27/12/2024

Բեռլինին կստիպե՞ն վերադառնալ «եվրոպական սուվերենության» ֆրանսիական օրակարգին

Գերմանիայում փլուզվել է կառավարող կոալիցիան: Կոալիցիայից դուրս են եկել Ազատ դեմոկրատները: Դրա համար նրանք մեղադրում են Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և, մասնավորապես կանցլեր Շոլցին՝ ասելով, որ Շոլցի մոտեցումները նույնիսկ մոտ չեն այն անհրաժեշտին, որ պետք է Գերմանիայի տնտեսական զարգացման համար:

Գերմանիայում կառավարող կոալիցիան կազմել էին Սոցիալ-դեմոկրատները, Ազատ դեմոկրատներն ու Կանաչները, որոնց ներկայացուցիչ է, օրինակ, արտգործնախարար Բերբոքը: Կոալիցիայի փլուզումը կարող է նշանակել արտահերթ ընտրություն: Գերմանիայի իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ նախագահի պաշտոնին Դոնալդ Թրամփի վերադարձի ֆոնին: Եվրոպայի կառավարող էլիտաներն այդ վերադարձի առնչությամբ մշտապես ունեցել են մտահոգություններ:

Փաստացի, վերադարձի պաշտոնական արձանագրումը զուգորդվում է Գերմանիայում կառավարող կոալիցիայի փլուզումով, ինչի հասունացումը, իհարկե, տեղի է ունեցել ժամանակի ընթացքում:

Չի բացառվում, որ Թրամփի հարցում հանգուցալուծումը բերել է արդեն քաղաքական որոշումների: Գերմանիայի կառավարող ուժերի համար լրջագույն ահազանգը հնչել է դեռևս հունիսին՝ Եվրախորհրդարանի ընտրությանը, երբ հաղթանակ էին տարել աջ ուժերը:

Մյուս կողմից, Գերմանիայում այդ պրոցեսները միանգամայն օրինաչափ էին, քանի որ երկիրը ուկրաինական պատերազմից հետո Եվրոպայում տնտեսապես ամենից շատ տուժածն է:

Երբեմնի եվրոպական տնտեսական հստակ, Եվրամիության լոկոմոտիվ գերմանական տնտեսությունը ուկրաինական պատերազմից հետո գտնվում է անկման փուլում, պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվել է տնտեսության ռեցեսիա՝ -1 տոկոսի չափով:

Էներգակիրների թանկացումն ու լոգիստիկ խնդիրները գերմանական արդյունաբերողներին ստիպել են հեռանալ կամ Չինաստան, կամ Միացյալ Նահանգներ: Երբ խոսքը վերաբերում է Եվրամիության տնտեսության լոկոմոտիվ երկրին, ապա այստեղ քաղաքական և տնտեսական տրանսֆորմացիաները ստանում են համաեվրոպական, հետևաբար միջազգային խոշոր նշանակություն:

Այդ իրադարձությունները Բեռլինին կստիպե՞ն վերադառնալ «եվրոպական սուվերենության» ֆրանսիական օրակարգին, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից անմիջապես հետո առաջ քաշեց Ֆրանսիան՝ փորձելով պայմանավորվել Գերմանիայի և Իտալիայի հետ, որոնք սակայն, կարծես թե, այդ նախաձեռնությունը դիտարկեցին որպես Ֆրանսիայի առաջնորդության հավակնություն և չարժանացրին սկզբունքային ուշադրության:

Թրամփը կամա, թե ակամա «կմիավորի՞» Եվրոպան Ֆրանսիայի շուրջ: