22/11/2024

«Մենք ձեզ հիասթափեցրել ենք եւ ամաչում ենք դրա համար»․ հոգևորական Մայքլ Ջեքսոնը՝ արցախցիներին․ Լուսանկար

Օրերս Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Անգլիկան եւ Արեւելյան ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին, որոնք ժամանել են Հայաստան։ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը կաթողիկոսին է ներկայացրել հանձնախմբի համանախագահներ, Իռլանդիայի Անգլիական եկեղեցու առաջնորդ՝ արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնին, Ղպտի ուղղափառ եկեղեցու Լոնդոնի թեմի առաջնորդ Անգելոս արքեպիսկոպոսին եւ հանձնախմբի մյուս անդամներին` տեղեկացնելով հանձնախմբի աշխատանքների մասին։

Հրապարակ թերթը գրել է․ Աստվածաբանական երկխոսության միջազգային հանձնախմբի անդամները՝ Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմի եւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել են Արցախից բռնի տեղահանված եւ Մայր Աթոռի հովանու ներքո ապաստանած ընտանիքներին: «Այս ընտանիքները, որոնք ապրում են խոր ցավի եւ անորոշության պայմաններում, խորհրդանշում են արցախցիների անկոտրում կամքը եւ հավատքի կենսունակ ուժը։ Հանդիպման ժամանակ արցախցիներին ասել եմ, որ աշխարհը չի մոռացել նրանց, Արցախի հարցը բոլորիս խնդիրն է, եւ մեզնից յուրաքանչյուրը հոգով եւ սրտով արցախցի է, ցավում է Արցախի կորստից նույնքան, որքան տնավեր դարձած արցախցիները»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Հովակիմ սրբազանը։

Իռլանդացի արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը, դիմելով արցախցիներին, ասել է․ «Ես չունեմ տառապանքի այնպիսի փորձառություն, ինչպիսին դուք եք ունեցել եւ այժմ ապրում եք: Որպես միջազգային համայնքի եւ ամբողջ աշխարհի եկեղեցու անդամներ՝ մենք այսօր ձեր կողքին ենք՝ որպես եղբայրներ եւ քույրեր: Մենք ձեզ հիասթափեցրել ենք եւ ամաչում ենք դրա համար: Իմ հայրենիքի՝ Իռլանդիայի մութ օրերին, երբ տեղի էր ունենում անկախության համար մղվող պայքար, իռլանդացի կանանց, տղամարդկանց, երեխաներին, հաշմանդամություն ունեցողներին դուրս էին բերում իրենց մահճակալներից, տներից ու տանում անհայտ ուղղությամբ: Իռլանդացիների ճակատագիրը նման է ձեր ճակատագրին։ Ինչպես Ավետարանում է ասվում՝ «Խավարը լույսը ծածկեց, բայց այն չկարողացավ խեղդել»: Դուք՝ արցախցիներդ, այն լույսն եք, որ չի «խեղդվել»»:

Ղպտի ուղղափառ Անգելոս արքեպիսկոպոսն էլ շնորհակալություն է հայտնել արցախցիներին եւ շեշտել՝ քրիստոնեության մեջ կան 2 տեսակի սրբեր՝ նահատակվածներ եւ խոստովանողներ կամ վկաներ։ «Վերջիններիս բեռն ավելի մեծ է, որովհետեւ ապրում են՝ տառապանքն իրենց մեջ կրելով։ Բայց պետք է հիշեք, որ դուք քրիստոնյա հավատացյալներ եք, եւ մեր Աստվածն ավելի ուժեղ է, քան մեր թշնամիները։ Թեեւ այսօր Արցախը կորցրել եք, ցավի եւ դժվարությունների միջով եք անցնում, բայց Աստված հույս է տալիս, եւ այդ հույսն օգնում է հաղթահարել բոլոր այն խնդիրները, որոնց առջեւ կանգնած եք»,- ասել է նա։

Սրբուհի Հակոբյանն իր ընտանիքի հետ Արցախից տեղափոխվել է 23-ի սեպտեմբերին։ Հանձնախմբի անդամներին նա պատմել է, որ Գանձասարի վանքը ոչ միայն պատմական  նշանակություն է ունեցել, այլեւ իր ընտանիքի հավատի խորհրդանիշն է եղել։ «Գանձասարը տեսանելի էր գյուղի բոլոր անկյուններից»,- ասել է նա՝ ներկայացնելով, թե արցախցիներն ինչպես են անքակտելիորեն կապված իրենց սրբավայրերին։ Նրա 6-ամյա դուստրը Գանձասարը տեսնում էր որպես յուրօրինակ աստվածային ներկայություն՝ այն անվանելով «Աստված պապիկ»: Երբ նրանց ընդամենը 15 րոպե ժամանակ են տվել՝ տարհանվելու համար, Սրբուհին վերցրել է ամենաանհրաժեշտ իրերը՝ փաստաթղթեր, մանկական սնունդ, ու երեխաների հետ փախել անտառների միջով՝ ծանր հրետակոծության տակ։ «Հեռանալիս վերջին անգամ հետ նայեցի Գանձասարին։ 6-ամյա դուստրս, զգալով իրավիճակի ծանրությունը, հարցրեց՝ արդյոք «Աստվածը» լքո՞ւմ է մեզ։ Նա նկատի ուներ Գանձասարը։ Դստերս ասացի՝ երբեք, աղջիկս, եւ միասին սկսեցինք վերջին անգամ Գանձասարի մոտ աղոթել։ Այս հիշողությունը խորհրդանիշ է՝ հարվածների ու կորուստների պայմաններում մեր ունեցած հավատքի ուժի մասին»,- հյուրերին պատմել է Սրբուհին։

Հովակիմ սրբազանն ասաց, որ հանդիպումն անցել է հուզիչ մթնոլորտում։ «Արցախցի մեր հայրենակիցները պատմեցին այն զրկանքների մասին, որոնք կրել են 44-օրյա պատերազմի, սեպտեմբերյան մարտերի, Արցախի շրջափակման ժամանակ։ Արցախցի երեխաներից Տաթեւիկ Շիրինյանը եւ Արփի Աղամանյանը հանդես եկան Արցախին նվիրված բանաստեղծություններով, մասնակիցները միասնական աղոթք արեցին՝ աշխարհի խաղաղության եւ արցախցիների վերադարձի համար։ Կացարանում ապրող մյուս արցախցիները նույնպես կիսվեցին իրենց ցավալի պատմություններով։ Մի մայր պատմեց, թե ինչպես էր կորցրել իր առաջնեկին՝ 2020 թ. պատերազմի ժամանակ, եւ երկրորդ որդուն՝ արտագաղթի ընթացքում վառելիքի պայթյունից։ Այս պատմությունները հիշեցրին մեզնից շատերի մեծ ծնողների պատմածները՝ Դեր Զորի անապատում նահատակվածների մասին․ մի ողբերգական պատմություն, որը, ցավոք, կրկնվեց»,- նշեց Հովակիմ սրբազանը:

«Հրապարակ»․ «Մենք ձեզ հիասթափեցրել ենք եւ ամաչում ենք դրա համար»․ Մայքլ Ջեքսոնը՝ արցախցիներին