27/12/2024

«Վրացական երազանքն» առանց Սաակաշվիլիի «պատերազմական ուրվականի օգնության» կհաղթե՞ր

Թբիլիսիից նախկին զինվորական Գիա Սերուլիձեի կատարած ընտրության մոտիվացիան. նա չի ընդունում Բիձինա Իվանիշվիլիին, բայց չի կարող թույլ տալ, որ Միշիկոն` նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, վերադառնա իշխանության: «Միայն թե նա չվերադառնա, թե չէ պատերազմ կսկսվի»,- ասել է Սերուլիձեն:

Վրաստանի երեքուկես միլիոն գրանցված ընտրողների ցուցակներում նախկին զինվորական Գիա Սերուլիձե անուն-ազգանունով մարդ կա՞՝ ոչ ոք ռուսաստանյան պետական լրատվամիջոցի թղթակցից հաշիվ կամ վիզավիի հետ երկխոսության «իրեղեն ապացույցներ» չի պահանջելու:

Էականը տեղեկատվա-քաորզչական մատրիցան է, որ «Իմեդի» հեռուստաընկերությանը հարցազրույցում ներկայացրել է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին. եթե ընտրողն իրենց չի վստահում, ապա այլընտրանքը Միխեիլ Սաակաշվիլին չէ, վրաց ժողովրդին պետք է հնարավորություն տրվի, որպեսզի ընտրություն կատարի «լավի և գերազանցի միջև»:

Խորհրդարանական ընտրություններին Վրաստանի ընդդիմությունը մասնակցել է մի քանի կուսակցություններով և մեկ դաշինքով, բայց «Վրացական երազանքի» և գործող կառավարության քննադատության սլաքները գերազանցապես Սաակաշվիլիի դեմ էին:

Սաակաշվիլին իրականում այլևս կուսակցության առաջնորդ չէ, ազատազրկված է դատապարտված և պատիժը կրում է բանտում: Եվ հարց է՝ նրա քաղաքական ռեինկառնացիան իր կամ «արևմտյան կուրատորների» նախաձեռնությո՞ւննն էր, թե՞ «Վրացական երազանքի»:

Քվեարկությունից մեկ օր առաջ «Վաշինգտոն փոստը» Սաակաշվիլիի հեղինակությամբ՝ «Ժամանակն է, որ փշրենք Կրեմլի խամաճիկի ատամները» վերնագրով հոդված է հրապարակել: Նույն օրը Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ընդդիմությունը պետք է օրենքով արգելվի, նրա առաջնորդները՝ դատվեն:

ՌԻԱ-Նովոստիի հատուկ թղթակիցը «զարմանքով» արձանագրում է, որ չնայած ԿԸՀ հրապարակած արդյունքների նկատմամբ անվստահությանը՝ վրացական ընդդիմությունն իր կողմնակիցներին դեռևս փողոց չի հանում:

Ի՞նչ քայլեր կձեռնարկի Վրաստանի ընդդիմությունը, երբ քվեարկության վերջնական արդյունքները հրապարակվեն, չենք կարող ասել, բայց տպավորություն կա, որ իշխող ուժը ձգտում է «ձեռքի հաշվարկով» հատել 60 տոկոսի շեմը: Այդ դեպքում նա խորհրդարանում կունենա քվեների երկու երրորդը, ինչը թույլ կտա առանց հանրաքվեի սահմանադրական փոփոխություններ կատարել:

Եթե միտումն իրականում դա է, իսկ ձեռքով վերահաշվարկի նախնական արդյունքները նման եզրակացություն անելու տեղ թողնում են, ուրեմն «Վրացական երազանքի» հաղթանակը կարող է փոխակերպվել Վրաստանի ռազմավարական պարտության:

Ի՞նչ դեր ունի այս «մեծ խաղում» Միխեիլ Սաակաշվիլին: Վրացական «ճակատագրական քվեարկության» նախօրեին «Նեզավիսիմայա գազետան» ուշագրավ դիտարկում է արել, որ Վրաստանում «ռուսամետ ուժեր չեն կարող լինել, քանի որ ինչքան գոյություն ունի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի խնդիրը, ոչ մի վրացի Ռուսաստանը բարեկամ երկիր չի ճանաչի»:

Գուցե իրականում այդպես է, բայց քաղտեխնոլոգիան կարողացել է վրաստանցի միջին-վիճակագրական ընտրողին համոզել, որ «Սաակաշվիլիի իշխանության վերադարձը բերելու է պատերազմ, ավերածություններ, աղքատություն, արտագաղթ»:

Եթե Սաակաշվիլին քարոզարշավի վերջին օրերին ակտիվություն չցուցաբերեր կամ ի սկզբանե հայտարարեր, որ քաղաքականությամբ չի զբաղվում, հաղթանակի ի՞նչ հիմնական նարատիվ էր գեներացնելու «Վրացական երազանքը»:

Պակաս կարևոր չէ նաև հարցը՝ իսկ Սաակաշվիլին լռելու, քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարության իրավունք ունե՞ր: Իսկ ամենաէականը, թերևս, այն է, թե «Վրացական երազանքն» առանց Սաակաշվիլիի «պատերազմական ուրվականի օգնության» կհաղթե՞ր:

Իսկ գուցե բոլոր տեղերում նախկինները պետք է քաղաքականությունից անվերադարձ հեռանա՞ն: