05/12/2025

«Երևանը մարդկանց համար» նախաձեռնությունը հարմարավետ Երեւան է ցանկանում. Լուսանկարներ

Ստեղծվել է «Երևանը մարդկանց համար» նախաձեռնություն, որի նպատակն է վերադարձնել հեռացված հետիոտնային անցումները, հաստատել համագործակցություն քաղաքապետարանի, տրանսպորտի վարչության և փորձագետների միջեւ՝ քաղաքում երթեւեկության անվտանգության եւ հարմարավետության հարցերը լուծելու համար:

«Երևանը մարդկանց համար» նախաձեռնությունը հատկապես մտահոգված է Մաշտոցի/Մոսկովյան և Մաշտոցի/Իսահակյան խաչմերուկներում հետիոտնային անցումների վերացմամբ: Նախաձեռնության անդամներն առաջարկում են նոր անցում ստեղծել Աբովյան/Իսահակյան խաչմերուկում՝ Երիտասարդական մետրոյի մոտ:

«Այս դեպքերն արտացոլում են ավելի լայն խնդիր՝ Երեւանում հետիոտների իրավունքների նկատմամբ անբավարար ուշադրությունը: Մենք արդեն սկսել ենք հավաքել տվյալներ նմանատիպ խնդիրների մասին»,-նշված է նախաձեռնության ինստագրամյան էջում:

«Երևանը մարդկանց համար» նախաձեռնող խումբը այսօր հավաք է նախաձեռնել՝ բարձրաձայնելու համար երեւանցիներին հուզող խնդիրները: Միաժամանակ ակտիվ քննարկումներ են գնում Yerevan for people թելեգրամյան խմբում, լուսանկարներ հրապարակվում՝ զանազան խախտումների մասին: