Զվարճալի է ընդդիմադիր դաշտի որոշ սուբյեկտերի «գզվռտոցին» հետևելը՝ իշխանափոխության հերթական փորձի անհաջողության, դրանում այս կամ այն ընդդիմադիր ուժի մեղավորությունը մատնանշելու տեսքով։
Բայց է՛լ ավելի զվարճալի են հատկապես խորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչների փոխադարձ խայթոցները, ապաև «խայթված» մասի վրա «թրջոցներ» (կոմպրես) դնելու փորձերը, թե՝ որևէ տարաձայնություն չկա մեր մեջ, ամեն ինչ «գլատկի» է, ունենք մեկ օրակարգ, թիվ մեկ թիրախն ու թշնամին Նիկոլ Փաշինյանն է ու իրար «ջան ասել, ջան լսելով» գնում ենք դեպի պայծառ ապագա․․․կներեք՝ դեպի Փաշինյանի պաշտոնանկությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն, օրինակ, նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ դեմքին արհեստական ժպիտ քաշած ազդարարել է՝ իրենց և ՊՈՒ-ի միջև որևէ հակասություն չկա Փաշինյանին հեռացնելու հետ կապված առաջնորդի ընտրության հարցով, այսինքն՝ ամեն ինչ «օկ» է։ Մինչդեռ նախորդ շաբաթ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով ընդդիմության ներսում առկա խմորումների, իրար վրա «ջուր պզզացնելու» մասին հարցին, ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էր ուշագավ դիտարկում արել․ առանց անուններ նշելու, նա հիշեցրել էր 2018-ի հեղափոխության օրերն ու երեսով տվել իր ընդդիմադիր գործընկերներին այդ շրջանում նրանց ցուցաբերած վարքագիծը։
Թե՝ «ոմանք «Փաշինյանից ուրախ էին, արդեն նոր կոստյումներ էին առնում՝ նոր պաշտոնների համար, վիզիտկաներ սարքում․․․»։ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, հիշեցնենք, ոչ միայն միացան Սերժ Սարգսյանի՝ համաժողովրդական մերժմանը, այլև ՀՀԿ-ի մի քանի պատգամավորների հետ միաձայն կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուն։
Սերժ Սարգսյանի երիտկուսակցի այս անանուն կսմիթին պատասխանելով ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը փորձեց արդարանալ՝ վկայակոչելով 2018-ին դրսևորված «ժողովրդի արդար ցասումը», և որ ամենկարևորն է՝ չհերքեց, որ ընդդիմության ներսում կան խնդիրներ։ Բայց, ինչպես ասում են, «սլաքն» այլ ուղղությամբ տարավ․ «Կա ընդդիմություն, որը պայքարում է այս իշխանության դեմ, բայց և կա մի ավելի մեծ զանգված, որը բոլորից դժգոհում է, բոլորից, և ըտեղ են տեսնում իրենց արժևորումը։ Բոլորին սևացնեն, որ իրենք հրապարակ դուրս գան։ Անուններ չտամ, գիտեք ինձնից լավ՝ ովքեր են դրանք։ Այ այս ա խանգարում մեզ»։
Թե ում նկատի ուներ ՀՅԴ-ական պատգամավորը՝ կարելի է միայն ենթադրել, բայց նկատենք՝ հանրության պրոընդդիմադիր հատվածի մոտ կա ընկալում, որ իշխանափոխության «պռավալի» պատճառը հենց իրենք՝ նախկին նախագահներն են, որոնց գլուխները այդպես էլ չեն կարողանում «եփվել» ընդդիմադիր պայքարի «մեկ ընդհանուր կաթսայում»։
Մեկ այլ հատված էլ այն համոզմունքն ունի, որ քանի դեռ նախկին նախագահները քաղաքական հրապարակում են, երկրում իշխանափոխություն տեղի չի ունենալու, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մնալու է իր պաշտոնին, այլև եկող ընտրություններին վերարտադրվելու է։
Հարկ է նշել, որ արտախորհրդարանական ընդդիմության մեջ կան այսպես կոչված «լայթս» գործիչներ, որոնք «անաչառ դիտորդի» դիրքերից խոսելով հերթական փողոցային շարժման ձախողման պատճառների մասին, հատուկ ընդգծում են ԱԺ ընդդիմության վարքագիծը։ «Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն, օրինակ, նշում է «շարժման անդամների միջև կտրուկ անհավասարությունը»։ «Մեկը պայքարի ընթացքում տուն պահելու խնդիր ունի, կողքինը շարունակում է միլիոններ աշխատել այս իշխանության օրոք կամ նույնիսկ հետ, մեկը հայտնվում է բանտում՝ առանց փաստաբանի կամ ընտանիք պահելու տարրական միջոցների, մյուսները շարունակում են իրենց էլիտար կյանքը։
Հեղափոխության «եղբայրություն, հավասարություն» սկզբունքը գռեհկության աստիճանի խախտվում է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «սրբազան շարժման» համակիրն ու հաջորդ պատճառ որպես նշել «հարթակների, հրապարակի և Աժ խմբակցությունների աշխատանքային –մարտավարական աններդաշնակությունը»։ «Մի պահից սկսած՝ ԱԺ-ն ապրում է այլ իրականության մեջ, հարթակը՝ այլ, հրապարակը՝ լրիվ ուրիշ։ Չի կարող հարթակից հրապարակվել «Նեռը պետք է հեռանա» ուղերձը, իսկ ԱԺ-ում՝ համատեղ աշխատվել։ Հասարակությունն այս դիսոնանսը զգում է, ֆիքսում, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ․․․»։
Նշենք, որ հատկապես «Հայաստան» խմբակցությունը շատ ակտիվ է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանների ժամանակ, մասնակցում է նաև հանձնաժողովներում աշխատանքներին և փաստորեն, մեղադրվում է իշխանության հետ «աշխատելու» և իշխանության օրակարգը «լեգիտիմացնելու» մեջ։
Քանի որ խոսք բացվեց շարժումներից և դրանց ձախողումից, ապա հիշեցնենք՝ Դիմադրության շարժման օրերին Իշխան Սաղաթելյանը պնդում էր՝ եթե խորհրդարան վերադառնան, ապա միայն իրենց՝ սեփական օրակարգով։ «Խորհրդարան կվերադառնանք բացառապես մեր օրակարգով: Դա կլինի պաշտոնանկության գործընթաց կամ կլինի խորհրդարան մեր տարած գործընթացը։ Այլ պարագայում մենք չենք պատկերացնում մեր գործունեությունը խորհրդարանում: Մեր ընտրողների ցանկությունն այն չէ, որ գնանք խորհրդարան, զբաղվենք երկրորդական գործերով»,-մասնավորապես հայտարարել էր «ընդդիմության առաջնորդը»։ Այդ՝ «սեփական օրակարգը», փաստորեն, խորհրդարանի աշխատանքներին մասնակցելն է՝ ձեռքի հետ էլ պահանջելով իշխանության հրաժարականը, սակայն այդպես էլ ի վիճակի չլինելով իրագործել այն։ Ավելին՝ ընդդիմությունն իր գործունեությամբ չի կարողանում նաև ազդել իշխանությա՛ն օրակարգի փոփոխման վրա, առավել ևս՝ տապալել այն՝ առերեսվելով սեփական անպիտանության փաստին։ Անգամ ամիսներ առաջ՝ հունիսին, երբ «սրբազան շարժումը» դեռ ակտիվ էր, ընդդիմադիր երկու խմբակցությունները «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծ էին բերել, սակայն պետական-իրավական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ պետք է տեղի ունենար նախագծի քննարկումը, չբարեհաճեցին ներկայանալ։
Եվ դեռ այսքանից հետո, փաստորեն, Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ դեռ սպառված չեն իշխանությանը հեռացնելու հնարավորությունները։
Հ․Մ․
Բաց մի թողեք
Եթե Սարգսյանն ու Քոչարյանն էին «նորածին երեխայի»՝ ԼՂ-ի ծնողները, ապա ինչո՞ւ այդպես էլ չճանաչեցին իրենց «հայրությունը» կամ «մայրությունը»
«Պոզով-պոչով» այլանդակության մասին հայտնի էր դեռ շատ վաղուց՝ 2,7 միլիարդ դրամ, տասնյակ գույքեր
Բրիտանա-ադրբեջանական էներգետիկ ծրագրերում ինչ-որ «տեղապտույտ» է սկսվել