21/11/2024

Թուրքիայից 9 հազար 810 մարդ մուտք է գործել Հայաստան, 9 հազար 620-ը՝ ելք եղել

Գառնի-Գեղարդ, Դիլիջան, Սևան, Գյումրի, շրջայց Երևանում. ահա այն նախընտրելի վայրերը, որտեղ մեկնել կամ եղել են ՀՀ այցելած զբոսաշրջիկները զբոսաշրջային օպերատորների/զբոսաշրջային գործակալների կողմից կազմակերպված շրջագայությունների (տուրերի) շրջանակում։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակն ըստ այցելության վայրերի 2024թ. հունվար-հունիսին ունի հետևյալ պատկերը. Գառնի-Գեղարդ՝ 17 հազար 818 զբոսաշրջիկ, Դիլիջան՝ 8 հազար 322, Գյումրի՝ 6 հազար 431, Տաթև՝ 8 հազար 322, Սևան՝ 6 հազար 132, շրջայց Երևանում՝ 7 հազար 107 զբոսաշրջիկ, 9 955 զբսաշրջիկ էլ այցելել է Հայաստանի այլ վայրեր։ Զբոսաշրջիկների այցելած վայրերի թվում են նաև՝ Խոր Վիրապ՝ 5 հազար 813, Սաղմոսավանք՝ 3 հազար 196, Հաղպատ-Սանահին՝ 2 հազար 344, Նորավանք՝ 3 հազար 682 մարդ, ինչպես նաև Էջմիածին-Զվարթնոց, Ջերմուկ, Արենի, Ենոքավան, Ծաղկաձոր, Խնձորեսկ։ Ամենաքիչ թվով զբոսաշրջիկներ հաշվետու ժամանակաշրջանում այցելել են Օշական՝ 503 հոգի։

Նշենք, որ Վիճկոմիտեն հրապարակել է նաև 2024թ. հունվար-սեպտեմբերին մեր երկիր ելումուտի տվյալները։ Ըստ այդմ՝ մուտք է ունեցել 3 մլն 620 հազար 446 մարդ, ելք ունեցել 3 մլն 626 հազար 571-ը։ Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ է մուտք գործել մասնավորապես ՀՀ քաղաքացիություն ունեցող 1 մլն 571 հազար 846 մարդ, ելք ունեցել՝ 1 մլն 592 հազար 212-ը։ ՀՀ քաղաքացիներից հետո ելումուտի թվերի բարձր ցուցանիշով երկրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ 1 մլն 89 հազար 510 մարդ մուտք է գործել, 1 մլն 79 հազար 604-ը՝ ելք կատարել։

Հարևան Վրաստանից մեր երկիր է մուտք գործել 296 հազար 941, ելք կատարել՝ 292 հազար 237 մարդ, Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք ու ելք է կատարել համապատասխանաբար 159 հազար 118 և 158 հազար 828 մարդ։

ՀՀ մյուս հարևան երկրից՝ Թուրքիայից, այդ երկրի քաղաքացիություն ունեցող 9 հազար 810 մարդ մուտք է կատարել, 9 հազար 620-ը՝ ելք։