Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ չունեն որեւէ դժգոհություն: Ասել է, թե ամեն բան հրաշալի է, եւ ընդդիմությունն է միայն փորձում վախ ներշնչել հասարակության շրջանում եւ հայտարարություններ է անում, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
Հրապարակ թերթը գրել է․ Կիրանց համայնքի բնակիչ Անդրանիկ Նազարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ այս իշխանությունների անամոթությունն արդեն այն աստիճան ակնհայտ է դարձել, որ ինքը երբեմն մտածում է` գուցե ծաղրո՞ւմ են հանրությանը՝ նման հայտարարություններ անելով։ «Գուցե իրենց նման մի քանի հոգի կան, որ իրենց համար ամեն ինչ լավ է ու իդեալական է նույնիսկ, բայց նորմալ մարդն ինչպե՞ս կարող է իրեն լավ, ապահով զգալ, երջանիկ զգալ, երբ իր հողերը հանձնվում են Ադրբեջանին: Եթե այդ ամենից իրենք գոհ են եւ կարծում են, որ սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ էլ են գոհ, ապա չարաչար սխալվում են, սահմանամերձ համայնքներում ապրող մարդիկ չեն կարող այս վիճակից գոհ լինել: Կիրանցում ոչ ոք գոհ չէ ստեղծված իրավիճակից: Բոլորս էլ իրար լավ ճանաչում ենք եւ վստահաբար կարող եմ ասել` չկա նման բան: Լկտի սուտ է, ինչպես իրենց ղեկավարն է լկտի սուտասան, այնպես էլ իրենք են` այդ հայտարարություններն անողները: Սրանք ոչ թե նման հայտարարություններով փորձում են ինչ-որ մարդկանց ինչ-որ բան համոզել, չէ` ուղղակի մեզ՝ բոլորիս, ծաղրում են: Ծաղրում են թե՛ կիրանցեցիներին, թե՛ ողջ հանրությանը: Եթե մարդն իր ունեցվածքը կորցնում է, ավելի ճիշտ` ողջ ունեցվածքն անցնում է թշնամի պետությանը, ինչպե՞ս կարող է գոհ ու երջանիկ լինել: Ադրբեջանը գիշեր-ցերեկ միայն երազում է Հայաստանը կործանելու մասին, եթե դա սրանց մոտ երջանկություն է առաջացնում, էլ ասելու բան չկա: Այն տեսակետները, որ կրակոցներ չկան, եւ մարդիկ դրանից երջանիկ են, ասեմ, որ չկա նման բան: Մեր ժողովուրդը միշտ էլ կրակոցների տակ է եղել, բայց բոլորս էլ գիտակցել ենք, որ այն, ինչ արվում է, արվում է երկիր պահելու, այլ ոչ թե հանձնելու համար: Տավուշը բավականին շատ զոհեր է տվել` թե՛ արցախյան առաջին եւ թե՛ երկրորդ պատերազմների ժամանակ: Ասել, որ կրակոց չկա, ու մարդիկ այդ փաստից երջանիկ են, նույնն է, որ մարդիկ երջանկանան ստրկանալուց: Ստրուկին էլ ոչ ոք չի սպանում, օգտագործում են, այսինքն` դա լավ բան է, կարեւորը` չեն սպանում, կարելի է նաեւ ստրուկ դառնալ: Ընդունենք, թե կրակոցներ չկան, հետո՞ ինչ: Կրակոցները դիրքերի ուղղությամբ էին, միայն 2015-ին էին կրակել բնակավայրերի վրա, Կիրանցը միշտ էլ դիրքային առումով պաշտպանված է եղել, ավելի տեսանելի գյուղերին էին խփում, Կիրանցին խփելը դժվար էր: Դիրքերից դիրք կրակում էին: Չեմ էլ ուզում դրանց ասածներն արդեն մեկնաբանել: Կիրանցից երեխաներ կան, որ հարեւան գյուղի դպրոց են գնում, այ, այդքան լավ է ամեն ինչ: Առաջ ամեն ինչ նորմալ էր, երեխաները հանգիստ դպրոց էին գնում: Հիմա դպրոց գնալն էլ է դարձել վտանգավոր: Նիկոլ Փաշինյանը, երբ առաջին անգամ եկավ Կիրանց՝ հանդիպման, ասաց, որ կամրջի հարցը կլուծի, անցավ որոշ ժամանակ, երկրորդ հանդիպմանը հրաժարվեց իր խոստումից, ասաց` ես նման բան չեմ ասել: Ասում էր` պետք լինի` երեք հատ կամուրջ կկառուցի, բա ի՞նչ եղան այդ կամուրջները: Սրանց ոչ մի բան չենք կարողանում ապացուցել, թույլ չեն տալիս տեսագրել իրենց ասածները, հետո մեզ սուտ են հանում: Սրանցից ո՞վ է գոհ, ես չգիտեմ: Գյուղ չկա, որ շուն չլինի, հնարավոր է մի քանի հոգի էլ լինեն, որ գոհ են: Ինչ-որ մեկը ներկայանում է սահմանամերձ գյուղի բնակիչ, ինչ-որ տարօրինակ մտքեր է արտահայտում, բայց ոչ մեկը չի իմանում` արդյո՞ք տվյալ անձը սահմանամերձ գյուղի բնակիչ է, թե՞ բերել են հատուկ, որ նման ելույթներ ունենա: Մենք ինչքան էլ մեջտեղներիցս ճղվենք, սրանց ստերը չենք կարող ապացուցել: Այնպիսի բաներ են խոսում, որ զարմանալի է, ես նման բան չեմ տեսել, որ մարդիկ այսքան թեւաթափ լինեն: Այ, հիմա աշնանացան պետք է արվեր, միշտ աշնանացան արել ենք, մեր ցորենն ու հացն ունեցել ենք պարտադիր, այս տարի ոչ մի բան չկա, լրիվ հիասթափված ենք, եթե դա լավ է այս իշխանության համար, ուրեմն լավ է, ասելու բան նրանց չունեմ էլ»,- նշեց մեր զրուցակիցը:
Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ղեկավար Վազգեն Ասատրյանն էլ, անդրադառնալով այն իշխանական տեսակետին, թե սահմանամերձ գյուղերում մարդիկ անխտիր գոհ են, ասաց. «Գոհ՝ ի՞նչ նկատի ունեն, անվտանգության մասին պետք է շտաբը մտածի, մեր տրամադրությունները հետեւյալն են․ ուղեղներս անջատած՝ ապրում ենք: Մեր համար ապրում ենք, էլի, ի՞նչ անենք: Մենք հարցեր լուծող չենք, պիտի պաշտպանության նախարարը լուծի այդ հարցը: Պարզ չէ՞, որ անհանգիստ ենք»:
Բաց մի թողեք
3 միլիոն դրամը փող չԷ՞․ Լուսանկար
Նարեկ Զեյնալյանը կնշանակվի Առողջապահության նախարար․ Լուսանկար
Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են