09/12/2024

Պուտինն ու Թրամփը «հոտոտել» են իրար

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո տեղի է ունեցել նրա և ՌԴ նախագահ Պուտինի առաջին հեռախոսազրույցը: Ըստ էության՝ այդ հեռախոսազրույցը, թերևս, հնարավոր է գնահատել «հետախուզական»:

Նրանք, իհարկե, շփվել են Թրամփի առաջին նախագահության շրջանում, սակայն կասկածից վեր է, որ «առաջին» և «երկրորդ» Թրամփները չեն լինելու նույնական:

Միևնույն ժամանակ, հազիվ թե խորքային առումով նույնը լինի Պուտինը՝ մինչև ուկրաինական պատերազմի մեկնարկը եղած ժամանակահատվածի համեմատ: Խոսքը, բնականաբար, այն մասին չէ, որ Թրամփն ու Պուտինը այլ մարդիկ են:

Պարզապես այլ են նրանց շուրջ եղած իրողությունները, հետևաբար այլ են մոտիվները: Ինչպես հայտնում է ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականը՝ հղում անելով զրույցի մանրամասներին ծանոթ աղբյուրի, քննարկվել է ուկրաինական խնդիրը, և Թրամփը Պուտինին հորդորել է չսրել իրավիճակը՝ հիշեցնելով Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության մասին:

Թրամփը, ըստ տեղեկության, նաև խոսել է այն մասին, որ Ուկրաինան պետք է պատերազմը կանգնեցնելու համար զիջի տարածքներ, օրինակ՝ Ղրիմը: Մեծ հավանականությամբ, հեռախոսազրույցի մանրամասների վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկություններն ավելի շատ շեղում են տեղի ունեցած խոսակցության հիմնական բնույթից և թեմայից, քան արտահայտում այն, թույլ տալիս դրա վրա կառուցել որոշակի դատողություններ: Ի վերջո, հնարավո՞ր է արդյոք պատկերացնել, որ Ռուսաստանին բավարարելու է հրադադարը, որի դեպքում Ուկրաինան հրաժարվում է միայն Ղրիմից: Իհարկե՝ ոչ:

Պարզապես անհամարժեք կլինի պատկերացնել, որ ներկայումս իր վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները պաշտոնապես ՌԴ մաս հռչակած Մոսկվան կարող է համաձայնել այդ տարածքները Ուկրաինային վերադարձնելուն: Դա չի կարող չպատկերացնել նաև ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփը և նրա թիմը:

Հետևաբար, եթե Թրամփը, պատկերացնելով դա, խոսում է Պուտինի հետ այդ մասին, ապա դա հազիվ թե լինի արժանահավատ: Ըստ այդմ՝ Թրամփն ու Պուտինը, ամենայն հավանականությամբ, խոսել են այլ բանի մասին:

Այո՛, Թրամփը կարող է նրան հիշեցնել Եվրոպայում ամերիկյան ռազմական խոշոր ներկայության մասին, ինչը, անկասկած, կարևոր պայման է այն քաղաքական սակարկության համար, որ ուկրաինական պատերազմը կանգնեցնելու հարցում պետք է տեղի ունենա Թրամփի և Պուտինի միջև: Անկասկած է, որ այդ հարցում երկու կողմն էլ առաջին հերթին հենվելու են այսպես ասած ուժային դիրքերի վրա: Սակայն այստեղ կան նաև այլ կողմեր, որոնք ուղղակի, թե անուղղակի «ներկա» են այդ մեծ առևտրում:

Դրանք առնվազն ՄԱԿ ԱԽ անդամ մշտական հնգյակի մյուս ներկայացուցիչներն են, բայց ցանկը դրանով չի սահմանափակվում, եթե հաշվի առնենք, օրինակ, որ Ռուսաստանն ուկրաինական պատերազմի հարցում բավականին սերտ կոոպերացիայի մեջ է այսպես ասած Գլոբալ հարավի երկրներից որոշների հետ:

Դա նշանակում է, որ Թրամփն ու Պուտինը լինելու են ուկրաինական պատերազմի դադարեցման հասնելու հարցում այսպես ասած հիմնական, բայց ոչ միակ «խոսնակները»: