Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ ընտրությունների նախնական արդյունքների, ըստ որի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին և 4-րդ անգամ կկարողանա կառավարություն ձևավորել։
Ընդդիմությունը և երկրի նախագահը հրաժարվում են ճանաչել քվեարկության պաշտոնական արդյունքները և պահանջում են նոր ընտրություններ, բայց առանց ԿԸՀ-ի մասնակցության։
Քվեարկության ավարտից հետո երկու օր շարունակ իշխանությունների ընդդիմախոսները քննարկում էին, թե ինչպես վարվել։ Հոկտեմբերի 27-ին նրանք խորհրդակցություն են անցկացրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պալատում։ Երեկոյան երկրի ղեկավարը ընդդիմության առաջնորդների հետ միասին մամուլի համար հայտարարություն էր արել՝ նշելով ընտրությունների արդյունքները կեղծիքների պատճառով չճանաչելու մասին և հանրահավաք հայտարարել։
Նախագահը ներկաներին երդվել է, որ կլինի նրանց հետ «մինչև այս եվրոպական ճանապարհի ավարտը և մինչև հասելը Եվրոպայի դռներին»։
Ինչ են պահանջում ընդդիմությունն ու նախագահը
Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքում ելույթ է ունեցել «Միասնություն-Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Գիորգի Վաշաձեն, որը կոալիցիայի անունից պահանջել է երկրում նոր ընտրություններ անցկացնել «միջազգային ընտրական վարչակազմի ղեկավարությամբ»։
Նա չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ նկատի ունի վարչակազմ ասելով, սակայն, ըստ երևույթին, ցանկացել է ընդգծել, որ ընդդիմությունը չի վստահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
«Կառավարության հետ միակ բանակցությունները վերաբերելու են նոր ընտրությունների անցկացմանը միջազգային դիտորդների օգնությամբ»,- հավելել է նա։
Ցույցին եկել է նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը սկզբում հայտարարել էր միջոցառման մասին՝ հրավիրելով քաղաքացիներին մասնակցել դրան։ Նրան դիմավորել են վանկարկումներով:
Ցուցարարներին ուղղված իր ելույթում Զուրաբիշվիլին նշել է. «Մենք պայքարելու ենք ձեր ընտրելու սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար։ Հիմա հոռետեսության ժամանակը չէ, հիմա կարևոր է հանգիստ և գլուխները բարձրացրած պաշտպանել մեր ձայները»։
Հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ։ Նրանք եղել են Վրաստանի, Եվրամիության և անգամ Ուկրաինայի դրոշներով։
Ի տարբերություն վրացական նախորդ բուռն ցույցերի՝ այս անգամ ցուցարարները բավական հանգիստ են եղել: Խորհրդարանի շենքի մոտ նրանք կանգնած են եղել ոստիկանական գծից ընդամենը կես մետր հեռավորության վրա, և բոլորը միասին դիտել քաղաքական գործիչների ելույթները։ Երբեմն ոստիկաններն ու ցուցարարներն անգամ կարճ զրույցներ են փոխանակել:
Reuters-ի ԵՄ աղբյուրները հայտնել են, որ Եվրամիությունը «հիասթափված է» ընտրությունների արդյունքներից:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել լիարժեք հետաքննել ընտրությունների խախտումների մասին հաղորդումները։
Նա նշել է, որ միջազգային դիտորդները ընտրությունների արդյունքներն արդար ու ազատ չեն հայտարարել։
Միջազգային դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ թեկնածուներն ազատ են քարոզարշավ իրականացնելու համար, սակայն Վրաստանում ընտրություններն ուղեկցվել են բևեռացումներով և ընտրողների ճնշումների մասին հաղորդումներով:
Ընտրությունների օրը քվեարկությունը, ըստ առաքելության, ընդհանուր առմամբ լավ կազմակերպված է եղել, սակայն այն նաև նշել է, որ եղել են ահազանգեր ընտրողների վրա ահաբեկման և ճնշումների մասին:
Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ են արել հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ ավելի վաղ Վրաստանի իշխանություններին կոչ էր արել հետաքննություն անցկացնել խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ։
Ինչու էին կարևոր այս ընտրությունները
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները համարվում են երկրի պատմության մեջ ամենակարևորը, որը որոշելու էր ոչ միայն խորհրդարանի ապագա կազմը, այլև երկրի՝ հետագա տարիների զարգացման վեկտորը։
Վրաստանն առաջին անգամ ընտրել է խորհրդարան՝ ունենալով ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, սակայն արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում աննախադեպ ճգնաժամի ֆոնին Եվրամիությանն անդամակցության գործընթացը կասեցվել է, իսկ հետագան մնում է անորոշ։
Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենում ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան 10 օր հետո, և այն նշանակում է նախագահը։ Իսկ նախագահը, ինչպես հայտնի է, հրաժարվել է դա անել: Երկրի վարչապետի խոսքով՝ այդ նիստը տեղի կունենա առանց նախագահի ստորագրության, ինքնաբերաբար:
Փաստն այն է, որ Վրաստանում առանց այն էլ աղմկոտ քաղաքական իրավիճակը ավելի ու ավելի շատ է հայտնվում աշխարհի ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք՝ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը:
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53.92 %-ը:
Բաց մի թողեք
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար
Բայդենի բռունցքի վերջին ուժը Ռուսաստանի վրա՝ Թրամփին իշխանությունը փոխանցելուց առաջ
Թբիլիսիում ի՞նչ է ծրագրվում, հեղաշրջում կլինի՞