Մետրոյի «Սուրմալու» նոր կայարանի կառուցման, նախագծային աշխատանքների ձեռքբերման տեխնիկական առաջադրանքի նախագիծը մասնագիտական խմբի նիստում քննարկվել է հոկտեմբերի 17-ին: Որոշում է կայացվել, որ նախագիծը վերանայվի, վերամշակվի, լրամշակվի՝ ներառելով նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրություն անելու որոշակի բաղադրիչը:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով մրցույթ հայտարարելու գործընթացին:
Ըստ նրա՝ խնդիրը, որ դրվել է այս փուլում, նախագիծն արտաքին փորձագիտական համայնքին կամ միջազգային կառույցներին ուսումնասիրության և կարծիքների համար տրամադրելն է:
«Մեր լավագույն պատկերացումներով, եթե մինչև ամսվա վերջ մասնագիտական խմբի հաջորդ նիստը կայանա, և լրամշակված նախագիծը հաստատվի, մենք կգնանք արդեն մրցութային գործընթացի փուլին:
Ձեր հանձնարարությամբ (դիմում է քաղաքապետ Տիգրան Ավինյանին – խմբ.) նախնական բանակցություններ են տարվում նաև միջազգային կառույցների հետ ծրագրի հավանական ֆինանսավորման կապակցությամբ, և առաջիկայում արդեն նախապատրաստվում են տեղական այց, առաքելություն, որի ընթացքում հանդիպումներ կլինեն, և ծրագրի ավելի մանրամասն ուսումնասիրություն կարվի, որպեսզի բանակցությունները մտնեն ավելի դետալացված փուլ:
Զուգահեռաբար քննարկվում է նաև հանրային ներդրումային ծրագիրը, որպեսզի Կառավարության ընթացակարգերով ընթացք ստանա»,- զեկուցեց Անետա Բաբայանը:






Բաց մի թողեք
Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին. Ալիև
Արագածոտնի մարզի Ոսկեվազի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսը, «Infiniti»-ն ու «Լադա»-ն․ կա 7 տnւժած. Լուսանկար
Նոյեմբերի 17-ին Չեխիայի դեսպանությունը փակ կլինի. Լուսանկար