Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկն ինքնին բավական ուշագրավ վերլուծությունների տեղիք է տալիս ոչ միայն ընդհանուր առմամբ վճարված հարկերի, ընկերությունների՝ այդ ցուցակում տեղաշարժի, այլև այն առումով, թե որ ոլորտում ինչպիսի իրավիճակ է:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս անգամ ՊԵԿ-ի հրապարակած 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում ուսումնասիրել ենք սննդամթերքի արտադրության «դաշտը»։ Հրապարակված տվյալների համաձայն, սննդամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից վճարվել է շուրջ 30 մլրդ դրամի հարկ (դասակարգումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թ. սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա)։ Հետաքրքիր է, որ նշված գումարի գրեթե 50 %-ը բաժին է ընկնում… երեք կազմակերպության՝ «Գրանդ Քենդի», «Աթենք» և «Բաղրամյան»:
Ի մասնավորի, հրուշակեղենի և պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Քենդի» ընկերությունը վճարել է 6,4 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 21 %-ը: Այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 30-րդն է:
Հաջորդը մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունն է, որը վճարել է 5,4 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 18 %-ը: Ի դեպ, «Աթենքը» նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 24 հորիզոնականով և 1000 խոշոր հարկատուների ցանկում 38-րդն է:
Վերջապես լավագույն եռյակը եզրափակում է ալյուրի արտադրությամբ զբաղվող «Բաղրամյան» ընկերությունը, որը վճարել է 2,8 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 9 %-ը։ Այս կազմակերպությունը ցանկում 85-րդն է:
Հավելենք, որ սննդամթերքի արտադրության ոլորտում միայն նշյալ երեք ընկերություններն են լավագույն հարյուրյակի մեջ:
Ներկայացնենք նաև այս ոլորտի առաջատար տասնյակի մյուս ընկերությունները. «Դուստր Մարիաննա» (115-րդ տեղ), «Մարտին սթար» (164-րդ տեղ), «Ռոյալ-Արմենիա» Հ/Ձ (202-րդ տեղ), «Բեկոն պրոդուկտ» (282րդ տեղ), Երևանի շոկոլադի գործարան (361-րդ տեղ), «Կաֆե Դյու Բրազիլ» (410-րդ տեղ) և «Արտաշատի պահածոների գործարան» (421-րդ տեղ):
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար