ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների (քոլեջների), կոնսերվատորիայի սան հանդիսացող 12-18 տարեկան պատանի երաժիշտները հնարավորություն ունեն 16 օրով մեկնել Դուբայ, որտեղ կարող են մասնակցել Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային (Middle East Classical Music Academy-MECMA):
«Փաստ» օրաթերթը գրում է. Խոսքը հետևյալ մասնագիտությունների մասին է՝ լարային (ջութակ, ալտ, թավջութակ), փողային (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն), դաշնամուր: «Կրթական ուղևորություն» դեպի ԱՄԷ Դուբայ քաղաք արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը: Ծրագիրն անցկացվելու է 2025 թ. ապրիլի 6-21-ը։
Հիմնադրամը Ակադեմիայի կազմակերպիչների հետ սերտ համագործակցելով` ստացել է աննախադեպ առաջարկ Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և դասատուների համար: Այսինքն, ծրագիրը նախատեսված է նաև երաժշտական կրթական հաստատությունների ուսուցիչների և դասախոսների համար՝ որպես պասիվ մասնակիցներ բոլոր վարպետության դասերին և դասախոսություններին։ Ծրագիրը կրթական հիանալի հնարավորություն է պատանի երաժիշտների, ուսուցիչների և երաժշտասերների համար 16 օր շարունակ ձեռք բերել միջազգային փորձառություն և մասնագիտական վերապատրաստում: Ծրագրի մասնակիցներին կընձեռնվի բացառիկ հնարավորություն անհատական վարպետության դասեր ստանալ հանրահայտ մի շարք երաժիշտներից, ինչպիսիք են՝ Ջուլիանո Մացոկանտեն (Իտալիա), Քորդելիա Հոֆեր-Թոյչը (Ավստրիա), Գիզա Լաքերը (Գերմանիա), Ջուզեպպե Ջիբոնին (Իտալիա), Թոմազո Բենչիոլինին (Իտալիա) և այլ հայտնի երաժիշտներ:
Հեղինակավոր InClassica 2025 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Դուբայի ամենահայտնի մշակութային վայրերից մեկում՝ Դուբայ Օպերայում, Ակադեմիայի մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվել 16 դասական շքեղ համերգների, որոնց հանդես են գալու հանրահռչակ Ֆրանց Շուբերտի ֆիլհարմոնիան (Իսպանիա), Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Ճապոնիա) և աշխարհահռչակ այնպիսի արտիստներ ու դիրիժորներ, ինչպիսիք են՝ Մարիա Դուենյասը, Միխայիլ Պլետնյովը, Մաքսիմ Վենգերովը, Գիլ Շահամը, Ֆաբրիցիո Մելոնին, Անդրեա Բատիստոնին և այլք։ Ի դեպ, հավելենք, որ մասնակիցներն ընտրվելու են մրցույթով, որը հաղթահարածները վճարելու են միայն ավիափոխադրման արժեքը, մնացյալ բոլոր ծախսերը հոգալու է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը: Նշենք, որ հայտերն ընդունվելու են մինչև 2024 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ։
Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանի հեռախոսը Հակակոռուպցիոնի քննիչները առգրավել են
Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները. mediahub.am
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է