22/11/2024

Դըկոտինյին Փարիզին հորդորո՞ւմ է չհապաղել Սյունիքում, ինչու է կանգառում Ֆրանսիան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «ֆանտաստիկայի ժանր» է որակել ադրբեջանական հիստերիան, որ առաջացել է դեսպանի Սյունիք կատարած հերթական այցի, մասնավորապես Ներքին Հանդ այցելության առիթով:

Ադրբեջանական պրոպագանդան աղմկել է, թե ֆրանսիացիները հետախույզններ են տեղակայում սահմանին: Սա, իհարկե, ադրբեջանական պրոպագանդայի ոճն է, աղմկել ցանկացած առիթով՝ այդ կերպ փորձելով ստեղծել «հավասարության նշան»՝ Հայաստանի հանդեպ Բաքվի գործնական առավելապաշտության հանդեպ Հայաստանի արհեստական հավակնություն կառուցելու միջոցով:

Այդ հարցում ադրբեջանական պետական պրոպագանդայի համար «առատ աղբյուրի» կարգավիճակ է տրվել Ֆրանսիային: Բաքվի մոտիվները Ֆրանսիայի հարցում, իհարկե, ավելի խորն են, մի շարք այլ ականջներով, սակայն զուգահեռ՝ Ադրբեջանը փորձում է նաև քաղել վերը նշածս պրոպագանդիստական էֆեկտը:

Անշուշտ, դա չի կարող լինել պատառ, որ Ֆրանսիան կաշկանդվի Հայաստանի հետ իր հարաբերության հարցում: Առավել ևս, որ այդ հարաբերությունը բացարձակապես չի հակասում ոչ միայն միջազգային իրավունքի որևէ նորմի, տառի անգամ, այլ նաև բացարձակապես որևէ հավակնոտություն չունի Ադրբեջանի հանդեպ:

Հայ-ֆրանսիական գործակցությունն անգամ չունի այնպիսի ծավալ, որը տեսականում նույնիսկ հնարավոր է ողջախոհության կանխավարկածի պարագայում ներկայացնել որևէ մեկի հասցեին սպառնալիք կամ մարտահրավեր:

Փոխարենը Ֆրանսիայի դեսպանը, այցի ընթացքում զրուցելով լրագրողների հետ, մասնավորապես խոսելով Ներքին Հանդից ստացած տպավորության մասին, արձանագրել, որ կան ադրբեջանական արկածախնդրության ռիսկեր՝ հաշվի առնելով հատկապես այն, որ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով: Իհարկե, ռիսկերը Ֆրանսիայի դեսպանի արձանագրելով չէ, որ կան, կամ չկան:

Այստեղ, սակայն, էականն այն է, թե ինչ ճանապարհներ կան այդ ռիսկերը չեզոքացնելու համար: Օրինակ, այդ իմաստով ի՞նչ եզրահանգումներ է անում դեսպանն իր այցերի ընթացքում: Մասնավորապես, դեսպան Դըկոտինյին Փարիզին հորդորո՞ւմ է չհապաղել Սյունիքում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում:

Ինչ խոսք, պետք չէ ունենալ պատրանք, թե հյուպատոսությունը ինքնին լինելու է Ադրբեջանին կաշկանդող հանգամանք: Որևէ այդպիսի հաստատություն պետք է իր ներքո ունենա բազմաշերտ և բազմաբնույթ ռեսուրսային համակարգ, որը կապահովի այդօրինակ ինստիտուտի քաղաքական կենսունակությունը:

Բայց հենց այդ առումով էլ ուշագրավ է հարցը, թե ինչո՞ւ դեռևս 2023 թվականին այդ մտադրության մասին բարձրաձայնելուց ավելի քան մեկ տարի անց չկա պրակտիկ զարգացում: Ինչո՞ւ է Ֆրանսիան հապաղում Սյունիքում հյուպատոսություն բացելու հարցում: Սպասո՞ւմ է Փարիզն ինչ-որ բանի, թե՞ ձեռնպահ է մնում ինչ-որ բանի առիթ տալուց: