17/09/2025

Փաշինյանը մարզային էքսկուրսիայի էր մեկնել․ Արման Սահակյանը վաղուց Միշիկի ընկերը չէ․ նա շատ վաղուց է «կրոնափոխ» եղել

Ուրբաթ՝ հոկտեմբերի 18-ին, Փաշինյանը հերթական մարզային էքսկուրսիայի էր մեկնել, այս անգամ՝ Շիրակի մարզ, ծանոթանալու 2023-24 թվականներին կատարված կամ ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին։

Հրապարակ թերթը գրել է․ Մեկ-երկու կառուցված, ավարտին հասցված դպրոց-մանկապարտեզից բացի, մյուս օբյեկտները, որոնք վարչապետը նայում էր, կիսակառույց էին։ Հետո երեւի մի անգամ էլ կգնա, երբ պատրաստ լինեն:

Որոշ վայրերում պարզ դարձավ, որ ոչ մի տեսանելի աշխատանք դեռ արված չէ։ Ուստի այցն ավելի շատ կառավարության ծրագրերը ներկայացնելու նպատակ ուներ։ Օրինակ, Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի դպրոցի համար գումարները սկսել են հատկացնել դեռ մարտին, բայց նախագծային սխալի պատճառով շինարարությունն ուշանում է։ Կամ՝ 4-5-րդ դարերի Երերույքի տաճարում, որը մեր եւ ԱՄՆ կառավարության փողերով ամրացնում են, ոչ մի տեսանելի նորություն չկա։ Հասկանալի չէ, թե ինչն էր նայում այստեղ վարչապետը` նույն կիսաքանդ պատերն են, մամռակալած քարերը, թեեւ ներկայացվեց, որ ամրացումներ են արվել իտալացիների ու ֆրանսիացիների օգնությամբ, հիմքերն ու աստիճանավանդակն են նորոգել։ Փաշինյանն այստեղ երկու դիտողություն արեց՝ գեղեցիկ գրավոր ցուցանակները QR կոդերով վահանակների փոխելու եւ կածաններ ստեղծելու մասին, որ մարդիկ չգնան` ոտքերը խփեն քարերին, ընկնեն։ «Տաճարի մասին կարող է լինել ձայնային ինֆորմացիա, մարդն ականջակալները դրած գա, պտտվի»,- երազում էր վարչապետը, իսկ ԿԳՄՍ նախարարը կողքից «այո-այո» էր անում։

Անիպեմզայում վարչապետն իրեն ավելի ամուր զգաց, քան եկեղեցում՝ ճանապարհների մասին էր խոսակցությունը, որոնք, ըստ գյուղացիների, 1 տարի առաջ են հիմնանորոգվել։ «Իսկ նախկինում սարքած եղե՞լ է»,- Փաշինյանն իր սիրելի հարցը տվեց ու իր սիրելի պատասխանը լսեց․ «Ոչ»։ «Ջուր, թեյ, սուրճ՝ տենց բաների վաճառք կազմակերպեք, բայց` օրինական»,- հորդորեց Նիկոլը գյուղացիներին, իսկ երբ նրանք թեթեւակի տրտնջացին, թե բա՝ ջուր չկա, մի 200-300 մետր էլ ճամփան քանդված ա, վարչապետն ընդհատեց․ «Էն, ինչ որ արվել է, եկեք դրանից գոհանանք․․․ դուք պետք է պատրաստվեք, որ դիմավորեք մարդկանց, նախ՝ մթնոլորտը, մարդը պետք է գա, վճարովի սուրճ խմի, անպայման` վճարովի, մի 500 դրամ էլ գինը լինի` կգնի»։ Գյուղացիները երեւի զարմացան՝ մի բաժակը երկու տուփ հում սուրճի գնի՞։ Բայց ոչ ոք ձայն չհանեց։ Դե, եթե վարչապետն առաջարկում է թալանել տուրիստներին, իրենք ովքե՞ր են, որ առարկեն:
Անիպեմզայից մինչեւ Շիրակավան կառուցվող ճանապարհը նայելիս վարչապետը, հատուկ շրջվելով դեպի տեսախցիկները, շեշտեց, որ 18 թվից Շիրակի մարզում 230 կմ ճանապարհ է կառուցվել, ապա կրկին անցավ իր սիրելի ուտել-խմելու, ճանապարհին գործ դնելու թեմային։ Իրեն հանդիպած գյուղացիներին խորհուրդ տվեց դիլիջանցիներից բան սովորել։ «Դիլիջանի ճանապարհների վրա տասնյակ տարիներով եգիպտացորեն են վաճառում»,- ասաց նա ու նկատեց, որ մեծ ծախս պետք չէ դրա համար՝ ընդամենը ղազան, մի 15 հատ եգիպտացորեն ու երկու քոթուկ։ Իսկ երբ զարմացած շիրակցիներն առարկեցին, թե ոռոգման ջուր չունեն, որ եգիպտացորեն աճեցնեն, Փաշինյանն ասաց` ոչինչ, 2 տարի հետո կլինի, իսկ հիմա ուրիշ բան մտածեք` «էս ճանապարհը պետք է ձեզ եկամուտ բերի»։

Աղինում, որտեղ կառավարությունը նոր մանկապարտեզ է կառուցել, գյուղացիները կրկին ապերախտ գտնվեցին, չցանկացան գնահատել կառավարության ջանքերը՝ բողոքելով, թե 58 երեխա կա գյուղում, բայց դպրոց չունեն։ Այստեղ Փաշինյանն անցավ համոզելու իր սիրելի ձեւին՝ ակնհայտ «մինուսը» «պլյուս» ներկայացնելով։ Ասաց, որ երեխայի համար լավ է շատ երեխաների մեջ սովորելը, կողքի գյուղերի երեխաների հետ շփվելը, «կրթական միջավայր ունենալը», ու ինչքան ավելի մեծ լինի դպրոցը, այնքան լավ։ Իսկ երբ մարդիկ ասացին՝ ախր, ձմեռ է առջեւում, դպրոցն էլ հեռու է, խոստացավ, որ պետությունն է երեխաներին առավոտյան տանելու, երեկոյան հետ բերելու։ Երեւի տեղյակ չէ, որ տարբեր տարիքի երեխաների դասերը տարբեր ժամերի են ավարտվում:

Հոռոմում նա այլ կերպ արտահայտվեց. «Դպրոց ունենալը լավ բան է, բայց 3-4 տարի կտեւի»։ «Հիմա հույս ունենա՞նք, որ կկառուցվի»,- հարցնում էին մարդիկ։ «Ոչ թե հույս ունեցեք, այլ համոզված եղեք»,- ասաց նա։ Այս անգամ էլ նրան երկրպագող կանանց պակաս չկար։ Երկրպագում էին ու խնդրանք հնչեցնում։ Գետքում մի կին մարզպետ Մուրադյանի գովքն արեց, Նիկոլին ասաց, որ Գետքը միշտ նրա հետ է, ապա նշեց, որ գազ, ոռոգման ջուր, մանկապարտեզ չունեն։ Այսքան բան չունեցող գյուղում Նիկոլին նկար նվիրեցին` տեղի նկարչի ձեռքի գործը, որը հեղափոխական Նիկոլին էր կերտել` «դուխով» գլխարկը գլխին։

Արթիկում մանկապարտեզներ նայեց վարչապետը` կառուցված, կիսակառույց, հիմքը նոր գցած։ Հոռոմում սիրո խոստովանություններ լսեց կանանցից։ Մի կեպկայով «հեղափոխական» աղջիկ էլ իրեն նետեց դեպ Նիկոլ, գոռալով՝ թողեք, մի հատ տենամ Նիկոլին։ Մի բազմազավակ մայր մոտեցավ։ Ասաց, որ 4 երեխա ունի, բայց նպաստ չի ստանում։ Սրան էլ համոզեցին, որ նպաստ ստանալը լավ բան չէ, պետք է աշխատել։ «Աշխատանք չկա»,- ասաց 4 երեխաների մայրը, բայց Նիկոլն արդեն նրա կողքի շինարարի հետ էր խոսում, որն աշխատանք չունի ու ստիպված խոպան է գնում։ «Եթե մարդը չի ուզում աշխատի, նա 85 պատճառ է բերում»,- ասաց Փաշինյանը։ «Ես էժան չեմ աշխատի»,- ասաց տղամարդն ու երկար դասախոսություն լսեց որակյալ աշխատուժի մասին։ «36 տարի շինարարության վրա աշխատել եմ»,- չէր հանձնվում տղամարդը։ Մարմաշենում մի պապիկ մոտեցավ` որդու աչքի խնդրով։ Նրանից վարչապետը համար վերցրեց։ Բերդաշենում դպրոց նայելիս բարեկենդանի տիկնիկ նվիրեցին վարչապետին՝ խորհրդանշական նվեր։ Գյուղերում ոմանք Նիկոլին դեռ վերաբերվում են որպես Բարեկենդանի։

Գյումրիում ոչ մի առանձնահատուկ բան վերջին տարիներին չի փոխվել՝ ասում են գյումրեցիները։ Փաշինյանը եկել է, փակ հանդիպում է ունեցել ՔՊ-շնիկների հետ, բայց թե ինչ են խոսել` հայտնի չէ. երեւի, քաղաքապետի փոփոխության ու քաղաքը Բալասանյաններից վերցնելու մասին։ Սլաբոդկայում, ասում են, հեծանիվ է քշել, շներ են հարձակվել հեծանիվի վրա։ Շները չգիտեին, որ վարչապետն է վրան նստած։ «Ամենահետաքրքիրն էն էր, որ կանգ են առել Միշիկի ընկերոջը՝ Արման Սահակյանին պատկանող հյուրանոցում»,- պատմում է մեզ ծանոթ գյումրեցին։ Բայց դե՝ Արման Սահակյանը վաղուց Միշիկի ընկերը չէ․ նա շատ վաղուց է «կրոնափոխ» եղել: