Նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ի գագաթնաժողովը չի ստացվում ներկայացուցչական: Դրան չի մասնակցի միջազգային քաղաքականության մեջ էական դերակատար պետությունների ղեկավարների մի զգալի մասը:
Դիվանագիտական «տրիումֆը» չի ստացվում, և Ալիևին մնացել է թերևս Բաքվի միջոցառումը նշանավորելու մի տարբերակ՝ դրանում ապահովել Հայաստանի հետ որևէ փաստաթղթի ստորագրում, որը տեղի ունեցող միջոցառմանը կտա միջազգային այնպիսի հնչեղություն, որը կապահովի «նյուզմեյքերություն»:
Ըստ ամենայնի՝ ներկայումս կա այդ հարցի քննարկում՝ Երևանի և Բաքվի միջև: Դա կարո՞ղ է նշանակել «խաղաղության պայմանագրի» ստորագրում: Հազիվ թե: Մեծ հավանականությամբ խոսքը այն «շրջանակային համաձայնագրի» մասին է, որի միտքը Ալիևը հնչեցրել էր մի քանի շաբաթ առաջ:
Դա, իհարկե, «պատահական» միտք չէր: Հաշվարկն այն է, որ «շրջանակային հռչակագիրը» կարող է ընդունելի լինել բոլոր այն ուժային կենտրոնների, աշխարհաքաղաքական շահագրգիռ կողմերի համար, որոնց հետաքրքրում է Կովկասի ստատուս քվոն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացը:
«Շրջանակային համաձայնագիր» ասվածը, ըստ էության, միկրոմակարդակում լինելով Ադրբեջանի նախաձեռնության իրականացում, մակրոմակարդակում չի բերի էական փոփոխության, հետևաբար չի արժանանա որևէ փոփոխություն ռազմավարական ռիսկ դիտարկելու՝ որևէ կենտրոնի բացասական վերաբերմունքին և հակազդեցությանը:
Երևանը կպնդի՞, որ ստորագրվող փաստաթուղթը լինի «խաղաղության պայմանագիր»՝ այս պահին համաձայնեցված կետերով, թե՞ կհամաձայնի ստորագրել «շրջանակային համաձայնագիր»՝ դրա դիմաց ստանալով գերիների նոր խմբի վերադարձ:
Հարցը, սակայն, միայն այդ համաձայնությունը չէ: Բաքուն, ամենայն հավանականությամբ, ձգտում է հայ-ադրբեջանական որևէ ստորագրություն կազմակերպել հենց գագաթնաժողովի շրջանակում: Դրանով է, որ պետք է ապահովվի «համաշխարհային իրադարձությունը»:
Մինչդեռ հենց այդ «անտուրաժային» հանգամանքը ինքնին չի կարող լինել ընդունելի: Չի կարող Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ փաստաթուղթ ստորագրվել Բաքվում: Դա կլինի Հայաստանի հանրապետության թե՛ քաղաքական շահերի, թե՛ քաղաքական արժանապատվության ոտնահարում:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հեռանկարի տեսանկյունը