03/01/2025

Գնա՞լ Բաքու, թե՞ չգնալ. Գնացե՛ք Բաքու և տուն բերեք մեր քաղաքացիներին. Հակոբյան

Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական համաժողովին Հայաստանի մասնակցությանը և կարծիք հայտնել, թե ինչի համար է պետք այդ մասնակցությունը:

«Գնա՞լ Բաքու, թե՞ չգնալ

Նոյեմբերի կեսերին Բաքվում կայանալու է ՄԱԿ-ի կլիմայական կարևոր գագաթաժողով:

Երբ Բաքուն հայտ ներկայացրեց, Հայաստանը կարող էր վետո դնել, սակայն կողմ արտահայտվեց, որի դիմաց Ադրբեջանը բանտից տուն թողեց 32 ռազմագերու:

32 ընտանիքում կրկին ճրագ վառվեց:

32 երեխա փարվեց հայրիկին:

32 աղջիկ եղբորը գտավ:

32 մայր վերադարձավ կյանք:

32 հոր դեմքերին ժպիտ եկավ:

Հայաստանը դեռ որոշում չունի՝ մասնակցե՞լ նոյեմբերին Բաքվում կայանալիք միջազգային համաժողովին, թե՞ ոչ:

Եթե անգամ հնարավոր լինի տուն բերել Բաքվի բանտերում մնացած մի քանի տասնյակ հայերից մեկին, ապա մենք պարտավոր ենք գնալու Բաքու՝ անտեսելով գավառական ազգայնականների, անպատասխանատու հայրենասերների քննադատության տարափը:

Գնացե՛ք Բաքու և տուն բերեք մեր քաղաքացիներին»: