07/12/2024

Հայաստանում կներկայացվի եզակի՝ «պաստիչո» ժանրի «Լաբիրինթ» օպերան

Հայաստանում կներկայացվի աշխարհում նախադեպը չունեցող «պաստիչո» ժանրի «Լաբիրինթ» օպերան։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 28-ին, 29-ին, 30-ին համաշխարհային պրեմիերա է։

Միջազգային թիմի և տեղի պրոֆեսիոնալ մասնագետների ջանքերով կցուցադրվի օրիգինալ ներկայացում օպերային ժանրում՝ պոստմոդեռնիստական թատրոնի բոլորովին նոր ստեղծագործություն, որը լիովին նոր լիբրետոյի շնորհիվ մեկտեղում է Բախի, Մոցարտի, Ռոսինիի, Դոնիցետիի, Օֆենբախի, Գունոյի, Բիզեի, Չիլեայի, Շարպանտիեի, Սեն-Սանսի, Վերդիի, Կալմանի, Ջենկինսի և շատ այլ կոմպոզիտորների երաժշտությունը:

Լաբիրինթ․ ամենևին էլ պարտադիր չէ, որ այն կապված լինի հրեշ Մինոտավրոսի կամ հին եգիպտական տաճարների խճճված՝ ելքի որևէ հույսից զուրկ ուղիների հետ: Ընդհակառակը, երբեմն դրա անցումներում թափառելը կարող է վերակառուցել գիտակցությունը: Հենց դա էլ պատահում է իր դրամատուրգիայով և կոմպոզիցիայով եզակի՝ «պաստիչո» ժանրի «Լաբիրինթ» օպերայի հերոսների հետ։

Օպերայի մտահղացման և սցենարի հեղինակն Օլեգ Թումանովն է, ով որոշել է մինչև եվրոպական բեմերում ներկայացման հայտնվելն այն առաջինը ցուցադրել իր պատմական հայրենիքում։

«Ինձ համար շատ կարևոր է հատկապես Հայաստանում իրականացնել այս օպերայի բեմադրությունը։ Հայտնի է, որ հայ հանդիսատեսը շատ լավ ճաշակ ունի, և շատ խստապահանջ է։ Վստահ եմ, որ այս եզակի օպերան շատ կսիրվի հայ հանդիսատեսի շրջանում, հատկապես, որ մենք ներկայացնելու ենք վերջին 300 տարվա ընթացքում ստեղծված լավագույն օպերային արիաները»,-նշում է Օլեգ Թումանովը։

Նշենք նաև, որ հատուկ բեմադրության համար պատրաստվում են յուրահատուկ դեկորացիաներ և կոստյումներ, որոնք հանդիսատեսին կտեղափոխեն 17-րդ դար։

Օպերայի երաժշական ղեկավարը և դիրիժորը Դմիտրի Վոլոսնիկովն է, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը, խմբավարը՝ Նարինե Ոսկանյանը։ Ռեժիսոր-խորեոգրաֆն է Իվան Ֆադեևը, իսկ բեմադրող նկարիչը՝ Ելենա Սոլովյովան։ Նախագծի ղեկավարն է Անի Եփրիկյանը։

«Լաբիրինթ»-ում ներգրավված է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը։ Ելույթներով հանդես կգան աշխարհահռչակ Լա Սկալայի, Քովենթ գարդենի, Վերոնայի թատրոնի, Մետրոպոլիտեն օպերայի, ՌԴ Բոլշոյ և Մարիինյան թատրոնների օպերային երգիչները, որոնց թվում են բարիտոն Վասիլի Լադյուկը, տենոր Յարոսլավ Աբաիմովը, բարիտոն Արտյոմ Գարնովը, սոպրանոներ Քրիստինա Գոնցան, Մարիա Բույնոսովան և Քրիստինա Պոնոմարյովան, մեցցո սոպրանո Անաստասիա Լեպեշինսկայան։