04/11/2024

Պուտինի միջուկային վարժանքն ու Թրամփի ընտրությունը

Ռուսաստանը հոկտեմբերի 29-ին իրականացրել է միջուկային ուժերի վարժանք, այդ թվում՝ հրթիռային արձակումով: Վարժանքը ղեկավարել է անձամբ ՌԴ նախագահ Պուտինը, որը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի սպառազինության նոր մրցավազքի մեջ ներքաշվելու ցանկություն, բայց միջուկային արսենալը կպահպանի բավարար անհրաժեշտ մակարդակի:

Ռուսաստանը, իհարկե, սպառազինության մրցավազքի ոչ միայն ցանկություն, այլ, ըստ էության, առաջին հերթին հնարավորություն թերևս չունի: Ի վերջո, սպառազինության մրցավազքին չդիմացավ Խորհրդային Միությունը: Ռուսաստանի համար դիմանալը կլինի առավել բարդ:

Միևնույն ժամանակ, ներկայումս, իհարկե, օրակարգի թիվ մեկ հարցը բոլորովին միջուկային մրցավազքը չէ, այլ միջուկային պատերազմը: Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն այսօր ունեն մի քանի հազար միջուկային մարտագլխիկ, և, եթե նախկինում դրանք զսպման միջոց էին, ապա այսօր արդեն դրանք, ըստ էության, վերածվել են ճոճվող բռունցքների: Ընդ որում՝ ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե այդ բռունցքների ցուցադրությունը կամ դրա մասին ակնարկները որքանով են պարզապես բլեֆ, և որքանով կարող են լինել իրական: Հատկանշական է, որ Ռուսաստանը միջուկային վարժանք է իրականացնում ԱՄՆ նախագահի ընտրությունից մի քանի օր առաջ:

Ինչպես հայտնի է, միջուկային պատերազմի սպառնալիքը նախագահի թեկնածու, նախկին նախագահ Տրամպի նախընտրական հռետորաբանության պարբերական ուղեկից է: Տրամպը պարբերաբար հայտարարում է, որ Հարիսի ընտրության պարագայում միջուկային պատերազմը կարող է դառնալ անխուսափելի:

Նախագահի ընտրությունից հաշված օրեր առաջ միջուկային վարժանքով՝ հատկապես, երբ հրապարակված սոցհարցումների միջինացված տվյալով արձանագրվում է թեկնածուների միջև գրեթե մաթեմատիկական հավասարություն՝ 48-ական տոկոս հանրային վստահություն, Մոսկվան կարծես թե կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի «ծանրացնում» է այն ընդդիմախոսությունը, որ Հարիսի հասցեին հնչեցնում է Տրամպը՝ միջուկային սպառնալիքի վերաբերյալ իր գույժերով:

Օրեր առաջ Պուտինն անլուրջ էր որակել Տրամպի հայտարարությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ նախագահ եղած շրջանում ինքը Պուտինին զգուշացրել է ձեռք չտալ Ուկրաինային, այլապես ԱՄՆ կհարվածի Մոսկվային: Այժմ Պուտինը միջուկային վարժանք է իրականացնում ամերիկացիների քվեարկությունից 4-5 օր առաջ, այդ կերպ «ծանրացնելով» թերևս Տրամպի «նժարը»: Քվեարկությունից մի քանի օր առաջ բավականին տարօրինակ ու աննախադեպ վարքագիծ են դրսևորել Միացյալ Նահանգների հեղինակավոր երեք լրատվամիջոց՝ Washington Post-ը, Los Angeles Times-ը եւ USA Today-ը:

Դրանք ամմերիկյան մեդիայի առաջատար պարբերականներից են, որոնք նախագահի ընտրությունների ընթացքում մշտապես աջակցություն են հայտնել դեմոկրատների թեկնածուին: Այս անգամ, սակայն, այդ պարբերականների սեփականատերերը թույլ չեն տվել խմբագրակազմին հայտնել այդ աջակցությունը և հայտարարել են չեզոքության մասին:

Ամերիկյան հեղինակավոր մեդիայի առաջատար պարբերականներից երեքի, իսկ ավելի շուտ՝ նրանց սեփականատերերի պահվածքը իրապես ուշագրավ է և վկայում է այն մասին, որ իրավիճակը նոյեմբերի 9-ից առաջ իսկապես գտնվում է նժարային այնպիսի հարաբերակցության մեջ, որ ամենափոքր դետալն անգամ իրավիճակը կշրջի այս կամ այն կողմ: