22/11/2024

«Հացը» «Իրական Հայաստանի» սահմանների ներսում «քամելու» համար անհրաժեշտ է, որ դրա սահմանները լինեն խաղաղ ու ամրակայված

«Բյուջե 2025»-ի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին անդրադարձավ վերջին առնվազն մեկ տարվա մեջ հաճախակի հոլովվող խոսույթին՝ «Իրական Հայաստան»-ին և այն սպասարկելու համար միջոցներ ու ջանքեր գործադրելուն՝ օրենսդրությունից մինչև մտածելակերպի, հայրենիքի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն։

Այն է՝ անել այնպես, որ հայրենիքը սոսկ չասոցացվի ծննդավայրի, հայտնի երգի խոսքերի հանգույն՝ երազային, մեր պապերի շահած, մեր եղբայրների պահած, շատ հոգսեր ու մեծ հույսեր ունեցող աշխարհագրական տարածքի հետ, այլ ընկալվի իբրև մի վայր, օրրան, որտեղ երաշխավորված է ոչ միայն աշխատելու, այլև արժանապատիվ վաստակի միջոցով բարեկեցիկ կյանք կառուցելը՝ «այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց» բանաձևի տրամաբանությամբ։

«Իրական Հայաստան»-ի խոսույթը, ինչպես ասվեց, առավել ուժգնությամբ գործածվեց ամիսներ առաջ՝ Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացի համատեքստում։ Այն տորպեդահարելու համար էլ շահագրգիռ հայտնի խմբակները սկսեցին հերթական «սրբազան արշավանքը», որի լոզունգներից մեկն էլ, հիշեցնենք, «Հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին»-ն էր։ Որոշ ժամանակ անց Հանքավանում, անդրադառնալով այս ընդդիմադիր շարժման ֆիասկոյի պատճառներին, վարչապետը նկատեց՝ այն ձախողվեց, «որովհետև իրական Հայաստանը որպես գաղափարախոսություն այսօր, այս օրերին և նախորդող շրջանում հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում և ընկալվում է ժողովրդի կողմից… Իսկ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է. երբ ժողովուրդը ասում է՝ մեզ և բոլորին, ասում է՝ «լսեք, չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»: Եվ ժողովրդի ուղերձը իր էլիտաներին և մեզ՝ որպես իշխող, կառավարող մեծամասնություն, հետևյալն է՝ «կարո՞ղ եք արդյոք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես ապրենք,- հայտարարեց վարչապետը:- Այսինքն՝ ոչ թե ինչ-որ խաչ լինի մեր վզին դրած, որը մենք պետք է Գողգոթայի ճանապարհով քարշ տանք դեպի վերև կամ դեպի ներքև, կարո՞ղ եք ստեղծել միջավայր, որ պարզապես ապրենք, ապրենք, էրեխեք ունենանք, էրեխեքը երջանիկ լինեն, բարեկեցիկ լինեն, ու մանավանդ որ դրա համար անհրաժեշտ առաջնային գործիքը ունենք, և էդ գործիքը պետությունն է…»: «Բյուջե-2025»-ի նախագծի քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ազդարարեց իր հանքավանյան հայտարարության «գործողության պլան»-ի մասին՝ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը հոմանշելով «բարեկեցիկ Հայաստանի» տեսլականի հետ։

Անշուշտ, բարեբախտություն է հարուստ, զարգացած, իրավական, սոցիալական, ժողովրդավարական կայացած ինստիտուտներ ունեցող պետության քաղաքացի լինելը, պետություն, որը լինելով, Փաշինյանի ասած, «գործիք»-ը, միաժամանակ իր քաղաքացիներին է պատվիրակում գործիքներ՝ «լավ ապրելու» ռացիոնալ պահանջմունքը (քիչ աշխատել, շատ վաստակել, երկար ապրել) բավարարելու համար։ Բայց օրինական աշխատանքով հարստանալու՝ «հացը» սեփական երկրի «հողից»՝ հայրենիքի սահմանների ներսում «քամելու» համար անհրաժեշտ է, որ այդ հողն ու դրա սահմանները լինեն անվտանգ ու ամրակայված, այդ սահմանների ներսում էլ ապահովված լինի աշխատանքի տրամադրելու բարոյահոգեբանական մթնոլորտ։ Եթե ապահովված չեն այդ՝ պաշտպանված լինելու երաշխիքները, ապա ոչ միայն աշխատելու, այլև «պարզապես ապրելու, էրեխեք ունենալու», այն է՝ ծնելիության խթանմանն ու այլ սոցիալական խնդիրներին ուղղված միջոցառումները դառնում են անլիարժեք ու թերի։ Խոցելի սահմանները, ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակը սոցիալ-հոգեբանորեն ազդում են մարդու ոչ միայն աշխատունակության, այլև վերարտադրողական ֆունկցիայի վրա՝ կանգնեցնելով ոչ միայն սեփական կյանքի, այլև իրենից ծնվածների ապագայի նկատմամբ վստահության կորստի առաջ։ Եվ շատ հաճախ ապահովության զգացումի դեֆիցիտն է, որ ստիպում է ՀՀ քաղաքացուն «լավ ապրելու» փնտրտուքն իրականացնել «Երկիր Նաիրիից» դուրս՝ իր՝ ֆիզիկապես պաշտպանված լինելը երաշխավորող երկրներում։ Այս իրականությանն առերեսվում ենք ոչ միայն ՀՀ վիճակագրական տվյալներն (բնական հավելաճ, արտագաղթ) ուսումնասիրելիս, այլև տեղեկանալով սոցիոլոգիական տարբեր հարցումների արդյունքներին։ Մասնավորապես Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծական հետազոտությունների կենտրոնի կողմից Հայաստանում անցկացված համազգային հարցման համաձայն (հրապարակված 2023 թ. մայիսին), «որո՞նք են հիմնական խնդիրները, որ առկա են այսօր Հայաստանում» հարցին 44% կազմող պարզ մեծամասնությունը պատասխանել է՝ «ազգային անվտանգությունը»: «Մեր հարցումը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիների համար առաջնային խնդիրն ազգային անվտանգությունն է»,- ասել էր ՄՀԻ Եվրասիայի բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսն ու հավելել՝ «արդյունքներն ի ցույց են դնում, որ առկա է հստակ ակնկալիք կառավարությունից՝ առաջնահերթություն տալ Հայաստանի սահմանների պաշտպանությանն ու զինված ուժերի հզորացմանը»։

Արդ, սահմանազատման գործընթացի առաջմղումը, սանտիմետր առ սանտիմետր ՀՀ սահմանները ֆիքսելն ու ամրակայելը, հարևան երկրների հետ հարաբերությունների նորմալացումը (եթե ոչ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը), ապաշրջափակված կապուղիները առանցքային, եթե չասենք՝ կենսական կարևորություն ունեն ոչ միայն «Իրական Հայաստանի» ֆիզիկական երաշխավորման, այլև դրա քաղաքացիների ֆիզիկական կյանքի, ապաև՝ այդ կյանքի բարեկեցիկ լինելը երաշխավորելու հարցում։ Հենց այս պրագմատիկ օրակարգով էլ՝ անվտանգություն և խաղաղություն, ըստ ամենայնի տեղի կունենան գալիք խորհրդարանական ընտրությունները, ակնարկ, որը լսելի էր Փաշինյանի «Բյուջե 2025»-ի նախագծի վերաբերյալ հայտարարության մեջ։

Հ. Մանուկյան