26/12/2024

Էրդողանը և Օզելը հրապարակային առճակատման ռեժիմում են, Ալիևն Էրդողանին ինչ-որ ազդա՞կ է հղում

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ հղելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:

Օզելն Ալիևին շնորհավորել է «հաղթանակի օրվա» կապակցությամբ և հիշեցրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բնորոշումը. «Ադրբեջանի հոգսը նաև մերն է, մերն է նաև նրա հաջողությունը» և վստահեցրել, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը թե՛ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, թե՛ սոցինտերնում մշտապես աջակցում է Ադրբեջանին:

Իր հերթին Ադրբեջանի նախագահն ասել է, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցության հետ եղել են տարաձայնություններ, բայց դրանք մնացել են անցյալում: Օզելը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վերահաստատվեն:

Այլ մանրամասնություններ պաշտոնական հաղորդագրությունը չի փոխանցում: Օզելը Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ է ընտրվել մեկ տարի առաջ: Համագումարից հետո նա մամուլին ասել է, որ առաջին ուղեւորությունը կկատարի Ադրբեջան և այդ մասին արդեն «նախագահ Ալիևին խնդրել է»:

Այդ այցը չի կայացել: Իսկ Օզել-Ալիև հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի իրավիճակում, երբ Թուրքիայի ներքաղաքական կյանքում լարվածություն է. իշխող «Արդարություն և զարգացումը» Ազգայնական շարժումը Ժողովրդա-հանրապետական կուսակցությանն անուղղակիորեն մեղադրում են քրդամետ ուժերին աջակցության մեջ:

Իրավիճակը հատկապես լարված է Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի շուրջ: Ձերբակալվել է Էսենյուրտի մունիցիպալիտետի ղեկավար Ահմետ Օզերը: Նա մեղադրվում է Քրդական բանվորական կուսակցության և նրա զինված խմբավորումների կապի մեջ: Օզերն այդ պաշտոնում ընտրվել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության աջակցությամբ:

Թուրքիայի ներքին կյանքում իշխող և ազգայնական կուսակցության համատեղ նախաձեռնությամբ ներդրվել է «ի՞նչ գործ ունի Մուստաֆա Քեմալի հիմնադրած կուսակցությունը քուրդ ահաբեկիչների հետ» հարցադրումը, որի քարոզչական ենթատեքստը չափազանց հեռուն տանող զարգացումներ է հուշում:

Այս իրավիճակում քեմալականների առաջնորդ Օզելն Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցի ի՞նչ շարժառիթներ է ունեցել: Ալիևն ինչո՞ւ է ընդառաջել նրա խնդրանքին, իրականում նրանք ի՞նչ հարցեր են քննարկել:

Օզել-Ալիև հեռախոսազրույցը կայացել է Բիշքեկում Էրդողան բանակցություններից երկու օր անց: Ալիևը կարո՞ղ է Օզել-Էրդողան բարդ հարաբերություններում միջնորդ լինել: Թուրքիայի իշխող կուսակցությունը քաղաքական օրակարգ է բերում սահմանադրական փոփոխությունների և նախագահի պաշտոնում Էրդողանի ևս մեկ ժամկետով ընտրության անհրաժեշտությունը:

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը մարտի 31-ի մունիցիպալ ընտրություններում հաղթել է: Այդ ռեսուրսը բավարա՞ր է, որպեսզի քեմալականները համապետական արտահերթ ընտրություններ պահանջեն և վերջ տան Էրդողանի քսաներկուամյա իշխանությանը:

Ամեն դեպքում, առնվազն հետաքրքիր է, որ Օզել-Ալիև շփում կայացել է ոչ այն փուլում, երբ նա Էդողանի հետ քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, և փորձագետները տպավորություն ունեին, որ ներքին հաշտություն է կայանում: Այսօր Էրդողանը և Օզելը հրապարակային առճակատման ռեժիմում են: Ալիևն Էրդողանին ինչ-որ ազդա՞կ է հղում, թե՞ կատարել է նրա պատվերը: