13/11/2024

Իրանի կողմից Թրամփի դեմ մահափորձը կանխվել է. ԱՄՆ արդարադատության նախարարություն

Իրանը պատրաստվել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Ինչպես հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործակալ Ֆարհադ Շաքերիին, ով մասնակցել է հանցագործության կազմակերպմանը, հեռակա մեղադրանք է առաջադրվել:

«Արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել իրանական ռեժիմի պաշտոնյային, ում հանձնարարվել է ղեկավարել հանցավոր գործընկերների ցանցը՝ իրականացնելու Իրանի պլանները՝ սպանելու իր թիրախներին, այդ թվում՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին»,- ասել է գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը:

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 7-ին Շաքերին ստացել է հանրապետականի սպանությունը ծրագրելու առաջադրանք: Ըստ Rbc.ru-ի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալը 51 տարեկան է և ենթադրաբար գտնվում է Իրանում: Նա մանուկ հասակում տեղափոխվել է ԱՄՆ, ավելի ուշ այնտեղ 14 տարվա ազատազրկման է դատապարտվել կողոպուտի համար և 2008 թվականին արտաքսվել։ Նա իր հանցավոր կապերն օգտագործել է հետախուզական աշխատանքում։

Ներկայացված մեղադրանքի հիման վրա գործակալին սպառնում է հարյուր տարվա ազատազրկում։