Հոկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան Կորյուն և Չարենց փողոցների հատման վայրում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության վարչական շենքի հարևանությամբ՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայրում «Porsche Cayenne»-ի մեջ գտնվող 2 քաղաքացիներ ասում էին, որ վարորդներն իրենք են եղել։ Տեղում ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, և ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները պարզել են նշված անձանց ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչներ 52-ամյա Աշոտ Խաչատրյանն ու 37-ամյա Արմեն Հովակիմյանը։Վերջիններս վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել, ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ, ավտոմեքենայի ապակիներն էլ եղել են մգացված։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Խաչատրյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե նշված անձանցից ով է եղել վարորդը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ոստիկանության ծառայող է, ում ինքնությունը նույնպես պարզվում է։
Բաց մի թողեք
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել