22/11/2024

Արդյոք հաջողվե՞լ է առնվազն որոշակիորեն փարատել Իրանի կասկածները ․․․

Հայաստանի կառավարության հանրային կապերի տեղեկատվական ՊՈԱԿ-ը կազմակերպել է իրանյան վերլուծական մի շարք կենտրոնների փորձագետների հանդիպումը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի քաղաքականությունը, մասնավորապես ռեգիոնալ հարցերի առնչությամբ, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի առումով, ինչպես նաև եղել է հարցուպատասխան:

Սա ուշադրության արժանի հանգամանք է, թեև առաջին հայացքից կարող է թվալ պարզապես ընթացիկ աշխատանքային առօրյայի մաս: Հատկանշականության առաջին ասպեկտ պետք է դիտարկել այն, որ իրանյան ուղեղային կենտրոնների ներկայացուցիչները հանդիպում են Հայաստանի մի պաշտոնյայի հետ, որը այսպես ասած «բաց տեքստով» ասոցացվում կամ ընկալվում է որպես բավականին ընդգծված պրոարևմտյան գործիչ:

Հետաքրքիր է, իրանյան փորձագիտական հանրույթի ներկայացուցիչնե՞րն են ցանկություն հայտնել Հայաստանի քաղաքականության մասին լսել նրանից, թե Երևանում է կայացվել այդ որոշումը, ինչի միջոցով Հայաստանը գուցե փորձում է այսպես ասած «առաջին ձեռքով» հավաստիացնել, որ չի վարում այնպիսի արևմտյան կուրս, որից Իրանը կարող է ունենալ անհանգստանալու առիթներ:

Իսկ Իրանը, ինչպես հայտնի է, պարբերաբար արտահայտում է արտառեգիոնալ խաղացողների ներկայության հեռանկարի վերաբերյալ մտահոգություն ու անհանգստություն՝ այդտեղ ներկայության ամրապնդման միջոց տեսնելով Հայաստանի և Արևմուտքի կապերի սերտացումն ու ընդլայնումը:

Իրանյան ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների և Հայաստանի ԱԽ քարտուղարի հանդիպման միջոցով ստացվե՞լ է, հաջողվե՞լ է առնվազն որոշակիորեն փարատել կասկածներ և ձևավորել համոզում, որ Հայաստան-Արևմուտք սերտ հարաբերությունը Իրանի համար չի պարունակում ռազմավարական ռիսկեր, հետևաբար Իրանը կարող է Հայաստանը դիտարկել ոչ թե ռեգիոնալ մարտահրավերի աղբյուր, այլ գործընկեր, որի սերտ հարաբերությունն Արևմուտքի տարբեր դերակատարների հետ ոչ միայն չի լինի Իրանի համար վտանգ կամ մարտահրավեր, այլ նույնիսկ կարող է պարունակել նաև թեկուզ համեստ, սակայն հնարավորություններ: