Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի 24-ին մեկուկես ժամանոց հարցազրույց է տվել «Իմեդի» հեռուստաընկերությանը:
Նրա խոսքը, ինչպես փոխանցում են վրացական մի քանի լրատվամիջոցներ, աչքի է ընկել աննախադեպ կոշտ և անհանդուրժողական հռետորաբանությամբ և բացահայտ սպառնալիքով, որ ընտրություններում հաղթելու դեպքում Վրաստանի ներկայիս ընդդիմությունը կդատվի և օրենքից ու քաղաքական համակարգից դուրս կճանաչվի:
Իվանիշվիլին մասնավորեցրել է, որ իր գլխավորած ուժը նպատակ ունի Վրաստանի քաղաքացիներին իրական այլընտրանքի հնարավորություն տալ, որպեսզի չորս տարի հետո նրանք ընտրություն կատարեն լավի և գերազանցի միջև:
«Վրացական երազանքի» պատվավոր նախագահը չի խնայել նույնիսկ նախկին կուսակից Գեորգի Գախարիային, որ ժամանակին Վրաստանի վարչապետի պաշտոնն է զբաղեցրել, նրան անվանել է կոռումպացված դավաճան, որ արժանի է ամենախիստ պատժի:
Նույն օրը «Վաշինգտոն փոստը» հրապարակել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հոդվածը, որ վերանգրված է ասված է: «Ժամանակն է, որ Կրեմլի խամաճիկի ատամները ջարդվեն»: Հրապարակման թիրախը, ինչպես վերնագրից էլ հասկացվում է, Բիձինա Իվանիշվիլին է, որ, ինչպես Սաակաշվիլին է բնութագրում, վերջին երկու տարիներին սեփական կապիտալը հասցրել է հինգ միլիարդ դոլարի:
«Դա Վրաստանի տարեկան ամբողջ համախառն արդյունքի մեկ երրորդն է,- գրել է Սաակաշվիլին և հրապարակումն ամփոփել Արևմուտքի հասցեին քննադատությամբ, քանի որ նա բոլոր ուժերը կենտրոնացրել է Ուկրաինայի ուղղությամբ: Սաակաշվիլին համարում է, որ Վրաստանում «ժողովրդավարության պարտությունը Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի կորուստ է, ներառյալ նաև Ուկրաինան»: Ուստի կոչ է անում ջարդել Կրեմլի խամաճիկի ատամները:
Քաղաքական երկու փորձառու գործիչները, որքան էլ անձնական կամ գաղափարական տարաձայնություններ ունենան, Վրաստանում և նրա շուրջ իրավիճակի հանդեպ մեծ պատասխանատվությամբ պիտի առաջնորդվեին, ոչ թե փոխադարձ կոշտ մեղադրանքներով և վերագրումներով:
Իվանիշվիլի-Սաակաշվիլի հեռակա բանավեճից տպավորություն է, որ Վրաստանում հետընտրական զարգացումների սցենարն արդեն իսկ գրված է, դերաբաշխում կատարված է, մնում է, որ «մեկը բացի վարագույրը»: Իսկ նման «հայրենասեր» միշտ և ամենուր էլ կգտնվի:
Ի՞նչն է դրդել, որ Վրաստանի նախկին նախագահը և ներկայիս փաստացի առաջնորդը միմյանց բաց տեքստով պատերազմ հայտարարել: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ «Վրացական երազանքը» խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու շանս չունի, բայց արդյոք ընդդիմադիր «ալյանսը» միասնական է:
Հոկտեմբերի 26-ի քվեարկությամբ Վրաստանում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ ընտրությունները ճանաչվեն կայացած, բայց ոչ մի ուժ գործադիր իշխանություն չձևավորի: Իվանիշվիլին և Սաակաշվիլին, կարծես, անոնսավորում են նման չափազանց վտանգավոր զարգացում: Եթե, իհարկե, այդ «պատերազմական հռետորաբանությունը» խորքային ենթատեքստ չունի:
Բաց մի թողեք
Ո՞ր ճամբարին կհարի Ադրբեջանը, որ հիմնականում շիադավան է, իսկ ռազմաքաղաքական ինտերգրացիայով՝ թուրքական
Ալիևը խոսել է Հայաստանի համար «սխալ ճանապարհի» մասին
Ահա ռուս-իրանական պայմանագիրը, ահա ռուս-ադրբեջանական համաձայնագիրը