22/11/2024

ԲՐԻԿՍ-ի հայ – ադրբեջանական «առաջընթացին» զուգահեռ ինչ է սպասվում ․․․

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի նախօրեին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Կարպենտերն այցելեց Բաքու և Երևան, Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին փոխանցեց Ջոզեֆ Բայդենի նամակը:

Հոկտեմբերի 24-ին Կազանում կայացել է Փաշինյան-Ալիև հանդիպում, որից հետո կողմերը տարածել են ստորակետի ճշտության նույնական հաղորդագրություն, որի հիմնական իմաստն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է շարունակել քննարկումները, որպեսզի հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիրը հնարավորինս սեղմ ժամկետներում ստորագրման պատրաստվի:

Ի՞նչ դժվարությունների հետ է կապված գործընթացը՝ մանրամասնելու անհրաժեշտություն, թերևս, չկա: Մի հանգամանք, երևի, ազդանշանային կլինի. Կազանից վերադառնալով՝ Ադրբեջանի նախագահը սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրության վավերացման մեկնարկ կտա՞: Լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետ Մհեր Գիրգորյանը «փակագծերի մեջ» ակնարկել է, որ Ադրբեջանը ստորագրված փաստաթուղթը կարող է վավերացնել նախագահի կարգադրությամբ: Ինչ տարբերակ էլ ընտրվելու լինի, էականը քաղաքական դիրքորոշումն է:

Խիստ խորհրդանշական է, որ ԲՐԻԿՍ-ի հայ-ադրբեջանական «առաջընթացին» զուգահեռ որոշակի դրական ազդակներ են ստացվել Դոհայից, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Կատարի վարչապետ ալ-Թանիի հետ քննարկել է Գազայում հրադադարի հաստատման և պատանդների փոխանակման բանակցությունների վերսկսման հարցը:

Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ մոտակա օրերին Դոհայում կհանդիպեն ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Բերնսը, Եգիպտոսի հետախուզության նորանշանակ պետ Հասան Մահմուդ Ռաշադը և «Մոսադի» ղեկավար Բերնեան: Իսրայելի վարչապետի գրասենյակն այդ տեղեկությունը հաստատել է, բայց վերապահում արել, որ կքննարկվեն բանակցությունների կազմակերպման հետ կապված հարցեր:

Կատարի վարչապետ ալ-Թանին, մինչդեռ, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ մամուլի ասուլիսին բացահայտել է, որ անցած օրերին մի շարք հանդիպումներ է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ներկայացուցիչների հետ:

Նա ակնարկել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սինվարի «չեզոքացումից» հետո պաղեստինյան կազմակերպությունը ձևավորել է «կոլեկտիվ ղեկավարություն»: Նրա գնահատմամբ՝ դա կարող է բանակցություններում օգտակար լինել որոշումներ կայացնելու առումով:

Չափազանց ուշագրավ է, որ ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովի նախօրեին ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունն այցելել է Մոսկվա: ՌԻԱ-Նովոստին հայտնել է, որ կազմակերպվել են մի քանի հանդիպումներ:

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, մասնավորապես, բանակցություններ են վարել ՌԴ փոխարտգործնախարար, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հարցերով նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ:

Հայտնի է դարձել, որ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող անձանցից երկուսն Ռուսաստանի քաղաքացիություն ունի: Նրանցից մեկն իսրայելական բանակի սպա է, գերի է վերցվել մարտական գործողությունների ժամանակ: Մյուսն ազգությամբ ուկրաինացի է, որի ծնողներին հաջողվել է նրա համար ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել:

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները խոստացել են ՌԴ պատանդ քաղաքացիների հարցը լուծել առաջնահերթ կարգով, բայց Իսրայելի հետ ընդհանուր գործարքի շրջանակներում: Պետք է հասկանալ, որ նրանք Իսրայելի հետ բանակցություններում ՌԴ միջնորդության կարիք ունեն:

Չափազանցություն կլինի, գուցե, ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին Բայդենի նամակի նկատմամբ ՌԴ նախագահի լոյալ վերաբերմունքը նրան «կփոխհատուցվի» Մերձավոր Արևելքում, բայց քաղաքականության մեջ, որպես կանոն, պատահական զուգադիպություններ չեն լինում: