26/12/2024

Հաշվեքննիչում գործազրկության սպասելիս․ Լուսանկար

Հաշվեքննիչ պալատի 30 աշխատողի դեկտեմբերից գործազրկություն է սպառնում։ Արդեն գրել ենք, որ Պալատի ղեկավարությունը բոլորին գրավոր զգուշացրել է, որ եթե չհամապատասխանեն «Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենքի պահանջներին, կկորցնեն աշխատանքը։

«Հրապարակ» թերթը գրում է. Նոր օրենքով, Պալատի բոլոր աշխատողները՝ կրտսեր հաշվեքննիչից մինչեւ Պալատի անդամ, պետք է ունենան աուդիտորի որակավորում։ Այսինքն՝ պետք է քննություն հանձնեն, եթե կտրվեն, կազատվեն աշխատանքից։ Այժմ 30 աշխատողից մոտ 15-ը գնում է դասերի, որոնք անցկացնում է Հայաստանի աուդիտորների միությունը: Քննությունը վճարովի է, երկուսը միասին արժեն մոտ 130 հազար դրամ։

Հաշվեքննիչում գործազրկության սպասելիս․ «Հրապարակ»

Բայց հարցը նույնիսկ գումարը չէ ու այն վճարելու դեպքում աշխատանքը պահպանելու երաշխիքի բացակայությունը, այլ այն, որ անձի իրավական վիճակը վատթարացնող դրույթը պատրաստվում են կիրառել նաեւ ստաժավոր հաշվեքննիչների նկատմամբ, ինչը Սահմանադրության խախտում է։ Այս հիմքով աշխատողների մի մասը դիմելու է դատարան։ Մյուսներն առայժմ դիմում են տարբեր ատյանների։ Օրինակ, Քաղծառայության խորհրդին՝ պահանջելով պաշտպանել իրենց իրավունքները։ Չէ՞ որ մինչեւ նոր օրենքի ընդունումն իրենք քաղծառայողներ են համարվել, իսկ «Քաղծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածը, որով սահմանված են քաղծառայողին աշխատանքից ազատելու պատճառները, երկաթյա պաշտպանություն էր ապահովում իրենց համար։ «Մենք՝ որպես քաղծառայողներ, պետք է պաշտպանված լինեինք օրենքով՝ անկախ քաղաքական ուժերի հարաբերակցությունից։ Բայց ի՞նչ հոդվածով են մեզ ազատելու։ Նոր օրենքով մենք այլեւս քաղծառայողներ չենք, իսկ թե ինչ ծառայողներ ենք ՝ հանրային, հատուկ, մաքսային եւ այլն, դասակարգված չէ»։

Քաղծառայության խորհրդում չեն կարողացել այս հարցին պատասխանել։ Մեր աղբյուրը հայտնում է, որ «Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենքի քննարկման փուլում Քաղծառայության խորհուրդը բացասական եզրակացություն է տվել նախագծին, բայց օրինագիծն ԱԺ է հասել առանց այդ եզրակացության։ «Եզրակացությունը հանել են փաստաթղթերի փաթեթից»,- ասում է մեզ դիմած պաշտոնյան։ Ինչո՞ւ է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը փորձում ամեն գնով, անգամ օրենքը փոխելով, ազատվել փորձառու կադրերից, որոնք տարիներ շարունակ մասնագիտացել են հանրային միջոցների օգտագործումը վերահսկելու գործում։ Գուցե նման մասնագետներ այսօրվա կառավարիչներին պետք չե՞ն, իսկ հանրային միջոցների ծախսն այլեւս անվերահսկելի՞ պետք է լինի: