22/11/2024

Ինչպես է հրաժարական տվել Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Դմիտրի Կուլեբան

Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Դմիտրի Կուլեբան մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է գրել ԱԳ նախարարի պաշտոնից ազատման դիմումը։

Ըստ RBC-ի, այն երեկոյան, երբ իմացել է, որ ազատվել է աշխատանքից, կնոջ՝ Սվետլանայի հետ գտնվել է մարզասրահում։ «Հենց որ սկսեցի հագուստս փոխել, հեռախոսազանգ եկավ վարչապետից։ Նա խնդրեց, որ անցնեմ իր մոտ։ Ես ամեն բան հասկացա։ Սվետլանային ասացի այդ մասին։ Նաեւ՝ ասացի, որ շարունակի մարզվել, ես շուտով կվերադառնամ»։ Ապա, ըստ Կուլեբայի, նախ գնացել է վարչապետ Դենիս Շմիգալի մոտ, ապա՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու։

«Հետո արդեն եկավ նաեւ Սվետլանան։ Մենք վերցրեցինք իգրիստային գինու շիշ, սիգար, մեկ թերթ թուղթ, գրիչ եւ մոտեցանք պատշգամբին։ Ծխեցինք, խմեցինք եւ գրեցի ազատմանս դիմումը։ Ահա այսպես էլ, դա տեղի ունեցավ»,- պատմել է Դմիտրի Կուլեբան։

«Ամեն բան ունի իր սկիզբն ու ավարտը,- հավելել է ուկրաինացի նախկին նախարարը, իր պաշտոնանկությունը համարելով սովորական բան։- Ես նախարար եմ եղել չորս ու կես տարի։ Մեղք կլինի բողոքելը։ Եւ բացի այդ, աշխատանքիս առաջին իսկ օրվանից ինձ համար հստակեցրի, որ ԱԳ նախարարի պաշտոնը նախագահի քվոտան է։ Կուլեբան նկատել է, որ իր աշխատանքի հանդեպ որեւէ մեկը որեւէ խնդիր չի ունեցել, եւ ազատման դիմումը ներկայացնելուց հետո, այդ մասին որեւէ մեկը չի արտահայտվել։

Նաեւ՝ նշել է, որ դա Ուկրաինայի որդեգրած արտաքին քաղաքական գծի հետ կապ չի ունեցել։ Չնայած այս հավաստիացմանը, ուկրաինական մամուլում հրապարակումներ էին հայտնվել, որ Կուլեբայի եւ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի միջեւ են եղել խնդիրներ, որն էլ հանգեցրել է նրա պաշտոնանկությանը։