26/12/2024

Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. փաստաթղթեր

«Բաց աղբյուրներում տեղադրված ինֆորմացիայի ուսումնասիրության արդյունքում «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Թավշյա հեղափոխության» թեժ օրերին այսօրվա ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը բեռնատար մեքենա է գնել:

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. Մինչ այդ փաստը մանրամասնելը տեղեկացնենք, որ Կոնջորյանը եզակի «չքայլած» հեղափոխականներից է, որը երիտասարդ տարիքում հասցրել է երեք կուսակցություն փոխել:

Կոնջորյանը «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության (ՀԺԱՄ) անդամ էր, որտեղից դուրս է եկել չբացատրված պատճառներով: Միայն հայտնի է, որ նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ էր, հասցրեց իր հարսանիքի քավոր դարձնել Էդմոն Մարուքյանին եւ քայլում էր դեպի լուսավոր ապագա: Այդ ճանապարհին նա, կարծես թե, այնքան էլ չէր հավատում իր քաղաքական ապագային, դրա համար, թերեւս, բեռնատար «Հունդայի» էր գնել, որպեսզի ինչ-որ գործունեություն ծավալեր: Բայց 2018-ից Կոնջորյանը նաեւ իր քավոր Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից էլ դուրս եկավ` տեղավորվելով իշխող թիմի ներսում: Եվ այդ ընթացքում նրա «բեռնատար» ավտոմեքենան 2022 թվականի հայտարարագրում դարձավ «մարդատար»: Ավելին՝ մարդատար ավտոմեքենան նա վաճառեց իր հարազատ եղբորը 3 միլիոն դրամով` նույն օրը եղբորից գնելով 9 միլիոն դրամ արժողության «Տոյոտա» մեքենան։

«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց կապ հաստատել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հասկանալու համար, թե հեղափոխության օրերին ինչ խառը առք-վաճառքով է նա զբաղված եղել, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան»: