06/11/2024

Մոդին խուսափել է նաև Բաքուն որպես ազդեցիկ դերակատարների «ժամադրավայր» ներկայացնելու փորձությունից

Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովին Հնդկաստանի վարչապետ Մոդին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի: Պաշտոնական տեղեկություն այդ մասին առայժմ չկա:

Բաքվի իշխանական լրատվամիջոցը հղում է անում Hindustan Times-ի հրապարակմանը, որտեղ ասված է, որ Հնդկաստանի և Պակիստանի վարչապետների հանդիպում Բաքվում չի կայանա:

Ըստ տեղեկությունների՝ Հնդկաստանը COP 29-ին կներկայանա շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Բհուպենդեր Յադավի մակարդակով: Այդ մասին մամուլին տեղեկացրել են Հնդկաստանի կառավարության միանգամից չորս աղբյուրներ, որ իրավիճակին քաջատեղյակ են:

Հնդկաստանի վարչապետ Մոդին որոշում կայացրել է՝ ելնելով Պակիստանի պաշտոնակցի հետ հանդիպման աննպատակահարմարությունի՞ց, թե՞ հաշվի է առել Բաքվի խորհրդաժողովի մասնակիցների ներկայացուցչական ցածր մակարդակը:

Ստույգ է, որ Բաքվի COP 29-ին չեն մասնակցի Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը, Մեծ Բրիտանիայի թագավոր Կարլ 3-րդը: Շատ ցածր է հավանականությունը, որ Բաքվում կհյուրընկալվեն Մեծ Բրիտանիայի վարչապետը և Գերմանիայի կանցլերը:

Այս իրավիճակում, ինչ խոսք, Հնդկաստանի վարչապետը չէր կարող մեկնել Բաքու: Մանավանդ որ COP 29-ը հաջորդում է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, որտեղ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր արդեն իսկ քննարկվել են:

Առհասարակ Կլիմայի հարցերով խորհրդաժողովի շուրջ իրավիճակը բավական բարդ է: Եվրախորհրդարանը հոկտեմբերի 24-ին բանաձև է ընդունել, որով ԵՄ առաջնորդներին կոչ է անում Ադրբեջանի կառավարությունից պահանջել, որ կատարի բոլոր միջազգային պարտավորությունները:

Մյուս կողմից հստակ չէ, թե ի՞նչ լուծում է ստանալու այսպես կոչված կանաչ էներգիայի հիմնադրամի հարցը: Նավթային «ասեղի վրա նստած» երկրները պահանջում են փոխհատուցել էներգակիրների արդյունահանումը սահմանափակելու դեպքում իրենց վնասները, իսկ ԵՄ երկրները պատրաստ չեն բավարարել նրանց չափազանցված հավակնությունները:

Հնդկաստանն էներգակիրներ ներմուծող երկիր է և «կանաչ էներգիայի հիմնադրամի» հարցում լուրջ շահեր, կարծես, չպետք է ունենա: Շատ հավանական է, որ վարչապետ Մոդին իրոք չի ցանկացել շփվել Պակիստանի պաշտոնակցի հետ, քանի որ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում «համագործակցությունը» չի հարթել սկզբունքային տարաձայնությունները:

Իլհամ Ալիևի համար, ինչ խոսք, մեծ պատիվ կլիներ, եթե Հնդկաստանի և Պակիստանի վարչապետներ Մոդին և Շարիֆը Բաքվում հանդիպում ունենային և, մանավանդ, հասնեին գոնե ընդհանուր գծերով փոխըմբռնման: Դա տեղի չի ունենա: Հնդկաստանի վարչապետը, կարծես, խուսափել է նաև Բաքուն որպես ազդեցիկ դերակատարների «ժամադրավայր» ներկայացնելու փորձությունից: