21/11/2024

Պետգնումների օրենսդրության բացը սաբոտաժի հնարավորություններ է ստեղծում

Պետական գնումների էլեկտրոնային աճուրդների գործընթացում գոյություն ունի մի խնդիր, որի հետևանքով շատ հաճախ մրցույթները համարվում են չկայացած։

Խնդիրը մրցույթի հայտում մասնակցի կողմից հայտի ապահովման միջոցի բացակայությունն է։ Իսկ հայտի ապահովման միջոցը մրցույթի գնի 5 տոկոսի չափով բանկային երաշխիքն է, որը վճարում է մասնակիցը աճուրդին մասնակցելու համար։ Ի դեպ, այս գումարը մասնակցին վերադարձվում է մրցույթի ավարտից հետո։

Այժմ մի օրինակով տեսնենք, թե ինչպես են շարունակաբար խափանվում պետական գնման գործընթացներն էլեկտրոնային աճուրդի ժամանակ։

Օգոստոսի 27-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հայտարարել էր մրցույթ աշխարհագրության լաբորատորիայի համար քարտեզների ձեռքբերման նպատակով։

Մրցույթի գնման հայտով սահմանված գինը 42,5 մլն դրամ էր։ Սեպտեմբերի 11-ին մրցույթում հաղթել էր միակ մասնակից՝ «Երկրատարածական տեխնոլոգիական կենտրոն» ՍՊԸ-ն, բայց պայմանագիր չէր կնքվել, քանի որ մրցութային հանձնաժողովն արձանագրել էր՝ մասնակիցը չի ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունը, առաջարկվող ապրանքների ցանկում միավոր արժեքների գնացուցակը, դրանց տեխնիկական բնութագիրը, իսկ բանկային երաշխիքի փաստաթղթերում էլ նշված է եղել սխալ հաշվեհամար։

Այս հիմքերով էլ հայտը մերժվել էր, և ընթացակարգը հայտարարվել էր չկայացած։

Մրցույթի չկայացած լինելու մասին հայտարարությունից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 23-ին, հայտարարվել էր նոր մրցույթ։ Այս անգամ արդեն աճուրդին մասնակցում էին երկու ընկերություն։

Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած էլեկտրոնային աճուրդին մասնակիցներից մեկն առաջարկել էր 26․5 մլն դրամ, մյուսը՝ ավելի քան 10 անգամ պակաս՝ 2․6 մլն դրամ գնառաջարկ։ Բնականաբար, աճուրդում հաղթում էր անհամեմատ քիչ գնառաջարկ ներկայացրած մասնակիցը։

Սակայն այս դեպքում ևս հաղթող մասնակցի հետ պայմանագիր չէր կնքվել, քանի որ վերջինս չէր ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունը, առաջարկվող ապրանքների ցանկում միավոր արժեքների գնացուցակը, դրանց տեխնիկական բնութագիրը։ Իսկ հայտի ապահովում ընդհանրապես կիրառված չէր․ այսինքն, հաղթող մասնակիցը չէր ներկայացրել հայտի ապահովման միջոցը՝ բանկային երաշխիքը։

Արդյունքում, ավելի քան 1․5 ամիս է, ինչ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը չի կարողանում մրցույթի միջոցով որոշել հաղթող մասնակցին, ինչի հետևանքով կա՛մ պահանջվող ապրանքները ժամանակին չեն հասնի դպրոցներ, կա՛մ ստիպված կլինեն մեկ անձով գնում կատարել ու վճարել շատ ավելի մեծ գումար, իսկ ապրանքների մատակարարումն էլ պատվիրակել կասկածելի ընկերության։

Իսկ ի՞նչ պետք է լիներ, որպեսզի պատվիրատուները չկանգնեին այս խնդրի առաջ։

Նախ, մինչև Էլեկտրոնային աճուրդի կազմակերպման մասին կառավարության 534-Ն որոշման փոփոխությունը, պատվիրատուն ուսումնասիրում էր մասնակցության հայտ ներկայացրած կազմակերպությունների հայտերը և մեկ օր ժամանակ տալիս դրանցում առկա թերությունները վերացնելու համար։ Այս պարագայում առաջին աճուրդի մասնակից ընկերությունը հնարավորություն էր ունենում կարգի բերել փաստաթղթերը և հաղթել մրցույթում։

Սակայն կառավարության որոշման փոփոխությունից հետո հանձնաժողովը չի ուսումնասիրում մասնակիցների հայտերը և միայն մասնակցությունը բավարար հիմք է, որպեսզի ենթադրվի, որ վերջինս համապատասխանում է մրցույթի մասնակցության համար պահանջվող չափանիշներին։ Արդյունքում, ստանում ենք այն պատկերը, ինչն ունենք առաջին աճուրդի ժամանակ, երբ հաղթող մասնակցի հետ պայմանագիր չի կնքվում փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով։

Հաջորդ խնդիրը աճուրդում երկրորդ և ավելի բարձր գնառաջարկ ներկայացրած մասնակիցներին «անտեսելն է»։ Կառավարության որոշման համաձայն, պայմանագիր կնքվում է ամենացածր գին առաջարկած մասնակցի հետ, իսկ եթե այդ մասնակցի հետ չի հաջողվում պայմանագիր կնքել, ընթացակարգը համարվում է չկայացած։ Սակայն եթե օրենքի փոփոխության շնորհիվ հնարավոր լիներ հաղթող մասնակցի հետ պայմանագիր չկնքելուց հետո դիտարկել երկրորդ ամենացածր գնառաջարկ ներկայացրած մասնակցին, ապա երկրորդ աճուրդի օրինակով կտեսնեինք, որ մրցույթը կայացած կլիներ, և հաղթող մասնակցի հետ կկնքվեր պայմանագիր։ Դրա արդյունքում էլ չէր տուժի թե՛ դասապրոցեսը, թե՛ կխնայվեին պետբյուջեի միջոցները։

Գնումների օրենսդրության մեջ այս բացն առավել ակնհայտ է դառնում, երբ տեսնում ենք, որ երկրորդ աճուրդին մասնակցած և կասկածելի ցածր գնառաջարկ ներկայացած կազմակերպությունը՝ «Հրաչյա Վարդանյան» ԱՁ-ն, ստեղծվել է առաջին մրցույթի հայտարարությունից ընդամենը երկու օր անց՝ օգոստոսի 29-ին։ Այդ օրից ի վեր «Հրաչյա Վարդանյան» ԱՁ-ն մասնակցել է թվով 16 մրցույթների։ Ուսումնասիրելով այդ մրցույթները՝ տեսնում ենք, որ դրանք եղել են ձևական մասնակցություններ, որոնց նպատակն ամենևին էլ հաղթելը չէր, քանի որ գրեթե բոլոր դեպքերում ներկայացվել էին մի քանի, երբեմն էլ տասնյակ անգամներ նախահաշվային գինը գերազանցող գնառաջարկներ, որի հետևանքով էլ վերջինիս հայտերը մերժվել էին։

Այսպիսով, «Գնումների մասին» օրենքում, ինչպես նաև Էլեկտրոնային աճուրդի մասին կառավարության որոշման մեջ եղած բացթողումների հետևանքով հնարավոր է փաստացի սաբոտաժ անել պետական և հանրային մարմինների գնումների գործընթացը, անընդհատ հետաձգել դրանց իրականացումը, արդյունքում հանրային միջոցների հաշվին ձեռքբերվող ապրանքը, ծառայությունը կա՛մ ժամանակին չեն հասնում մեզ, կա՛մ ձեռք են բերվում մեկ անձով, ավելի թանկ գնով, քան կարող էին գնվել աճուրդի ժամանակ։

Սևադա Ղազարյան