22/11/2024

Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է իր և Ադրբեջանի ԱԺ խոսնակի հանդիպման չեղարկումը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ադրբեջանցի խոսնակի հետ հանդիպման չեղարկմանը։

«Ազատություն». – Դուք Պրահա եք ժամանել Ժնևից, որտեղ նախատեսված էր հանդիպում Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, սակայն ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվվեց բանակցություններից։ Ինչ-որ կոնկրետ համաձայնությո՞ւն էր նախատեսվում, որը ադրբեջանական կողմը ձախողեց դրանով։

Ալեն Սիմոնյան. – Ունեցել ենք երկու հանդիպում իմ գործընկերոջ հետ, և պետք է ասեմ, որ հանդիպումներն անցել են բավականին հասկանալի և բավականին կառուցողական տրամաբանության մեջ, և 2-րդ հանդիպման ժամանակ ես խնդրեցի, առաջարկեցի՝ քննարկենք պառլամենտական մակարդակով գերիների հարց և հնարավորություն ունենանք այդ մակարդակով գոնե 3 գերի վերադարձնել Հայաստանի Հանրապետություն։ Եվ իմ գործընկերն ասաց, որ դա կքննարկի և կպատասխանի։ Հետո մենք Դուշանբեում էինք տիկին Գաֆարովայի հետ, և 3 օր իրար հետ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, և որևէ ձևով ես որևիցե ակնարկ կամ ինֆորմացիա չեմ ստացել առ այն, որ մենք չենք հանդիպելու։

Միայն, երբ որ մենք արդեն մեկնում էինք Ժնև, ինքնաթիռի մեջ իմ օգնականներն ասացին՝ գիտեք չէ, Ժնև ենք գնում, բայց հանդիպումը չեղարկվել է։ Ինձ համար, անկեղծ ասած, զարմանալի էր և ցավալի էր։

«Ազատություն». – Մինչև հիմա չի՞ տրվել բացատրություն՝ ինչո՞ւ։

Ալեն Սիմոնյան. – Օգնականս գրեց՝ ի՞նչն է պատճառը, և ի պատասխան մեզ ասացին, որ նախ պարոն Սիմոնյանի որոշ հայտարարություններ՝ իմ հայտարարությունները, երկրորդը՝ Ֆրանկոֆոնիայի ընթացքում տեղի ունեցածը և այլն։ Օգնականս փորձեց ճշտել՝ ի՞նչ հայտարարության մասին է խոսքը։ Չնայած ես ենթադրում եմ՝ ինչ հայտարարության մասին է խոսքը։

«Ազատություն». – Ո՞ր։

Ալեն Սիմոնյան. – Պատմական հայրենիքի փնտրտուքի վերաբերյալ իմ հայտարարության վերաբերյալ։ Դա ուղղակի արձագանք էր բազմաթիվ և՛ ատելություն, և՛ թշնամանք իր մեջ պարունակող հայտարարություններին Բաքվից։ Ինչ վերաբերում է Ֆրանկոֆոնիային, հայկական պառլամենտը որևէ ձևով չի մասնակցում Ֆրանկոֆոնիային, և ներեցեք, բայց 50-ից ավելի երկիր կա այդ ընտանիքում։ Եվ չեմ կարծում, որ Հայաստանը այդքան ազդեցիկ է, և իմ օգնականը գրել էր, որ դա աշխարհի արձագանքն է նույն այդ հայտարարություններին և գործողություններին և դեռ չկնքված պայմանագրին, կուզենք իմանալ նաև՝ ինչ նկատի ունեք և այլն-ով։ Մենք այնտեղից որևիցե հստակ պատասխան չստացանք, որին ի պատասխան ես նորից առաջարկեցի՝ որևէ Ձեզ հարմար պահի ես պատրաստ եմ հանդիպել և շարունակել, որովհետև այս ֆորմատը գոյություն ունի հենց դրա համար, որպեսզի մենք քննարկենք խնդիրները, բայց մի որոշ ժամանակ անց տեղից պատասխանեցին, որ չէ, մեր տեսակետը չի փոխվել, մենք չենք հանդիպել։