Հայտնի են Երևանի քաղաքապետարանի նոր՝ Ստեղծագրության ակադեմիա ծրագրի հաղթողները։ Երևանի Դրամատիկական թատրոնում կայացավ ծրագրի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։
Մրցանակները հաղթողներին հանձնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ով ողջունեց ծրագրի անցկացումը։
«Ստեղծագրության ակադեմիայի մեկնարկը հաջող տրված է։ Մենք այս ձևաչափը շարունակելու ենք նաև հաջորդ տարի և ընդլայնելու ենք ակադեմիայի գործունեությունը, ոլորտները, առկա անվանակարգերը։ Ակադեմիայի մթնոլորտը շատ ջերմ ու տաք է եղել, և մեր գաղափարն իր նպատակին է հասել»,-նշեց Լևոն Հովհաննիսյանը։
Արձակ ենթաբաժնում դասավանդել են հայ ժամանակակից գրող, «Հիսուսի կատուն» բեսթսելերի հեղինակ Գրիգը, գրական թարգմանիչ, խմբագիր, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Զավեն Բոյաջյանը, գրական արձակագիր, ՀՀ նախագահի մրցանակի մրցանակակիր, ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» Հուշամեդալի դափնեկիր Սուսաննա Հարությունյանը։ Արձակ անվանակարգում մասնակիցները ներկայացրել են մեկական պատմվածք։ Հաղթողը կարժանանա 500.000 ՀՀ դրամի մրցանակի: Ներկայացված ստեղծագործության հիման վրա Երևանում գործող բուհերում կինոռեժիսորի մասնագիտություն ստացող ուսանողները և թատրոններն ու թատերական նախաձեռնությունները կներկայացնեն համապատասխանաբար կարճամետրաժ ֆիլմի նկարահանման և թատերական բեմադրության տեսլական: Ընտրված կողմին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ նկարահանումը կամ բեմադրությունն իրականացնելու համար: Արձակ ենթաբաժնում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Արամ Դովլաթյանը, երկրորդը՝ Քրիստ Շեգունցը, երրորդ հորիզոնականում հայտնվեց Արաքսյա Ջանջուղազյանը։
Բանաստեղծություն ենթաբաժնում դասավանդել են բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր , պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանը, հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացու մեդալակիր, Ֆրիտյոֆ Նանսեն ոսկե մեդալակիր Հակոբ Մովսեսը, Գրքի երևանյան միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ, «Վերնատուն» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Սարգսյանը։ Բանաստեղծություն անվանակարգում մասնակիցները ներկայացրել են հինգ մասից բաղկացած բանաստեղծական շարք: Հաղթողը կարժանանա 500.000 ՀՀ դրամի: Ներկայացված ստեղծագործության հիման վրա պատկերազարդողները կներկայացնեն իրենց էսքիզները: Ընտրված պատկերազարդողին կտրամադրվի ֆինանսական աջակցություն, իսկ ժողովածուն կտպագրվի: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Դավիթ Պետրոսյանը, երկրորդը՝ Ժաննա Թեգլե Պողոսյանը, երրորդ հորիզոնականը՝ Նարե Շմավոնյանը (Նարե Վարդանի)։
Կինոսցենար ենթաբաժնում դասավանդել են հայ կինոքննադատ, մշակութաբան, դրամատուրգ, սցենարիստ, արվեստագիտության թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, կինոռեժիսոր, սցենարիստ Էդգար Բաղդասարյանը, կինոքննադատ, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։ Մասնակիցները ներկայացրել են կարճամետրաժ ֆիլմի մեկական կինոսցենար: Հաղթողը կարժանանա 500.000 ՀՀ դրամի: Ներկայացված ստեղծագործության հիման վրա Երևանում գործող բուհերում կինոռեժիսորի մասնագիտություն ստացող ուսանողները կներկայացնեն կարճամետրաժ ֆիլմի նկարահանման տեսլական: Ընտրված ռեժիսորին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ նկարահանումներին իրականացնելու համար: Առաջին հորիզոնականն այս ենթաբաժնում զբացեցրեց Նոյեմի Անդրեասյանը, երկրորդ հորիզոնականը՝ Սերգեյ Մելիքյանը, երրորդը՝ Մարիա Իսրայելյանը։
Դրամատուրգիա ենթաբաժնում դասավանդել են հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, բազմաթիվ գրական եւ թատերական մրցանակների դափնեկիր Կարինե Խոդիկյանը, հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, Մովսես Խորենացու մեդալակիր Գուրգեն Խանջյանը, հայ ռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Դրամատուրգիա անվանակարգում մասնակիցները ներկայացրել են մեկական պիես: Հաղթողը կարժանանա 500.000 ՀՀ դրամի: Ներկայացված ստեղծագործության հիման վրա Երևանում գործող թատրոններն ու թատերական նախաձեռնությունները կներկայացնեն պիեսի բեմադրության տեսլական: Ընտրված հայտատուին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ բեմադրությունն իրականացնելու համար: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Միքայել Մարգարյանը, երկրորդ հորիզոնականը՝ Լիլիթ Ղազարյանը, երրորդը՝ Նարեկ Հակոբյանը։
Արվեստի քննադատություն ենթաբաժնում դասավանդել են ԵՊՀ պրոֆեսոր, Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը, գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, արվեստի պատմաբան և տեսաբան, միջնադարագետ, էսեիստ, հեռուստա և ռադիո հաղորդավար Տիգրան Գրիգորյանը։ Մասնակիցները ներկայացրել են մեկական քննադատական հոդված՝ հայ ժամանակակից ստեղծագործողի աշխատանքի/աշխատանքների վերաբերյալ: Հաղթողը կարժանանա 1.000.000 ՀՀ դրամի և մեկ տարվա ընթացքում պետք է տպագրի ևս 2 նմանատիպ հոդված՝ ՀՀ-ում գործող պարբերականներում, թերթերում կամ ամսագրերում:
Առաջին հորիզոնականը կիսեցին Էլեն Եղիազարյանը և Էլեն Դանիելյանը։ Երկրորդ հորիզոնականում նույնպես երկու մրցանակակիր էր՝ Սիլվա Ծատուրյանը և Հայրապետ Հակոբյանը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Լուսինե Մխիթարյանը։
«Հատկանշական է, որ ծրագրի շրջանակում 150-ից ավելի մասնակից ստացավ անվճար դասընթացների մասնակցելու հնարավորություն։ Յուրաքանչյուր անվանակարգում ներառված էին 3 անվանի մասնագետներ։ Շրջանավարտների մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ։ Լավագույն աշխատանքների հիման վրա կտպագրվի պատկերազարդ գիրք, կնկարահանվի ֆիլմ, կբեմադրվի թատերական ներկայացում»,-նշեց Ակադեմիայի ծրագրի ղեկավար Ռոզա Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի մասնակից դասախոսներին և ուսանողներին։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը ստեղծել էր նոր ծրագիր, որը նախատեսում է հասցեագրել ժամանակակից ստեղծագրողների խնդիրները՝ ինքնաարտահայտման, միջոլորտային կապերի հաստատման, գիտելիքի և հմտությունների ձեռքբերման հնարավորություն տալով: Ստեղծագրության ակադեմիա ծրագրի մեկնարկը տրվել էր հուլիսին։ Ծրագրի շրջանակում տարատեսակ միջոցառումներ իրականացվեցին բանաստեղծների, արձակագիրների, դրամատուրգների, սցենարիստների և արվեստի քննադատների համար:
Ծրագիրը բաղկացած էր մի քանի փուլերից: Ընդհանուր առմամբ հինգ անվանակարգերի համար (բանաստեղծություն, արձակ, դրամատուրգիա, կինոսցենար, արվեստի քննադատություն) հայտարարվել էր ընդունելության մրցույթ, որին կարող էին դիմել 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր ցանկացողները: Խմբերի ձևավորումից հետո ոլորտի առաջատար մասնագետները դասընթացներ մատուցեցին ուսանողներին:
Դասընթացներից հետո շրջանավարտները հնարավորություն ունեին մասնակցելու ծրագրի շրջանակում հայտարարվող մրցույթին:
Ռոզա Գրիգորյան
Բաց մի թողեք
Կլասիկա եւ վիրտուոզ ջազ: Դենիս Մացուեւ. Լուսանկարներ, Տեսանյութեր
Երգչուհի Ադելը բակտերիալ վարակի պատճառով ձախ ականջից խլացել է. Լուսանկար
«Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի մոտիվներով բեմադրությունը` «Գորիս» ՔԿՀ-ում. Լուսանկար