյականություն չունեցան էդ ելույթս հեռարձակելու, դրա համար ստիպված եմ ձեզ, ուրիշին, էն մյուսին տալ էն պատասխանները, որոնք վաղուց տվել եմ»,-կայքերից մեկի հետ հարցազրույցում ազդարարել է Շիրակի թեմի առաջնորդը։

Թե ինչն է եղել հոգևոր բարձր դասի ներկայացուցչին «խոսացնելու» և եթեր չտալու պատճառը՝ հայտնի չէ, բայց կարող ենք ենթադրել՝ սրբազան հայրը (ուշացումով) ասել է բաներ, որոնք դեմ են եղել ճշմարտության և բարոյականության մասին ՀՅԴ-ի պատկերացումներին, այն է՝ եղել են անվիճելի ճշմարտություն և անխոցելի՝ բարոյական առումով։ Դիցուք՝ ՀՅԴ-ն նույնպես նախկին ռեժիմի հանցակիցն է և որպես անցյալի դառը արձագանք ու ստվեր պետք է միանա նախկին նախագահներին ու կորչի «գրողի ծոցը»՝ այլևս չղեկավարելով և կամ չհամաառաջնորդելով իշխանափոխության օրակարգով որևէ շարժում կամ գործընթաց։

Հ.Գ. Ի դեպ, Շիրակի թեմի առաջնորդը իր վերջին հարցազրույցում նշել է, որ նախկին նախագահները, փոխարենը հրահանգելու, որ հարձակվեն իր վրա, կարող էին ապացուցել, որ ինքը՝ Աջապահյանը, թյուր պատկերացում ունի իրենց ունեցած ռեսուրսների մասին, և հոկտեմբերի 6-ի հանրահավաքին լցնեին հրապարակը։ «Թող ցույց տային, թե ով է Հանրապետականը, ով է Դաշնակցությունը, ով է երկրորդ նախագահը, մի 100 հազար մարդ հավաքենք հրապարակում, ասեին՝ թող սրբազանը տեսնի։ Հավաքեցի՞ն, քանի հոգի հավաքեցին իրենց ռեսուրսներով՝ պսևդոռեսուրսներով»։

Հ. Մանուկյան